«Թշնամին առանց տանկերի կգա Երևան. Հայաստանին սպասվում է Ստամբուլի հայկական համայնքի հեռանկար». Դավիթ Ջամալյան

«Ժողովրդի այն հատվածը, որը կրկին գնացել և քվե է տվել սրանց, արժանի է, որ իրեն հերթական անգամ մոլորեցնեն: Ի՞նչ դրական ազդակ կարող է լինել թշնամուց: Չկա և չի կարող լինել: Այս թրքացածների ամբոխն իշխանության է բերվել շատ հստակ աշխարհաքաղաքական խնդիր լուծելու նպատակով՝ ամեն գնով «կարգավորել» Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունները՝ զիջելով ամեն ինչ, ինչ նրանք պահանջում են, և մեկընդմիշտ փակել մեր պահանջատիրության, հայրենատիրության էջը»,- 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը:

Հիշեցնենք, որ կառավարության վերջին նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը դարձյալ խոսել էր Թուրքիայի կողմից եկող դրական «ազդակների» մասին՝ նկատելով, որ Հայաստանի հետ հարաբերությունների հարցին հրապարակային անդրադարձ է կատարել Թուրքիայի նախագահը.

«Այդ հայտարարություններում մենք տեսնում ենք Հայաստան-Թուրքիա հարաբերությունները կարգավորելու, հայ-թուրքական երկաթուղին և ճանապարհները վերագործարկելու մասին խոսելու հնարավորություն, և մենք պատրաստ ենք նման խոսակցության, որը վերը նկարագրված ֆոնին կարող է ավելի լայն համատեքստ ստանալ։ Մեծ հաշվով, խոսքը մեր տարածաշրջանը՝ արևելքն արևմուտքին, հյուսիսը հարավին կապող խաչմերուկ դարձնելու մասին է»:

Դավիթ Ջամալյանը նկատեց՝ գործող իշխանությունները գնում են այն սցենարով, ինչի համար եկել են իշխանության.

«Մոլորեցնող միֆ են ստեղծում հանրային ընկալումներում, որպեսզի թուրքական «Բայրաքթարը» փոխարինվի Էրդողանից եկող ինչ-որ դրական ազդակներով, որոնք չկան և չեն կարող լինել: Եթե այս սցենարը կյանքի է կոչվում, այդ հեքիաթը՝ հյուսիս-հարավ, արևմուտք-արևելք կապող միջանցք, և այն, դա շատ միամիտ մարդկանց համար է, իսկ իրականությունը լինելու է հետևյալը՝ եթե այս իշխանությունն այնքան հարատև լինի, որ հասցնի վերջնական փաստաթղթեր ստորագրել Թուրքիայի և Ադրբեջանի, ապա ինչ-որ պահից հետո գերագույն նպատակն է վրա հասնելու՝ ռուսական բազան այստեղից դուրս հանելը: Եթե իրենց ընկալումներով այլևս վտանգ Թուրքիայից չի բխում, ռուսական բազան այստեղ ի՞նչ պետք է անի: Այդ հարցը պետք է իրենք դնեն, որից հետո գնալու է Հայաստանի էրմենիստանացման պրոցեսը: Թուրքիան իսկապես շատ մեծ ներդրումներ է անելու այստեղ, որովհետև այստեղ զուտ տնտեսական շահի խնդիր չէ. այնտեղ, որտեղ կա թուրքական կապիտալ՝ կա թուրքական պետության շահը: Թուրքական կապիտալը միշտ ծառայեցվում է թուրքական աշխարհաքաղաքական շահերին: Այստեղ ինչ-որ բիզնեսներ կբացվեն, դրա անվան տակ այստեղի աշխատատեղերում կտեղավորվեն թուրքերը, տեղական արտադրությունը ուղղակի կմեռնի: Արտագաղթը կընդունի զարհուրելի տեմպեր, որոշ ժամանակ հետո մենք մեր երկրում կլինենք փոքրամասնություն»:

Փորձագետի գնահատմամբ՝ երկրորդական է, թե ինչ մոտիվացիայով են ՀՀ իշխանությունները գնում այդ քայլերին.

«Մեծ թուրանի գաղափարը բրիտանական էլիտայի համար այն գործիքն է, որով նա պետք է հարվածի Ռուսաստանին: Հիմա Թուրքիան իր ինքնուրույն խաղն է խաղալու, նա այստեղ իր շահերն ունի, նա այստեղ հայկական գործոնը պետք է զրոյացնի: Հայաստանում, իհարկե, հայեր կմնան՝ Ստամբուլի հայկական համայնքի հեռանկարով: Առանց տանկերի իրենք կգնան Երևան, ինչպես Ալիևն էր ասում: Մեր ժողովրդի առողջ, սթափ մտածող հատվածը, որը մեծամասնությունն է կազմում, պետք է պատրաստ լինի ցանկացած պահի իր հատու խոսքն ասել և հեռացնել սրանց: Հանրության շրջանում կա ընդվզման և բողոքի շատ մեծ պոտենցիալ, հանրության զգալի մասը ձայն չի տվել սրանց, և ընդամենը պետք է կազմակերպել հանրությանը: Ես վստահ եմ, որ մեր պետականակենտրոն ուժերն իրենց ասելիքը կասեն առաջիկայում»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս