«Միանշանակ խնդիրը պետք է լուծվի Երևանում՝ դավաճանը նստած է Երևանում». Աշոտ Անդրեասյան
Իշխանություններն արդեն բացահայտ ցույց են տալիս, թե ինչու են 2018 թվականին եկել իշխանության։ Նրանք միսիա ունեն՝ անելու այն, ինչ նրանց կթելադրի Թուրքիան։ 168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում խոսելով Տավուշում շարունակվող գործընթացների մասին, ասաց ՀՀԿ ԵԿ փոխնախագահ Աշոտ Անդրեասյանը։
Աշոտ Անդրեասյանի գնահատմամբ՝ այսօր տեղի է ունենում պարադոքսալ մի երևույթ, երբ իշխանություններն իրենց մանիպուլյացիաներով վայնասուն են բարձրացրել, թե ով իրենց դեմ է, «ռուսի ագենտ» է կամ «5-րդ շարասյան» անդամ։ Այսինքն՝ ըստ այս մարդկանց, ով Նիկոլ Փաշինյանին դեմ է, ուրեմն՝ «ռուսի ագենտ» է։
Մայիսի 7-ին Մոսկվայում տեղի է ունենալու ՌԴ նախագահ Պուտինի երդմնակալությունը, առայժմ հայտնի չէ, թե Նիկոլ Փաշինյանը մասնակցելո՞ւ է այդ արարողությանը, թե՞ ոչ: Իհարկե, համացանցում որոշ լուրեր տարածվեցին, թե չի մասնակցելու:
Մեր զրուցակիցը հիշեցրեց, որ ընդամենը մի քանի ամիս առաջ Նիկոլ Փաշինյանը մասնակցել էր Թուրքիայի նախագահի երդմնակալության արարողությանը:
«21-րդ դարում, եթե ՀՀ ղեկավարը գնում է Էրդողանի երդմնակալության արարողությանը, ով ֆինանսավորել է Ադրբեջանին՝ մորթելու քո եղբայրներին ու վերցնելու քո հողը, դե, եթե այս տրամաբանությամբ ենք նայում՝ ապա Նիկոլ Փաշինյանն էլ թուրքի ագենտ է։ Ես, ընդդիմադիրները կամ Բագրատ Սրբազանը որևէ գործողությունից առաջ որևէ ռուսի հետ չենք հանդիպում, որ մեզ ուղղորդեն, իսկ Նիկոլը թուրքի հետ խոսում է ու մեր հողը տալիս է թուրքին։ Մենք մեր սուրբ հողի համար ենք պայքարում։ Նիկոլ Փաշինյանը ՀՀ պատմության ամենատգետ, խեղաթյուրված, Աստծուն ու եկեղեցուն դեմ գնացող ամենաամոթալի ղեկավարն է։ Տարբեր դարերում մենք ունեցել ենք դավաճան, բայց որևէ դավաճան Նիկոլի նման չի եղել։
Այսօր այն հայը, ով Նիկոլ Փաշինյանի դեմ չի պայքարում, կողմ է, որպեսզի առաջ գնան թուրքի շահերը։
Մենք պայքարում ենք մեր հողի համար, իսկ Նիկոլ Փաշինյանը՝ իր շահերի ու սեփական աթոռի»,- նշեց Աշոտ Անդրեասյանը։
Նրա բնորոշմամբ՝ սկիզբ առած պայքարը գոյաբանական է, կա՛մ հայ ժողովուրդն ու Հայաստանը պետք է լինեն, կա՛մ Նիկոլ Փաշինյանը։ Ավելին, 2018 թվականին Հայկ Մարությանը, երբ հայտարարեց սևերի ու սպիտակների պայքարի մասին, սևեր ասելով՝ նկատի ուներ հենց իշխանությանը, քանի որ իշխանությունն է պայքարում հայրենիքի, եկեղեցու դեմ։
«Նիկոլ Փաշինյանն է սևը, ստախոսն ու չարը, բայց բարին չարին միշտ հաղթում է, և դա պատկերացնում եմ այնպես, ինչպես հիմա տեղի է ունենում՝ այս պայքարով։ Նիկոլը չի որոշում մեր սահմանները, մեր սահմանները որոշվել են մեր զինվորների արյամբ։ Պետք է պայքարել ու տարբեր անհնազանդության ակցիաներ անել, տարբեր տեղերում ու տարբեր միջոցներով։ Սա միայն իմ կամ ՀՀԿ-ի հայրենիքը չէ, այլ բոլոր հայերի, այն բոլոր հայերի, որոնք խաբվեցին 2018 թվականին և աջակցեցին Նիկոլ Փաշինյանին։ Սա լավ առիթ է բոլորի համար՝ ուղղելու 2018 թվականի իրենց սխալը:
Անցել է այն ժամանակ, երբ նախկիններին մեղադրելով՝ կարող էին իշխանություն պահել, ժողովրդի 80 տոկոսն այս թեզն արդեն լուրջ չի ընդունում։
Միանշանակ, խնդիրը պետք է լուծվի Երևանում: Դավաճանը նստած է Երևանում՝ պատգամավորից մինչև մաքրուհի պետք է գիտակցեն, որ սա գոյաբանական պայքար է»,- ընդգծեց Աշոտ Անդրեասյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում