ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովը կառավարությանը կոչ է արել ԼՂ-ում մշակութային օբյեկտների պաշտպանության համար ֆինանսավորում հատկացնել

Միացյալ Նահանգների Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովը (USCIRF) 2024 թվականի տարեկան իր զեկույցում կոչ է անում կառավարությանը ֆինանսավորում հատկացնել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությանը և Բաքվում ԱՄՆ դեսպանատանը՝ Լեռնային Ղարաբաղում և հարակից տարածքներում պաշտամունքի վայրերի և այլ կրոնական կամ մշակութային օբյեկտների վերականգնման, պահպանման և պաշտպանության համար:

Զեկույցում ԱՄՆ կառավարությանը խորհուրդ է տրվում Ադրբեջանը ներառել «հատուկ մտահոգություն առաջացնող երկրների» ցանկում՝ կրոնական ազատության համակարգված, շարունակական և աղաղակող խախտումների համար, ինչպես սահմանված է միջազգային կրոնական ազատության մասին օրենքում (IRFA):

Հրապարակված զեկույցում ընդգծվում է, որ 2023 թվականին Ադրբեջանի կառավարությունը շարունակել է սպառնալիք ներկայացնել Լեռնային Ղարաբաղում և նրա շրջակայքում գտնվող կրոնական օբյեկտների համար:

Զեկույցը հիշեցնում է, որ Ադրբեջանում կրոնների հետ աշխատանքի պետական պաշտոնական կոմիտեի նախագահ Մուբարիզ Գուրբանլին կոչ էր արել Հայ Առաքելական եկեղեցու հոգևորականներին լքել Դադիվանքը՝ կեղծ պնդում անելով, թե նրանք (խմբ․ Հայ Առաքելական եկեղեցու հոգևորականները) որևէ առնչություն չունեն այդ կրոնական օբյեկտի հետ:

Տեսանյութեր

Լրահոս