Հայաստանը տարածաշրջանային ապաշրջափակումն իմաստավորելու մեկ հնարավորություն ունի
Թեհրանը մտադիր է առաջիկայում ավարտին հասցնել «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի վերջին հատվածն իր տարածքում։ Այս մասին հայտարարել է Մոսկվայում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին։
«Վերջին հատվածը Ռեշտ-Աստարան է։ Հույս ունենք, որ «Հյուսիս-Հարավ» միջանցքի մնացած հատվածն ավարտին կհասցվի կարճ ժամանակում»,- Գորչակովի անվան հանրային դիվանագիտության աջակցման հիմնադրամի կազմակերպած միջոցառման ընթացքում ասել է իրանցի դեսպանը։ «Հյուսիս-Հարավը» 7200 կմ երկարություն ունեցող մուլտիմոդալ երթուղի է Սանկտ Պետերբուրգից մինչև Մումբայ (Հնդկաստան) նավահանգիստ։ Այն Սուեզի ջրանցքով Եվրոպան, Պարսից ծոցի ու Հնդկական օվկիանոսի երկրները միացնող ծովային ճանապարհի այլընտրանքային ճանապարհ է։
Միջազգային տրանսպորտային միջանցքի երեք երթուղի գոյություն ունի. Անդրկասպյան (երկաթուղիների և նավահանգիստների օգտագործմամբ), արևմտյան և արևելյան (ցամաքային)։ Հայաստանին հետաքրքրում է միջանցքի արևմտյան ճյուղը՝ Աստրախան-Մախաչկալա-Սամուր, ապա Ադրբեջանի տարածքով մուտք դեպի Իրան: Կամ Սամուրից Ադրբեջանի և Հայաստանի տարածքով դեպի Իրան՝ Ջուլֆա անցակետով: Իրանից դեպի Ռուսաստան ճանապարհի տրանզիտային երկիր դառնալու համար որպես մրցակիցներ հանդես են գալիս Հայաստանն ու Ադրբեջանը: Հյուսիս-Հարավ երկաթուղային ճանապարհի մաս կազմելու համար Հայաստանը պետք է երկաթուղային կապ ունենա Իրանի և Ռուսաստանի հետ: Հայկական երկաթուղիները կապ ունեն Վրաստանի երկաթուղիների հետ, փակ է աբխազական երկաթուղին, որը կկապեր Հայաստանի և Ռուսաստանի երկաթուղիները։
Դեռ մայիս ամսին ՀՀ կատարած այցից առաջ Իրանի ճանապարհների և քաղաքային զարգացման նախարար Մոհամմադ Էսլամին ասել էր, որ «Հյուսիս-Հարավ» միջանցքի մի մասի համար հայկական երթուղու օգտագործումը հիմնական խնդիրներից մեկն է, որը կքննարկվի Իրանի և Հայաստանի պաշտոնատար անձանց միջև ՀՀ այցի ընթացքում։ Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ նախատեսվող ապաշրջափակումը Հայաստանի համար իմաստ կարող է ունենալ միայն մեկ պարագայում, եթե Հայաստանը կարողանա տարանցիկ երկիր դառնալ վերոնշյալ իրանական հաղորդակցական ծրագրերում, այլապես Հայաստանը լինելու է թյուրքական շահը և թյուրքական հաղորդակցական ուղիներին տարածաշրջանում սպասարկող երկիր, որն ամփոփված է ներկայումս, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցք ծրագրում։
ՀՀ ԱԺ-ում ընդդիմադիր պատգամավորները, մասնավորապես` «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչներ Արմեն Գևորգյանը, Արթուր Ղազինյանը խոսում են այս ծրագրերում հայկական շահի մասին։
Արմեն Գևորգյանն օրերս իր ԱԺ ելույթում նշել էր՝ Հայաստանը պատմական հնարավորություն ունի հյուսիս-հարավ հաղորդակցման միջանցքին մաս դառնալու` Քաջարանի թունելի կառուցման ճանապարհով, ինչպես նաև ուժերի լարումով անցնել գործնական քայլերի՝ Իրանի հետ ազատ առևտրի ռեժիմն ակտիվացնելու ուղղությամբ: Նա շեշտել էր ամենակարևորը՝ անգամ ճանապարհների ապաշրջափակման դեպքում կարելի է ձևավորել Արցախի և Հայաստանի շահերի համար նպաստավոր օրակարգ, օրինակ, խնդիր դնել Հայաստանը դարձնել տարանցիկ երկիր:
Ղազինյանն էլ ասել էր՝ եթե հիմա չսթափվենք, ապա Հյուսիս-Հարավ ճանապարհը կանցնի ոչ թե ՀՀ-ով, այլ Ադրբեջանով։
«Երբ մենք խոսում ենք հաղորդակցությունների մասին, մենք պետք է հասկանանք, թե պատրա՞ստ է արդյոք Վրաստանը միանալ Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքին այն երթուղով, որը մենք ենք ուզում:
Արդյոք մենք հնարավորություն կունենա՞նք դեպի Աջարիա, դեպի Փոթի ճանապարհ կառուցել՝ հաշվի առնելով, որ Թուրքիան այնտեղ լուրջ ազդեցություն ունի, թե՞ Վրաստանը կնախընտրի աշխատել Բաքվից եկող երթուղու վրա: Այլ հարց է Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի տարածքային պահանջները: Եթե նայեք քարտեզին, դրանք կապված են երկու ռազմավարական ճանապարհների՝ Տիգրանաշենի հետ, որը Երևանը կապում է Մեղրիի հետ, և, այսպես կոչված, «տավուշյան անկլավների» հետ, որոնք Հայաստանը կապում են Վրաստանի հետ»,- ասել էր Ղազինյանը:
Իհարկե, սրանք Հայաստանի Հանրապետության ապագայի համար ռազմավարական և կենսական նշանակության հարցեր են, որոնց պատասխանը, թերևս, որևէ մեկը չունի կամ չի հայտնում, սակայն միանշանակ է, որ Հյուսիս-Հարավ ծրագիրը բաց թողնելը Հայաստանի համար ճակատագրական կարող է դառնալ։
168.am-ի հետ զրույցում իրանցի վերլուծաբան Կայհան Բարզեգարն ասաց, որ ապաշրջափակման մասին բանակցությունների հանրայնացումից հետո Իրանը մեծ թափով աշխատել է իր շահերին համապատասխան երթուղիների հարցը հայկական կողմի հետ քննարկելու համար։
Ըստ նրա, քննարկումներ կարծես ընթանում են։ Սակայն ողջ գործընթացի հաջողությունը, վերլուծաբանի կարծիքով, կախված է ինչպես կողմերից, նրանց այլ պայմանավորվածություններից, այնպես էլ տարածաշրջանային ու ավելի մեծ խաղացողներից, մասնավորապես Թուրքիա, Ռուսաստան, ԵՄ, ԱՄՆ, Չինաստան, Վրաստան։
«Ավելորդ է հիշեցնել, որ ՀՀ-ի հետ և ՀՀ-ի միջոցով կապը Վրաստանի և Եվրոպայի հետ բխում է Իրանի շահերից և անվտանգությունից, սակայն ինչ-ինչ պատճառներով կողմերն անընդհատ «քնեցրել» են այս պլանները։ Սա բխում է նաև Արևմուտքի շահերից և նաև այն երկրների, որոնք պատրաստվում են ներդրումներ կատարել այս ծրագրերում։
Հասկանալ, թե ներկայումս ինչ որակի և խորության են բանակցությունները մեր երկրների միջև, դժվար է, քանի որ երկու երկրներում էլ բարդ ընտրական գործընթացներ տեղի ունեցան, Իրանի դեպքում դա ավարտվեց իշխանափոխությամբ, նոր իշխանությունը երկրի կառավարումը ստանձնում է ներքին բարդ սոցիալ-տնտեսական խնդիրների առկայության դեպքում, քիչ չեն նաև տարածաշրջանային և միջազգային խնդիրները, որոնցում Իրանն այնուամենայնիվ խաղաղ և բանակցային գործընթացների կողմնակիցն է։ Բայց գոնե դիվանագիտական մակարդակով Իրանն իր ուղերձները հասցնում է պոտենցիալ գործընկերներին՝ ձևակերպելով իր շահերն այս ռեգիոնում։
Կարծում եմ՝ ավելորդ է նաև նշել, որ Հայաստանի հետ կապված ծրագրերը երկրում նոր իշխանությունների գալով չեն փոխվելու, հայ-իրանական քաղաքական, տնտեսական, առևտրային օրակարգն ընդհանուր առմամբ անփոփոխ է, տարածաշրջանը փոխվում է արագորեն, և Իրանը գիտակցում է, որ այդ ամենին արագ չարձագանքելու դեպքում տուժելու են իր շահերը»,- ասաց վերլուծաբանը։
Վերջինիս խոսքով, Իրանն իր «տնային աշխատանքը» կատարում է, կարևոր է նաև այն, թե ինչպիսի առաջնահերթություններ կսահմանի և ինչպիսի «տնային աշխատանք» կիրականացնի Հայաստանը, որը գտնվում է հետպատերազմյան, բայց ոչ լիովին խաղաղ փուլում, երբ դրան զուգահեռ տարածաշրջանային խաղացողները այլ ծրագրեր ևս ցանկանում են իրականացնել։ «Սրանք մեծ և բարդ հարցեր են, հուսանք, որ մեր երկրները կկարողանան ճիշտ աշխատել միմյանց և գերտերությունների հետ»,- ասաց նա։