«Երկաթուղին, ենթադրաբար, անցնելու է Նախիջևանով, Մեղրիով, չի բացառվում նաև՝ Իջևանով». Գնել Սանոսյան

Կառավարության նիստից հետո լրագրողները Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանին հիշեցրել են Նիկոլ Փաշինյանի՝ նախընտրական շրջանում արած հայտարարությունը, թե «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը» պետք է վերադարձվի ժողովրդին, երբ ընկերության սեփականատերերի մեջ կան նաև օտարազգի ներկայացուցիչներ, ինչը ենթադրում է խնդիրներ միջազգային գործընկերների հետ:

«Ուրիշ բան է քրեական գործը, ուրիշ բան են խախտումները, և եթե կան խախտումներ, մարդիկ պետք է պատժվեն: Ուրիշ բան է, որ պետությունը դրան զուգահեռ քայլեր է իրականացնում այն համայնքներում, որոնք թիրախային, ազդակիր համայնքներ են: Դրանով պետությունը ցույց է տալիս՝ իրավական կողմը՝ իրավական կողմ, քրեական կողմը՝ քրեական կողմ, բայց ես նաև վարում եմ այնպիսի քաղաքականություն, որ տարածքային համաչափ զարգացում ունենանք»,- նշեց նա:

Սանոսյանը խուսափեց իր դիրքորոշումը հայտնել Ամուլսարի շահագործման վերաբերյալ։

«Թույլ տվեք այդ մասին հիմա չխոսել: Ես դեռ չեմ հասցրել Ամուլսարի հետ կապված մանրամասներին ծանոթանալ»,- շեշտեց նա:

Պնդմանը, որ դրա շուրջ երեք տարում իրադարձություններ են տեղի ունեցել, և կարելի է դրանց հիման վրա կարծիք հայտնել, նորանշանակ նախարարը նշեց, որ հանքարդյունաբերության ոլորտում, ընդհանուր առմամբ, մի շարք հարցեր պիտի վերանայվեն:

«Ակնհայտ է, որ բնական ռեսուրսները, հատկապես՝ մետաղական, մեր երկրի գլխավոր հարստություններից են, և մենք արդի աշխարհում չենք կարող չօգտագործել մեր տնտեսական հզորությունը մեծացնելու համար: Բայց կարևոր է հաշվի առնել նաև բնապահպանական, անվտանգային մի շարք հարցեր, որովհետև կարող է դրա վնասը բավականին մեծ լինել»,- նշեց Սանոսյանը:

Հարցին՝ վարչապետի կողմից ստորագրվելիք փաստաթղթի դեպքում M4 ճանապարհահատվածի զգալի հատվածի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելու պարագայում կա՞ արդյոք հանձնարարական այլընտրանքային ճանապարհ ունենալու, Սանոսյանը բացասական պատասխան տվեց՝ ասելով, որ դեռ նման հանձնարարական չունեն, որովհետև այդ ոլորտում դեռ բազմաթիվ հստակեցումներ պիտի լինեն:

Հակադարձմանը՝ մենք մեզ համար հասկացե՞լ ենք՝ ինչ ասել է՝ տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակում, որտեղ ինչ ենք կառուցելու, որովհետև Ադրբեջանը խոսում է միջանցքի մասին, Սանոսյանը պատասխանեց.

«Տրանսպորտային ուղիների ապաշրջափակումը վերաբերում է 2 երկրներին, այսինքն, երկու երկրները համաչափ պիտի ապաշրջափակեն տրանսպորտային ուղիները: Առանց ենթակառուցվածքների կառուցման հնարավոր չէ ունենալ ապաշրջափակում: Ունենք հատվածներ, որտեղ երկաթուղու նախկին ցանցը չկա, ենթադրաբար՝ նույն ուղիով է այն վերականգնվելու: Բոլորիս հայտնի է՝ երկաթուղին անցնում է Նախիջևանով, Մեղրիով, խորհրդային տարիներին եղել է նաև Իջևանի ուղղությամբ, տարածաշրջանում խաղաղություն լինելու դեպքում, ենթադրաբար, Իջևանով էլ կարող է անցնել»:

Լրագրողների հարցին՝ դեմարկացիայի և դելիմիտացիայի արդյունքում ունենալո՞ւ ենք տարածքային նոր զիջումներ, Սանոսյանն ասաց, որ դեմարկացիան և դելիմիտացիան բավականին երկար տևող գործընթաց է, և չգիտես ինչու խոսում ենք զիջումների մասին, բայց չենք խոսում նրա մասին, որ դրա արդյունքում կարող ենք մեր որոշ տարածքներ վերադարձնել:

«Մենք խոսում ենք բոլոր տարածքների մասին, բացի Արծվաշենից, ես առաջինը Արծվաշենի մասին կխոսեի»,- շեշտեց Գնել Սանոսյանը:

Դիտարկմանը՝ ինչպե՞ս է պատկերացնում Արծվաշենի վերադարձը, երբ աշխարհագրական այլ դիրքում է այն, Սանոսյանը հարցին հարցով պատասխանեց. «Ինչո՞ւ է թվում, թե Տիգրանաշենի մասին անընդհատ կարելի է խոսել, իսկ Արծվաշենի մասին՝ ոչ: Եթե աշխարհագրական դիրքով նայենք, բավական նման են»:

Սանոսյանը, սակայն, այդպես էլ հստակ չասաց՝ Արծվաշենի դիմաց Տիգրանաշե՞նն ենք պատրաստվում հանձնել:

Տեսանյութեր

Լրահոս