«Պապանձվում եմ․ բառ չեմ գտնում ասելու։ Ես սարսափում եմ այն իրականությունից, որտեղ․․․»
«Խնդրե՛ք, և Աստծուց կտրվի ձեզ, փնտրե՛ք, և կգտնեք, բախե՛ք, և կբացվի ձեզ համար, որովհետև, ով խնդրում է, առնում է, ով փնտրում է, գտնում է, և ով բախում է, բացվում է նրա առաջ» (Ղուկաս ԺԱ 9-10):
Ուշ գիշեր է, պառկել եմ քնելու, բայց ֆեյսբուքյան անհանգիստ լրահոսից չեմ կարողանում կտրվել (ես մենակ չեմ այս գործում, գիտեմ, բայց ինձ անտանելի մենակ ու անօգնական եմ զգում)։ Վատ լուրեր, վատ լուրեր, վատ լուրեր… Անհանգստության ու ափսոսանքի այլևս անտանելի ալիքներ, որ գալիս ու ողողում են ամեն ինչ՝ հույսի համար որևէ տեղ չթողնելով։
Վերջապես ուժ եմ գտնում իմ մեջ հեռախոսս մի կողմ դնելու։ Կտրվելու փորձ։ Միայն մի միտք եմ կարողանում հնչեցնել հոգնած գլխումս՝ երազ իմ երկիր հայրենի։ Սա իմ աղոթքն է արդեն շատ երկար ժամանակ։ «Երազ իմ երկիր հայրենի, հոգսերդ՝ շատ, հույսդ՝ մեծ»։ Հույսդ մե՞ծ։ Ես անհույս եմ ճիշտ հայրենիքիս պես։ Ամենը, ինչ կատարվում է Հայաստանի հետ, մաշկովս եմ զգում։ Ես եմ գերեվարվածը, թալանվածը, ճնշվածը, օգտագործվածը, չմշակվածը։ «Քարքարոտ երկիր»… Հայաստանի բոլոր կորուստներն իմ կորուստներն են. մենք այնքան նման ենք իրար, մենք՝ բոլորս։ Բոլորիս կյանքի գետի միջով հոսում է Հայաստանի պատմությունը՝ «Ես մի բուռն եմ քո հողի»։ Բայց սխալմամբ հաճախ կարծում ենք, թե առանձին ենք, թե կարող ենք մեր անձնական երջանկությամբ ապրել՝ առանց նայելու իրականության ու հայրենիքի հոգնած աչքերին։
Մի մարդ, որին ես բավական իմաստուն ու լավն էի կարծում, կողքիս նստած ասում է․ «Ինձ ի՞նչ Շուշին մերը կլինի, թե՝ ոչ։ Ես իմ անձնական կյանքն ունեմ, իմ անձնական կյանքի վրա Շուշիի մերը լինել-չլինելը չի ազդում։ Կարծում եմ՝ բոլորն էլ այսպես պիտի մտածեն, առաջնորդվեն, իրենք իրենց վրա կենտրոնանան»։
Պապանձվում եմ․ բառ չեմ գտնում ասելու։ Ես սարսափում եմ այն իրականությունից, որտեղ ամեն մարդ մտածում է բացառապես իր անձնականի մասին՝ անձնական շահի, անձնական ապահովության ու բարեկեցության։ Դա՜ է քանդել մեր տունը, դա է թունավորել մեր այգին։
Սա պապերի շահած հայրենիք է, եղբայրների պահած հայրենիք է․ Հայաստանը անանձնական սիրո կենդանի վկայություն է, մենք ամեն օր քնում ու արթնանում ենք այդ սիրո մեջ ու կարծում, թե այստեղ հնարավոր է ապրել առանց մեր ճերմակ բերդաքաղաքի, առանց հայկական աշխարհի մշակութային սրտի, առանց սրտի։ Սրտի, որի համար իրենց սեփականը չխնայեցին հազարավոր ջահել որդիներ… «Արծվաբույն երկիր»։
Ես անչափ վախենում եմ փակ տարածքներից, ելք չունենալուց, ելքը չիմանալուց։
Ու արդեն քանի ամիս է՝ ինձ փակված եմ զգում, բանտարկված։ Անընդհատ փնտրում եմ դռներ, դռներ, դեպի դուրս տանող դռներ։ Ահա, հայտնվում է դուռը, բացում եմ այն, ու դրանից այն կողմ ինձ ծանոթ պատն է, շնչակտուր անող, մահու չափ տխրեցնող պատը։ Այս ամենի կրկնությունը քամել տարել է ինձնից հույսը, մեծ հույսը, որ ունեցել եմ միշտ՝ իմ բոլոր դժվարությունների ու դժբախտությունների մեջ։ Բայց ես չեմ հանձնվում։ Դռներ եմ փնտրում, ելքեր, ելքեր։ Եվ այս գործում ես մեկ հենարան ունեմ միայն՝ աղոթքը՝ լռելով, երգելով, մտքի մեջ, բարձրաձայն, Աստծո տանը, զբոսնելիս, երեխաներին նայելիս, կավով աշխատելիս, դասական երաժշտության համերգների ժամանակ։ Մահացու վիրավոր այս երկրում պատահող եզակի առողջ ու դրական բաներից են դասական երաժշտության համերգները։ Ես էլ փորձում եմ ոչ մեկը բաց չթողնել։ Գնալ ու թույլ տալ, որ երկնքից փոխառնված երաժշտությունը կրթի ինձ, բարձրացնի ինձ, մաքրի ինձ, հույս ներշնչի։
Ուրիշ դուռ չկա։ Մեզ կրթություն է պետք՝ խորը, արմատական, հոգևոր կրթություն։ Մեզ ուսուցիչներ են պետք՝ հոգին, սիրտը, միտքը կրթող ուսուցիչներ։ Մեզ իսկական մտավորականներ են պետք, ովքեր մարդկանց համբերատար կբացատրեն՝ ինչու է անհնար իսկապես երջանիկ, ապահով և ամուր լինել վիրավոր, թուլացած, թալանված, վնասված ու անՇուշի հայրենիքում։
Վերջերս Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի տարեվերջյան համերգին էի հրավիրված։ Ինքս ժամանակին հենց այս դպրոցում եմ երաժշտական կրթություն ստացել, ինչը շատ կարևոր նշանակություն է ունեցել իմ ողջ կյանքի համար։ Հիմա որպես հանդիսատես նայում էի նախկին դպրոցիս սաներին, լսում էի նրանց կատարումներն ու անսահաման հույսով լցվում․ այդ երեխաների մեջ ներկա էր Աստված, ժպտում էր նրանց միջից ու ինձ հուշում, որ շարունակեմ ելքեր փնտրել, շարունակեմ աղոթել, զբաղվեմ ինքնամաքրմամբ, խնամեմ շուրջս, ներողամիտ լինեմ քնած մարդկանց հանդեպ, լույս տանեմ ուր էլ գնամ, սիրեմ ու իմ չափով բուժեմ հայրենիքս, ավելի շատ լռեմ, վատին տեղ չտամ, լավից խոսեմ, լավին հավատամ… Փնտրեմ, ու կտրվի ինձ, բախեմ, ու վերջապես կբացվի ինձ համար, մեզ համար, հայրենիքիս համար։ Երազ իմ երկիր հայրենի։