Մեր երկրի զմայլելի հարկատուները

Հրապարակվեց 1000 խոշոր հարկատուների ցանկն այս տարվա առաջին կիսամյակում: Նախ արձանագրենք՝ էական (կամ՝ լուրջ) փոփոխություններ համարյա չկան: Տնտեսությունը շարունակում է կրել անփորձ կառավարման (ինչպես նաև կառավարման բացակայության), համավարակի հետևանքները: Հետևաբար՝ տեղ-տեղ շարունակում է ինքնահոս ու իներցիոն ընթացքը, տեղ-տեղ՝ ցնցվում: Նախ՝ ամենաընդհանուր պատկերը:

Այս տարվա առաջին կիսամյակին 10 մլրդ դրամից ավելի հարկ մուծել է 6 կազմակերպություն (անցած տարի 5 կազմակերպություն էր): 5-10 մլրդ դրամ մուծել է 7 կազմակերպություն (անցած տարի էլ 7 կազմակերպություն էր): 1-5 մլրդ դրամ հարկ մուծել է 87 կազմակերպություն (անցած տարի նման ցուցանիշ ունեցողների թիվը 81 էր): Խոշոր հարկատուների ցանկն ընդգծեց այն, ինչի մասին ամիսներ շարունակ վկայում էր տնտեսական վիճակագրությունը, և ինչի մասին խոսում էին տնտեսագետները (անկախ  կամ ոչ իշխանամետ տնտեսագետները):

Ամենացայտունը հանքահումքային արդյունաբերության կազմակերպությունների տվյալների աճն է: Այն կարելի է ներկայայացնել ընդամենը (ժամանակին «հեղափոխական» կանաչների թեթև ձեռքով հասարակական ուշադրության կենտրոնում հայտնված) մեկ-երկու օրինակի վրա: Նախ՝ իշխանությունների չկողմնորոշված վերաբերմունքի պատճառով ամենաշատը շահարկված կազմակերպությունը՝ «Լիդիան Արմենիան», հունվար-հունիսի տվյալներով, 15-րդ հարկատուն է՝ 4.139 մլրդ դրամ հարկերի մուծումով (անցած տարի այս կազմակերպությունը 415-րդն էր՝ մոտ 198.5 մլն դրամ հարկերով): Երկրորդ հանքագործական կազմակերպությունը «Թեղուտն» է: Անցած տարի 49-րդ հարկային մուծումներ (1.815 մլրդ դրամ) կատարած կազմակերպությունն այս տարի թռիչքաձև աճ ունի և դարձել է 7-րդ հարկատուն՝ մոտ 9.8 մլրդ դրամ հարկային մուծումներով: Խոշոր հարկատուների ճնշող մեծամասնությունը (մոտ 87 տոկոսը) երևանյան գրանցում ունեցող ու Երևանում գործող կազմակերպություններ են: Երևանից դուրս խոշոր կազմակերպություններ կան Կոտայքի մարզում (երկու տասնյակից ավելի), Շիրակի և Լոռու մարզերում (մեկ տասնյակից պակաս՝ երկու մարզում էլ):

Խոշոր հարկատուների ցանկում հաջորդ նկատելի փոփոխությունը, որի մասին մամուլն անդադար թմբկահարում է (բնականաբար, ոչ իշխանամետ և անպատասխանատու մամուլը) պարգևավճարների հարցն է:

Հիմա խոշոր հարկատուների ցանկը, ի տարբերություն երկու տարի առաջ տպվողների, ներառում է նաև պոետական կառավարչական մարմինները: Համարյա բոլոր նախարարությունները, խոշոր աշխատակազմ ունեցող պոետական և տեղական ինքնակառավարման մարմինները հայտնվել են խոշոր հարկատուների ցանկում: Հարկավոր է առանձնացնել մեկ փաստ՝ կառավարչական մարմինները բիզնես կառույցներ չեն (գոնե առայժմ):

Հետևաբար՝  նրանց բյուջետային մուծումները հիմնականում ստացած աշխատավարձերի դիմաց գանձված եկամտահարկն է ձևավորում:

Օրինակ, մեր 3-րդ խոշոր հարկատուն Պաշտպանության նախարարության աշխատակազմն է: Այս աշխատակազմը անցած տարի առաջին կիսամյակում մուծել էր մոտ 16.479 մլրդ դրամ հարկ, որից եկամտահարկի բաժինը 15.280 մլրդ դրամ էր: Այս տարի նույն աշխատակազմը մուծել է 25.390 մլրդ դրամ հարկ՝ 20.046 մլրդ եկամտահարկով:

Պարզ ընթերցողի համար Պաշտպանության նախարարության աշխատակազմի աշխատավարձի չափը հաշվարկելը բարդ չէ՝ եկամտահարկի թիվը հարկավոր է բազմապատկել չորսով (ահա թե ինչու էր մեր հրամկազմն այդքան հարգանքով ընդունում վարչապետին նրա հրաժարականը պահանջելուց հետո): Բայց դա այլ թեմա է՝ թողնենք: Թողնենք ու վերադառնանք, ասենք, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմին: Խոշոր հարկատուներից 133-րդն այս տարվա հունվար-հունիսին մոտ 801 մլն դրամ հարկեր է մուծել, որից 670 մլն դրամը՝ եկամտահարկի տեսքով: Բայց դա (խոսքը աշխատավարձերի մասին է) նրանց քիչ է թվում, և քաղաքային ավագանին պատրաստվում է քննարկել աշխատակազմի աշխատավարձերի բարձրացման հարցը: Ընդ որում՝ անհապաղ՝ արձակուրդային այս օրերին:

Նրանց հավանաբար ոգեշնչել է «Վարչապետի աշխատակազմի» օրինակը, որ այս տարվա ցանկում 102-րդ հարկատուն է (նախորդ տարի 215-րդն էր)՝ մոտ 1.076 մլրդ դրամ մուծած հարկերով (եկամտահարկի բաժինը 407 մլն դրամ է):

Չնայած ոգեշնչման մեկ այլ օրինակ էլ կա՝ ԱԺ-ն, որ վերջին որոշումով 150-հազարական դրամով ավելացրեց պատգամավորների «հանդիպումների» գումարը (տնտեսության ավելի անկեղծ հատվածում դա կոչվում է «ներկայացուցչական ծախս»):

Փաստորեն, խոշոր հարկատուների ցանկը բավական խորհրդավոր նրբերանգներ ունի, որոնցով կարելի է անդադար զմայլվել:

Տեսանյութեր

Լրահոս