Հաղթանակը լինելու է Ռուսաստանինը․ Արթուր Մարտիրոսյան
«Ռուսաստանը հետագայում խնդիրներ ու մարտահրավերներ է ունենալու խաղաղության ապահովման ժամանակ»,- այս մասին այսօր «Վրաստանի, ԱՄՆ-ի ընտրությունների, ուկրաինական և Մերձավոր Արևելքի հակամարտությունների ազդեցությունը Հայաստանի անվտանգային իրավիճակի վրա» թեմայով աշխատաժողովի ընթացքում ասաց բանակցային գործի մասնագետ Արթուր Մարտիրոսյանը՝ անդրադառնալով ՌԴ-Արևմուտք հակամարտության լուծումների հնարավորությանը։
Նա շեշտեց՝ կան հակամարտություններ, որոնք լուծում չունեն։
«Կարող եմ ասել, թե կողմերն ինչպես են պատկերացնում լուծումը, բայց թե ինչ կլինի, այսօր կոնկրետ ասելը շատ բարդ է։ Ռուսական կողմն ասում է, որ իրենք փորձում են մեղմ վերաբերվել, կոշտ ռազմական գործունեություն ծավալելու հնարավորություն ունեն, ինչպես ցույց տվեցին այս երկու օրվա ընթացքում, բայց փորձում են զսպել, որովհետև բնակչության մի մասին են միայն թշնամական համարում։
Երբ ռուսական կողմի հետ շփվում եմ, հասկանում եմ, որ Չեչնիայից եկող պատկերացում ունեն, որ եթե Չեչնիայի հետ կարողացան, ապա Ուկրաինայի հետ կկարողանան գալ ինչ-որ համերաշխության։ Ուկրաինական կողմն այս պահին ավելի ծայրահեղ դիրքերից է հանդես գալիս, ասում են՝ երբեք չեն ների և այլն։ Այնտեղ էլ կիսված է բնակչությունը, որովհետև արևմտյան ուկրաինացիների դեպքում դա շատ երկար կմնա որպես վերք, տրավմա»,- ասաց նա։
Արևմուտքն էլ, ըստ Արթուր Մարտիրոսյանի, շահագրգռված չէ շատ երկարաձգմանը, նույնիսկ գերմանացիներն են հստակ հասկանում՝ ինչ են իրենք կորցրել և ինչ են կորցնելու ապագայում, եթե սա շարունակվի։
«Ինչպե՞ս կլինի՝ չեմ կարող ասել։ Ես պատերազմի սկզբից ասել էի, որ քիչ հավանական է՝ ՌԴ-ն կարողանա ռազմական պարտություն կրել։ Ռազմական հաղթանակը լինելու է Ռուսաստանինը, բայց նա ունենալու է շատ լուրջ մարտահրավերներ ու խնդիրներ խաղաղությունն ապահովելու ժամանակ»,- ասաց Մարտիրոսյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։