Թրամփը կորցնելու ոչինչ չունի. Նա ուզում է արժանանալ Նոբելյան մրցանակի. Սուրեն Սարգսյան

«Վրաստանի, ԱՄՆ-ի ընտրությունների, ուկրաինական և Մերձավոր Արևելքի հակամարտությունների ազդեցությունը Հայաստանի անվտանգային իրավիճակի վրա» թեմայով աշխատաժողովի ժամանակ  քաղաքագետ, ամերիկագետ Սուրեն Սարգսյանը նշեց, որ ուկրաինական և իրանական ուղղությունները Թրամփի վարչակազմի համար կարևոր են լինելու, դրանք նաև Հայաստանի համար են կարևոր, քանի որ անուղղակի ազդեցություն են ունենալու:

«Ամենավատ սցենարը կարող է լինել այն, որ Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորում տեղի չունենա, մյուս կողմից՝ ուժեղ մեծ ճնշում սկսեն կիրառել Իրանի նկատմամբ, այդ թվում՝ մեր նկատմամբ։ Ենթադրենք, ասեն՝ գիտեք, պետք է Իրանի հետ առևտրաշրջանառությունը կրճատեք, ինչ-որ ապրանքներ Իրանից դեպի Հայաստան բերելը դադարեցնեք, սա կարող է մեր տնտեսության համար կործանարար լինել, սա ամենավատ սցենարն է։ Սցենարներից մի քիչ լավը կլինի այն, որ Թրամփը փորձի Իրանի և Իսրայելի հետ ընդհանուր եզրեր գտնել, ինչը քիչ հավանական է։ Այս սցենարը կարող է գոյություն ունենալ՝ հաշվի առնելով իր՝ խաղաղություն բերելու խոստումները։ Ի դեպ, ինքը նաև այս առումով մրցակցության մեջ է Օբամայի հետ, որովհետև անհատականությունն իր համար շատ կարևոր է, ուզում է նաև Նոբելյան մրցանակի արժանանալ, ինչպես Օբաման է արժանացել»,- նշեց քաղաքագետը։

Անդրադառնալով հայ-ադրբեջանական բանակցություններին և ԱՄՆ միջնորդությանը, Սուրեն Սարգսյանը հիշեցրեց, որ վերջերս Բայդենը նամակ էր ուղարկել երկու երկրների առաջնորդներին՝ կոչ անելով մինչև տարեվերջ ստորագրել համաձայնագիրը։

«Ինչո՞ւ էր Բայդենն ուզում, որ հիմա ստորագրեին, նա հեռանում է և ցանկանում էր դափնիներն իրեն վերցնել։ Թրամփը, որ գա, չի ասելու՝ եկեք, ստորագրեք, շնորհակալություն հայտնենք Բայդենին նրա արած աշխատանքի համար, նա փորձելու է պրոցեսը ձգձգել այնքան, մինչև ինքն ունենա իր սեփական ներդրումը բանակցային պրոցեսում, որ դափնիները վերցնի իր վրա և մի հաջողության պատմություն ունենա խաղաղության հաստատման գործում, հատկապես, եթե Իրանի և Ռուսաստանի հետ չկարողանա ընդհանուր հայտարարի գալ, ինչ-որ փոքր կոնֆլիկտներ լուծելով, կփորձի առաջ գնալ»,- շարունակեց Սարգսյանը:

Կարդացեք նաև

Մանրամասները ՝տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս