Ասֆալտին փռվող պետություն
Բարոյականությունը՝ անհատական բնութագրիչ լինելով, այդուհանդերձ, նաև համահասարակական հատկանիշ է։ Առնվազն այնքանով, որ հասարակությունները կազմված են բարոյականություն ունեցող/չունեցող անհատներից։
Իհարկե, բարոյականության անհատական ու հանրային չափումների միջև հարաբերությունը միագիծ չէ։ Բայց ընդհանուր առմամբ, ենթադրելի է, որ բարոյական հասարակությունը չի կարող ունենալ անբարոյական պետություն և հակառակը՝ բարոյականությունից զուրկ քաղաքականություն վարող պետությունը չի կարող հանդուրժվել բարոյական հանրության կողմից։ Այս չափանիշներով է որոշվում այն, ինչն ընդունված է անվանել քաղաքականության բարոյականություն կամ քաղաքական բարոյականություն, որից գրեթե ամբողջությամբ զուրկ է այսօրվա Հայաստանի քաղաքական, բայց առաջին հերթին՝ իշխանական համակարգը։
Իշխանության համար հանրային բարոյականության բարձր մակարդակն ուղղակի սպառնալիք է, քանի որ բարոյական հանրույթը մեկ ժամ անգամ չի հանդուրժի ներկայիս որակներ ունեցող իշխանությանը։
Հենց դրա համար իշխանությունն ամեն ինչ անում է անհատական ու հանրային՝ առանց այդ էլ գահավիժող բարոյականությունը զրոյացնելու համար։ «Լավ ապրելու», «կյանքը վայելելու» քարոզչությունը, որ հիմա իշխանությունը հասցրել է պետական քաղաքականության մակարդակի, ծառայում է ոչ միայն Ադրբեջանի կողմից պարտադրվող բոլոր զիջումներին լռելյայն համաձայնելու, այլ նաև այդ ճանապարհով հանրային բարոյականությունը վերջնականապես քանդելու նպատակին։
Ստամոքսի պաշտամունքը ոչնչացնում է բարոյականությունը, ստամոքսն ամեն ինչի հետ կուլ է տալիս նաև արժեքները, սոցիալական նորմերը, կարմիր գծերը, անհատական ու հանրային ամոթը, վերջին հաշվով, այն ամենը, ինչը կենսական է հանրությանը բարոյականությունից զրկելու համար։
Անամոթ ու այդպիսով անբարոյական հասարակությունը չի ամաչում ապրել անարժանապատիվ, թշնամու առաջ ստորացող պետությունում։
Անամոթ հասարակությանը, մեծ հաշվով, անգամ պետություն պետք չէ, միանգամայն բավարար է տարածությունը, որտեղ կարելի է «կյանքը վայելել»։
Անամոթ հասարակության կարևոր ցուցիչներից մեկը նաև սկզբունքների բացակայությունն է։
Չամաչող հանրությունում է, որ կարող է միանգամայն ընդունելի լինել «նվաստացնում եմ, որ նվաստացնեմ» սկզբունքը, որով իշխանությունը նվաստանում է իրենից ուժեղ թշնամու առաջ և նվաստացնում է իրենից թույլ համաքաղաքացիներին։
Ամոթ չունեցող միջավայրում է, որ երկրի ղեկավարն օրվա լուսավոր ու մութ ժամերին երթևեկում է տասնյակ մեքենաներից բաղկացած շարասյունով՝ հընթացս սպանելով քաղաքացիներին, իսկ լուսադեմին հեծանվային էժանագին շոուներ է բեմադրում՝ ներկայանալով՝ իբրև «ժողովրդի մաս»։
Ամոթ ունեցող հասարակությունը չի կարող հանդուրժել, երբ երկրի նույն ղեկավարը, ամեն ինչ ասֆալտին փռելու խոստման շրջանակներում, ի վերջո, ասֆալտին է փռում պետությունը՝ մինչ այդ հասցրած լինելով Արցախը փռել ադրբեջանցիների ոտքերի տակ։
Բայց նրան առաջ է մղում այն վստահությունը, որ իր տիեզերական մասշտաբների աղետները հանդուրժած հասարակությունը պատրաստ է նորանոր փորձությունների։ Որովհետև եթե դեռ ինչ-որ բան լեգիտիմ է քաղաքական լեգիտիմությունից ամբողջությամբ զրկված այս իշխանության պարագայում, ապա դա անբարոյականության լեգիտիմությունն է։