Ներդրումային խաբկանք. Փաշինյանն ու կառավարությունը հաստատեցին թղթի վրա մնացող հերթական ծրագիրը

Այնպես է ստացվել, որ մարդկանց մեծամասնությունը սիրում է հավատալ միայն այն «փաստերին», որոնք առավել քան ականջահաճո են, դրական ու խոստումնալից։ Գուցե այս մասին իմանալով է, որ Փաշինյանն ու իր թիմակիցները, կաշվից դուրս գալով, մեկը մյուսի հետևից Հայաստանի լուսավոր ու բարգավաճող ապագայի մշուշոտ ու կասկած ներշնչող նախադրյալներ են հորինում և ի ցույց դնում հանրությանը։

Հայաստանի տարածքում ամիսներ շարունակ ադրբեջանական զորքեր են, ամեն օր սահմանամերձ հատվածները թշնամու կողմից կրակահերթերի թիրախում են, իսկ Փաշինյանն ու իր թիմը փութաջանորեն նոր հեքիաթն են հորինում Հայաստան ներս հորդող ներդրումների մասին։ Այն էլ ի՞նչ ներդրումներ՝ զբոսաշրջային ոլորտը զարգացնող։

Հեքիաթը սկսվում է այսպես. կառավարությունը վերջին նիստի ժամանակ հավանություն է տալիս «Մայլեռ Մաունթայն Ռեզորթ» ՓԲԸ-ի կողմից ներկայացված՝ Արագածոտնի մարզի Ապարան համայնքի տարածքում 2080 հեկտար ընդհանուր մակերեսով հողամասում ներդրումային ծրագրի իրականացմանը։ Ծրագրի շրջանակներում Արագածոտնի մարզում պետք է հիմնվի բազմաֆունկցիոնալ լեռնային համալիր, որի շինարարության համար կներգրավվեն շինարարության ոլորտի շուրջ 250 աշխատողներ, իսկ ծրագիրն իրականացնելուց հետո կստեղծվի շուրջ 1500 հիմնական աշխատատեղ՝ միջինը 180.000 դրամ աշխատավարձով։ Միայն 15 մլրդ դրամ պլանավորվում է ներդնել  ճոպանուղու և սահուղիների կառուցման համար, ինչը կդառնա իր շուրջ զբոսաշրջային նոր քաղաքի ստեղծման առաջին և   ամենակարևոր գրավականը։ Միաժամանակ, նոր ներդրողներ ներգրավելու միջոցով   նախատեսվում է ապահովել ևս 15 մլրդ դրամի ներդրումներ հյուրանոցային հատվածում։ Համալիրը, նախագծի համաձայն, հնարավորություն է ունենալու սպասարկելու օրական 6000 հաճախորդի։ Նմանատիպ հանգստավայրում 1 հաճախորդը միջինում անցկացնում է 4 օր, հետևաբար՝ համալիրը հնարավորություն կունենա սպասարկելու տարեկան միջինը շուրջ 500.000 հաճախորդի։ Սակայն համալիրի սեզոնային բնույթը հաշվի առնելով՝ տարեկան միջին ծանրաբեռնվածությունը գնահատվում է 40%: Ըստ կանխատեսումների՝ համալիրի շահագործմամբ կստեղծվի տարեկան 12.6 մլրդ դրամ լրացուցիչ ավելացված արժեք, որն էլ իր հերթին՝ կնպաստի ՀՆԱ-ի աճին, և արդյունքում՝ պետական բյուջե կվճարվի ավելի քան 1.2 մլրդ դրամ հարկ։

Առաջին հայացքից մտածում ես, թե ինչ հրաշալի կլինի Հայաստանում ունենալ Ֆրանսիայի Շամոնի կամ Կանադայի Մոն-Տրեմբլանի նման, բայց շատ ավելի համեստ ծավալների լեռնադահուկային հանգստավայր, որը նաև իր դրական ու շահութաբեր նպաստումը կունենա պետության տնտեսության վրա։ Հետո մի պահ սթափվում ես, իրատեսական գնահատական տալիս պետությունում առկա իրավիճակին ու երկրի ղեկին նստած անձանց ու հասկանում, որ այստեղ ինչ-որ բան այն չէ։

Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը կառավարության նիստի ժամանակ նշեց, որ այդ ծրագրի հետ կապված իրենց մտահոգություններն ու առաջարկությունները ներկայացրել են Էկոնոմիկայի նախարարություն, սակայն   մինչ այդ պահը դրանք չեն ընդունվել: Արագածոտնի մարզպետարանը չի տեսել կոնկրետ ներդրումների չափի, ակնկալվող աշխատատեղերի մասով հիմնավորումները։ Էլ չասած, որ նրա խոսքից պարզ դարձավ, որ նպատակ կար հենց մարզպետի որոշմամբ հողակտորները տալ ներդրողին, ինչը հակասում է ՀՀ օրենսդրությանը։ Ավելորդ է համարվել նաև հանրային քննարկումների իրականացումը, չնայած որ նախագծվող համալիրին մոտ գտնվող Ապարան խոշորացված համայնքի Եղիպատրուշ և այլ հարակից բնակավայրերի քաղաքացիները ծրագրի հետ կապված հարցեր ու մտահոգություններ ունեն, ինչը, որոշումն ընդունելուց հետո, բողոքի մեծ ալիք կարող է բարձրացնել։

Մարզպետի խոսքերից երևան է գալիս նաև մեկ այլ փաստ. պարզվում է՝ սա Արագածոտնի մարզի համար մշակված զբոսաշրջային առաջին ծրագիրը չէ, որն ընդունվել է, պետական գերատեսչություններն ամեն ինչ արել են, բայց փաստացի մնացել է հաստատված միայն թղթի վրա ու իրականության մեջ այն իր տեղից չի շարժվել։

Բայց արի ու տես, որ Փաշինյանը, ով մշտապես իր ամեն խոսքում այդքան կարևորում էր ժողովրդի կարծիքը լսելի դարձնելը, ժողովրդին ծառայելը, նիստին հանդես է գալիս ֆենոմենալ հայտարարությամբ, այն է. «Իսկ ինչի՞ պետք ա ամեն ինչ կառավարությունն անի. ներդրողը կգնա, մարդիկ կհաղորդակցվեն, հասկանալի կլինի՝ ինչի մասին է խոսքը»։ Մոտ նույն «հո ամեն ինչը կառավարությունը չի՞ անի»   տրամաբանությամբ են սահմանին թշնամուն հովիվները դիմավորում։ Դա էլ բավական չէ, հեգնելով ու մարզպետի խոսքերը ծաղրի ենթարկելով, Փաշինյանը նշում է, թե մարզպետի ելույթը խուճապի մթնոլորտ է ստեղծում, և հնարավոր է՝ այս ներդրումային ծրագիրն էլ տեղից չշարժվի, ու քննարկելու կարիք էլ չկա, որովհետև արդյունքում կխորանան ու կգան այն եզրակացության, որ հերթական ահասարսուռ դավադրությունն է տեղի ունենում ՀՀ-ի և հայ ժողովրդի դեմ։

Փաշինյանը Կառավարության անդամներին հորդորեց  քվեարկելուց առաջ մտածել, թե ինչի օգտին են քվեարկում, որովհետև հնարավոր է, որ պատմությունն իրենց չների։ Արժե՞ր արդյոք ներդրումային ծրագիրը հաստատելու կամ մերժելու հարցի մեջ այդքան պաթոս մտցնել։ Արդյունքում՝ որոշումն ընդունվեց։

Վասիլի Զվյագինցևն իր «Ոդիսևսը հեռանում է Իթաքայից» գրքում մի հետաքրքիր միտք է արտահայտում, որ, թերևս, գերազանց է բնորոշում մեր ներկայիս իշխանականներին։ Նա ասում է, որ հարցի ամբողջ էությունը կայանում է նրանում, որ «պատասխանատու մարդկանց» համար միշտ ավելի հեշտ է և ընկալելի բուռն աշխատանքային գործունեություն ձևացնելը և վերևների հրամանները կատարելը՝ անկախ նրանից, թե դա ինչ արժեք կարող է ունենալ. այդ տեսակ «կուսակցական» գործիչների համար ամեն ինչ միևնույն է։ Փաշինյանն ու իր թիմը և հատկապես՝ Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Քերոբյանը շրջանցեցին այն փաստը, որ ծրագիրը հակասում է ՀՀ օրենսդրության պահանջներին, մասնավոր  հատված-պետություն համագործակցության շրջանակներում կառավարության որդեգրած անփույթ վերաբերմունքի արդյունքում նրանք անտեսեցին հանրային քննարկումների իրականացումը, բացի այդ՝ Փաշինյանը խուսափում է առկա խնդիրների շուրջ աղմուկ բարձրացնելու փաստից։ Նրա համար կարևոր է դեպի ՀՀ ներդրումներ բերելու իմիտացիայի ստեղծումը և դրա ներքո  կառավարության վարքագծի քողարկումը։ Ու կասկած չկա անգամ, որ այս համալիրի կառուցումը, ինչպես Արագածոտնի մարզպետի կողմից հիշատակված նախորդ նախագիծը ևս, կմնա զուտ թղթի վրա ամրագրված։ Կարևորը՝ մարդիկ հավատան, որ Հայաստանում ապագա կա…

Տեսանյութեր

Լրահոս