ՌԴ-ին ներկայումս հարկավոր է խաղաղ Հարավային Կովկաս, որպեսզի «եռուզեռն» այդտեղ դադարի. Սկակով

«ՌԴ արտաքին քաղաքականության շրջանակում հարավկովկասյան խնդիրները երկրորդ պլան են մղվել»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Ալեքսանդր Սկակովը՝ անդրադառնալով հետընտրական շրջանում հայ-ռուսական հարաբերությունների հեռանկարներին ՀՀ-ի արևմտյան ռևերանսների ֆոնին:

Ալեքսանդր Սկակովն ասաց, որ Արևմուտքը կարող է Հարավային Կովկասում փոխել իր քաղաքականությունը, ռազմավարությունը, բայց ներկայումս ԼՂ հայության անվտանգությունն ապահովում է Ռուսաստանի Դաշնությունը:

Ըստ նրա, ՌԴ-ն զուգահեռաբար արձագանքում է նաև այն մարտահրավերներին, որոնք առաջանում են ՀՀ սահմաններին, և որքան էլ լինեն դժգոհություններ, աշխատանք տարվում է, սակայն ՌԴ-ն ունի նաև ավելի լայն շահեր, որոնք ոչ միշտ են ճիշտ ընկալվում:

«Ռուսաստանն անվտանգային լուրջ գործոն է Հարավային Կովկասում, և դրան այլընտրանք դեռևս չկա, դա այդպես է լինելու: Կարող են խոսել ՆԱՏՕ-ից կամ այլ երկրների աջակցությունից, բայց դա իրատեսական չէ և դա ցույց տվեց պատերազմը, որը տարածաշրջանով շահագրգիռ բոլոր երկրների համար աշխատելու հնարավորություն էր: ՌԴ-ն բարդ աշխատանքն իրականացրեց, և ներկայումս մեծ հետաքրքրություն կա տարածաշրջանի նկատմամբ, ճանապարհներ, որոնցից բոլոր կողմերը ցանկանում են օգտվել։ Զուգահեռաբար կան քննադատություններ, դժգոհություններ: ՌԴ-ն նաև հանգիստ է վերաբերվում արևմտյան ցանկացած երկրի հետ հարաբերություններին, նույնիսկ դրական է վերաբերվում ֆինանսական աջակցության ծրագրերին, որոնք երկրում կարող են լուծել պատերազմից հետո առաջացած խնդիրները, կօգնեն երկրին վերականգնվել ծանր պատերազմից հետո: Ընդհանրապես ՌԴ-ին ներկայումս կայուն գործընկերներ են հարկավոր Հարավային Կովկասում, խաղաղ գործընթացներ, արագ վերականգնում, որպեսզի «եռուզեռն» այստեղ դադարի, քանի որ անկայունության այլ օջախներ են ձևավորվում՝ խնդիրների շատ ավելի մեծ ներուժով, որոնք ուղիղ սպառնալիք են Ռուսաստանի և իր գործընկերների համար»,- ասաց Սկակովը՝ նկատելով, որ սա այն փուլն է, երբ Ռուսաստանին հարկավոր է, որպեսզի բոլոր խնդիրները լուծվեն խաղաղ ճանապարհով՝ բանակցային սեղանի շուրջ, ռազմատենչ հռետորաբանությունը վերանա, կողմերի միջև հավասարակշռությունը վերականգնվի:

Սկակովը հիշեցրեց, որ պատերազմից հետո ՌԴ պաշտոնյաներն իրենք էին կոչ անում Արևմուտքին, արևմտյան կազմակերպություններին՝ գալ տարածաշրջան և մասնակցել հետպատերազմյան հետևանքների վերացման աշխատանքին:

Նրա խոսքով, Ռուսաստանին կայունության համար Հարավային Կովկասում հարկավոր է ավելի հանգիստ Ադրբեջան, որը չի դիմի ուժի, երբ հարկավոր է բանակցություններում ինչ-որ բանի հասնել:

«Պատահական չէր նաև ՌԴ ամենաբարձր մակարդակով պատրաստակամությունը ողջունել ԵՄ միջնորդական ջանքերը հակամարտող կողմերի միջև, ինչը, ինչպես տեսնում ենք՝ ազդում է ադրբեջանական կողմի վրա, նրանք ևս դրա դեմ հայտարարություններ են անում:

Չի բացառվում նաև, որ ՌԴ-ն ԵԱՀԿ ՄԽ ձևաչափի փոխարեն՝ սկսի աշխատել Արևմուտքի հետ, որը կարող է օգտակար լինել Ադրբեջանին զսպելու տեսանկյունից:

«Հասկանալի է, որ կայունության դժվար է հասնել հատկապես պատերազմից հետո, ավելին, ինչպես տեսնում ենք, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմաններին կան խնդիրներ, կրկին չի հաջողվում խաղաղ եղանակով լուծում տալ այդ հարցերին։ Բայց կարծում եմ՝ բանակցություններ կլինեն, չի բացառվում, որ նոր միջնորդի ի հայտ գալով վերսկսվի իրավիճակը, խոսքը Թուրքիայի մասին չէ, այլ արևմտյան որևէ երկրի, որի համար պայքար է մղվում Արևմուտքի կողմից: Ռուսաստանը, կարծում եմ, խնդիր չունի այդ հարցում: Ընդհանուր առմամբ վստահություն կա, քանի որ ՌԴ-ն այդ ռեգիոնում աշխատելու փորձառություն ունի և հարմար դիրքավորված է այսօր»,- ասաց Սկակովը:

Տեսանյութեր

Լրահոս