«Գյուղում խոսում են, որ ադրբեջանցիները քարով խփել են մեր զինվորների համար հաց տանող վարորդի գլխին, այդտեղից էլ սկսվել է կռիվը»․ Կութի բնակիչ
Գեղարքունիքի մարզի Կութ համայնքի բնակչուհին (նա չցանկացավ անունը հրապարակել) 168.am-ի հետ զրույցում մանրամասներ հայտնեց գյուղի դիրքերում երեկ երեկոյան տեղի ունեցած միջադեպից։
«Մենք միշտ հարևաններով հավաքվում ենք, հայաթում լավաշ ենք թխում, տեսանք՝ կրակոցների ձայն է գալիս, մտածեցինք, որ թեթև բան է, դե համարյա ամեն օր էլ թեթև կրակոցներ լինում են։ Մեկ էլ 14 տարեկան տղես ասեց՝ մամա, ուժեղ կրակում են, ավտոմատի կրակոցների ձայն է գալիս, ասացի՝ ոչինչ․․․ Սեպտեմբերի 27–ից սկսած այդ ձայններին արդեն սովորել ենք, ո՛չ խուճապ արինք, ո՛չ էլ վախեցանք»,– պատմեց կութեցի երիտասարդ կինը։
Նա նաև ասաց, որ գյուղում ակտիվ լուրեր են շրջանառվում, թե ինչից են սկսվել կրակոցները։
«Գյուղում խոսում էին, որ ադրբեջանցիները քարով խփել են մեր զինվորների համար դիրքեր հաց տանող վարորդի գլխին ու ըտեղից սկսվել է կռիվը․․․»,- ասաց մեր զրուցակիցը, ապա հավելեց, որ ժամը 21։30-ից հետո կրակոցներ չեն եղել, գիշերը հանգիստ է եղել։
Կութի բնակչուհին հիշեց 2020 թվականի պատերազմի օրերը, երբ թշնամին թիրախավորել էր նաև իրենց գյուղը․
«Պատերազմի օրերին, որ Ադրբեջանից բաներ էին շպրտում, գալիս էր դեպի մեզ, մի հատ գրադի հրթիռ էլ գնաց, ընկավ մեր դպրոցի հետևը, բայց երեխեքն արդեն դպրոց չէին գնում, պադվալում ապրում էինք, գյուղից դուրս չենք եկել։ Հիմա էլ, որ կրակոցներ են լինում, երեխեքիս հետ փակվում ենք տանը․․․»։
Հետաքրքրվեցինք, թե երեկ պաշտոնյաները գնացե՞լ են Կութ՝ հանդիպել գյուղացիների հետ․
«Միայն մեր մարզպետն է եկել ու Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, ուրիշ պաշտոնյա չի եկել․․․»։
Հիշեցնենք, որ երեկ՝ հուլիսի 23-ին, ժամը 17։00-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ ինչի հետևանքով հրազենային «թեթև վիրավորում» է ստացել ՀՀ ԶՈՒ 3 զինծառայող։
ՀՀ Քննչական կոմիտեն այոօր առավոտյան հրապարակեց 3 զինծառայողների անունները՝ նշելով, որ նրանցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է։
«2021թ. Հուլիսի 23-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Կութ համայնքի վարչական տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տակ գտնվող մարտական հենակետում հերթապահություն իրականացնելիս, հակառակորդի հետ փոխհրաձգության հետևանքով, հրազենային մարմնական վնասվածքներ են ստացել պարտադիր ժամկետային զինծառայող Արման Գուրգենի Աթասյանը, պայմանագրային զինծառայողներ՝ Լեռնիկ Հենրիկի Նավոյանը և Յուրիկ Աշոտի Օհանյանը: Վերջիններս տեղափոխվել են Գեղարքունիքի կայազորային հոսպիտալ, որտեղ Ա.Աթասյանի վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր»,- նշված է Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ մայիսի 12-ից թշնամին խախտելով հայ-ադրբեջանական սահմանը՝ Սյունիքի և Գեղարքունիքի հատվածներում մի քանի կիլոմետր առաջ է եկել՝ պատճառաբանելով, թե իր տարածքներն է, հետևաբար՝ չի հեռանալու։ Գեղարքունիքի մարզում թշնամին առաջ է եկել Կութ, Ազատ, Նորաբակ և Վերին Շորժա գյուղերի ուղղությամբ։
Նշենք, որ այս ընթացքում ադրբեջանցի և հայ զինվորականների միջև բազմաթիվ միջադեպեր են գրանցվել։ Մասնավորապես՝ մայիսի 25-ին Վերին Շորժայի սահմանային հատվածում հակառակորդի արձակած կրակահերթերից հետո սկսված փոխհրաձգության հետևանքով հրազենից մահացու վիրավորվել էր պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Վ. Յ. Խուրշուդյանը (32 տ.)։
Այս դեպքից 2 օր անց՝ մայիսի 27-ին, Գեղարքունիքի սահմանային հատվածում ադրբեջանական զինուժի կողմից շրջափակվել և գերեվարվել էր ՀՀ ԶՈՒ 6 զինծառայող։
Հունիսի 5-ին էլ ադրբեջանցիները Կութի արոտավայրերից գողացել էին 80 խոշոր եղջերավոր անասուն։