Մարին Լը Պենը կմասնակցի նախագահական ընտրություններին, սակայն էլեկտրոնային հսկողության սարքով՝ բրասլետով. The Guardian
Ֆրանսիական ծայրահեղ աջերի առաջնորդ Մարին Լը Պենը դատարանի որոշմամբ հնարավորություն է ստանում մասնակցելու նախագահական ընտրություններին, սակայն դատավճիռը նախատեսում է էլեկտրոնային բրասլետի կրում, ինչը նա նախկինում անընդունելի էր համարել, հայտնում է «The Guardian»-ը։
Դատավորը հաստատել է Լը Պենի մեղքը բյուջետային միջոցների ոչ նպատակային օգտագործման գործով, սակայն պետական պաշտոններ զբաղեցնելու արգելքի ժամկետը կրճատել է 5 տարուց մինչև 45 ամսվա՝ որից 30-ը՝ պայմանական։
Քանի որ արգելքն ուժի մեջ է մտել 2025 թվականի մարտի 31-ից, այն կավարտվի 2027 թվականի ապրիլին կայանալիք նախագահական ընտրություններից բավական ժամանակ առաջ։ Տեսականորեն դա նշանակում է, որ նա կարող է առաջադրվել երկրի բարձրագույն պաշտոնում։ Այնուամենայնիվ, երեք տարվա ազատազրկումը (որից երկու տարին՝ պայմանական, իսկ մեկ տարին՝ էլեկտրոնային ապարանջանի կրումով) գործը իրավական հարթությունից տեղափոխում է քաղաքական դաշտ։
Նախկինում Լը Պենը բազմիցս հայտարարել էր, որ չի առաջադրվի, եթե նախընտրական քարոզարշավի ընթացքում ստիպված լինի էլեկտրոնային ապարանջան կրել։
«Եթե ինձ թույլ տան լինել թեկնածու, բայց միևնույն ժամանակ փաստացի խոչընդոտեն ազատ նախընտրական քարոզարշավ վարելուն, ապա դուք հասկանում եք, որ դա անհնար կլինի»,-նախորդ շաբաթ տված հարցազրույցում նշել էր Լը Պենը։

