Փաշինյանի «հեղափոխական» կադրային փոփոխությունները ՀՀ ԶՈւ բանակային կորպուսներում, քանի՞ հրամանատար են ունեցել 8 տարվա մեջ
2023 թվականի փետրվարին ուսումնասիրություն ենք ներկայացրել, թե 2018 թվականի իշխանափոխությունից մինչ օրս ՀՀ ԶՈՒ բանակային կորպուսների քանի հրամանատար է փոխվել: Սակայն դրանից հետո՝ 3 տարվա ընթացքում, կադրային նոր փոփոխոխություններ են տեղի ունեցել, ուստի հարկ ենք համարում կրկին անդրադառնալ այս թեմային: Եվ այսպես՝
Երկրորդ բանակային կորպուս
Վերոհիշյալ հրապարակման մեջ արդեն իսկ գրել ենք, որ 2023 թվականի հունվարի 19-ին 2-րդ բանակային կորպուսի հրամանատար է նշանակվել Ազգային հերոս Գարեգին Պողոսյանը:
2026թ. հուլիսի 1-ին գեներալ-մայոր Գարեգին Պողոսյանն ազատվում է 2-րդ բանակային զորամիավորումի հրամանատարի պաշտոնից, նրա փոխարեն նշանակվում է գեներալ-մայոր Սիմոն Նազարյանը:
Եթե հաշվի առնենք, որ այսօր Բաքվում գտնվող գեներալ Դավիթ Մանուկյանը 2018 թվականի իշխանափոխությունից հետո մի քանի ամիս դեռ մնացել է ՀՀ ԶՈւ երկրորդ բանակային կորպուսի հրամանատարը (նշանակվել է 2016 թվականի հուլիսի 7-ին), ապա նրան էլ հաշվի առնելով, կարող ենք ասել, որ 8 տարվա ընթացքում այս զորամիավորումը 5-րդ հրամանատարն է ունենում՝ ի դեմս Սիմոն Նազարյանի:
Երրորդ բանակային կորպուս
2016 թվականի հուլիսի 7-ից մինչև 2021 թվականի հուլիսի 7-ը 3-րդ բանակային կորպուսի հրամանատարը գեներալ Գրիգորի Խաչատուրովն էր:
Խաչատուրովի ազատումից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը որոշում է, որ նրա պայմանագիրը չպետք է երկարաձգվի, նրա փոխարեն 2021 թվականի օգոստոսի 6-ին 3-րդ բանակային կորպուսի հրամանատար է նշանակվում Ալեքսանդր Ցականյանը:
Այս պաշտոնից նրան ազատում են 2024 թվականի նոյեմբերի 27-ին և նշանակում Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ:
Ցականյանին 3-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնում 2024 թ. նոյեմբերի 27-ին փոխարինում է Սիմոն Նազարյանը, որին, ինչպես նշեցինք, 2026թ. հուլիսի 1-ին տեղափոխել են 2-րդ բանակային կորպուս:
Հոդվածը գրելու պահին 3-րդ բանակային կորպուսը դեռ չուներ հրամանատար՝ 8 տարվա մեջ 4-րդը:
Հինգերորդ բանակային կորպուս
2017 թվականի սեպտեմբերի 25-ին 5-րդ բանակային կորպուսի հրամանատար է նշանակվել Արտակ Դավթյանը: 2018 թվականի մայիսի 24-ին նա դառնում է ԳՇ պետ:
Եվ 2018-ի հունիսի 18-ին այդ ժամանակ գնդապետ, հետո արդեն գեներալ Անդրանիկ Փիլոյանը նշանակվում է 5-րդ բանակային կորպուսի հրամանատար:
2020 թվականի դեկտեմբերի 30-ին 5-րդ բանակային կորպուսի հրամանատար նշանակեցին Սմբատ Գրիգորյանին:
2023 թվականի փետրվարի 17-ին Գրիգորյանին փոխարինեց Սասուն Բադասյանը, այդ պաշտոնից նրան ազատեցին 2024թ. սեպտեմբերի 6-ին:
Ավելին, գրել ենք, որ «Էռատո» ջոկատի «ինստրուկտորի» կամ 5-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատարի դեմ քրեական վարույթ հարուցեցին, որը, թերևս, հասել է իր հանգուցալուծմանը:
2024թ. նոյեմբերի 27-ից 5-րդ բանակային կորպուսի 5-րդ հրամանատարը Գագիկ Պողոսյանն է:
Հատուկ բանակային կորպուս
Առաջին բանակային կորպուսի բազայի վրա 44-օրյա պատերազմից հետո ստեղծվում է Հատուկ բանակային կորպուսը (ըստ էության, տեղի է ունենում 1-ին և 4-րդ բանակային կորպուսների միավորում, բայց հենքը 1-ին կորպուսն է), և 2021 թվականի օգոստոսի 26-ին նորաստեղծ կորպուսի հրամանատար է նշանակվում Արտակ Բուդաղյանը, այդ պաշտոնից նրան ազատում են 2023 թվականի փետրվարի 1-ին:
Բուդաղյանին միանգամից այդ պաշտոնում փոխարինում է Արմեն Գյոզալյանը, ով Հատուկ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնին հրաժեշտ տվեց 2026թ. հուլիսի 1-ին, և նրա փոխարեն այն վստահվեց գեներալ և 2-րդ կորպուսի արդեն նախկին հրամանատար Գարեգին Պողոսյանին: Այսինքն, մոտ 5 տարվա պատմություն ունեցող կորպուսն արդեն 3-րդ հրամանատարն է ունենում:
Հատուկ նշանակության ուժեր
Հատուկ նշանակության ուժերը կազմավորվել են 2024 թվականին, և նույն թվականի նոյեմբերին հրամանատար է նշանակվում Լևոն Դավիդյանը, որին այս պաշտոնից ազատում են 2026թ. հուլիսի 1-ին:
Եվ արդեն մոտ մեկ շաբաթ է, ինչ թափուր է այս կարևոր պաշտոնը, երբ նույն Ադրբեջանը, Թուրքիան, Ռուսաստանը և այլ երկրներ ժամանակակից պատերազմի պայմաններում շեշտը դնում են հատուկ նշանակության ուժերի և գրոհային ստորաբաժանումների վրա:
Նշենք, որ նույնքան ժամանակ թափուր է նաև մեկ այլ կարևոր պաշտոն՝ Պաշտպանության նախարարության սպառազինության և տեխնիկական ապահովման վարչության պետի: Այսինքն, մի կողմից՝ չենք իմանում բարձրաստիճան հրամանատարների և պաշտոնյաների ազատման պատճառները, մյուս կողմից՝ ազատում են՝ աչքի տակ չունենալով այլ կա՞դր, և դեռ հայտնի չէ՝ ով կլինի հետո ընտրյալը:
Նշեք, որ պատերազմից հետո 168.am-ը մանրամասն անդրադարձել է ՊԲ-ում և ՀՀ ԶՈՒ-երում 44-օրյայից առաջ ոչ պատահական կադրային փոփոխություններին:
2023 թվականի փետրվարին մանրամասն ներկայացրել ենք Նիկոլ Փաշինյանի արած կադրային փոփոխությունները ռազմական հետախուզության և օպերատիվ կառավարման ոլորտներում, որոնք ևս առաջիկայում կթարմացնենք:
Այդ ժամանակահատվածում չենք անտեսել նաև 2018թ. իշխանափոխությունից հետո ՀՀ-ի և Արցախի կադրային փոփոխությունները՝ ԱԱԾ-ներում, և թե ինչ իրադարձություններ են դրանց նախորդել և հաջորդել:
Ավելին՝ նույնիսկ անդրադարձել ենք հարցին, թե ինչու Փաշինյանն Օնիկ Գասպարյանին ԳՇ պետ չնշանակեց 2018-ին, և այլն:

