«Իրենց կաշվի վրա զգալով, թե Նիկոլ Փաշինյանն ինչ է անելու հաջորդիվ, շատ մարդկանց մոտ պետք է գոնե ինքնապաշտպանության բնազդն աշխատի». Նինա Կարապետյանց

Երեկ՝ հուլիսի 6-ին, գրեթե 13 ժամ շարունակ ԱԱԾ դիմակավորված ու զինված ծառայողները վերահսկողության տակ էին վերցրել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատունը, իսկ առանձնատան ներսում քննիչները խուզարկություն էին իրականացնում։ Առանձնատանը զուգահեռ խուզարկություններ էին իրականացվում Գագիկ Ծառուկյանի ընտանիքին պատկանող ընկերություններում, մի քանի ընկերությունների դռներ կապարակնքվել են։

Խուզարկություններից հետո ԱԱԾ-ականները Գագիկ Ծառուկյանին ձերբակալեցին ու առանձնատնից տեղափոխեցին նախ՝ Քննչական կոմիտե, այնուհետև միջնորդություն ներկայացվեց դատարան՝ կալանավորելու վերաբերյալ։

Ըստ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության, տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթներից մեկով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Գ.Ծ.-ի կազմակերպմամբ մի շարք անձինք 2022-2024 թվականների ընթացքում առերևույթ կատարել են առանձնապես խոշոր չափերով խարդախություն և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում։

Երեկ մոտավորապես 5 ժամ Քննչականում մնալուց հետո, Գագիկ Ծառուկյանը դիմակավորված անձանց ուղեկցությամբ դուրս եկավ և իր ձերբակալության վերաբերյալ հակիրճ ասաց.

Կարդացեք նաև

«Մեղադրանքը լրիվ սարքած է, սուտ, փուչիկ է, 100 տոկոսով ճիշտ բան չկա, ամեն ինչ պարզ կլինի»։

Նշենք, որ երեկ Գագիկ Ծառուկյանին պատկանող ընդունելությունների տանից ոստիկանները տարել են կենդանիների խրտվիլակներ, իսկ նրան պատկանող կենդանիներին քնեցրել են ու տեղափոխել այլ վայր։

«Նժար» սահմանադրական շարժման համահիմնադիր, իրավապաշտպան Նինա Կարապետյանցը նշեց, որ դեռևս մեկ տարի առաջ է ասել, որ Նիկոլ Փաշինյանի վերընտրվելու դեպքում տեսնելու են դիկտատուրայի դրսևորման բոլոր ձևերը, նույնիսկ այնպիսի բաներ, որին ականատես չեն եղել նախորդ իշխանությունների ժամանակ, որոնց համարում էին «հանցավոր ռեժիմ, ճնշումներ գործադրող և ավտորիտար»։

«Համոզմունք ունեի, որ հենց այսպես էլ լինելու է։ Մի քանի կադր եմ նայել երեկ, Գագիկ Ծառուկյանի ընտանիքին պատկանող գրասենյակներից տանում էին նաև համակարգչային մոնիտորները։ Օրինակ, մոնիտորը տանում են, որ ի՞նչ լինի, ի՞նչն են ստուգելու դրա վրա։

Կամ՝ այդ կենդանիներին տանում են, որ ի՞նչ լինի, բայց իրենք այդ ամենն անում են, որովհետև շատ լավ հասկանում են, որ սա հոգեբանական ճնշում է։ Եթե այդ կենդանիների պահման հետ կապված խնդիրներ կային, ապա առաջին կամ երկրորդ տարին չէ, դրան կարող էին անդրադառնալ այս 8 տարիների ընթացքում»,- 168.amի հետ զրույցում ասաց Նինա Կարապետյանցը։

Նա վստահ է, որ այս մեղադրանքների մի մասը ժամանակի ընթացքում չի հիմնավորվելու, հետևաբար՝ այդ ամենը Գագիկ Ծառուկյանին ճնշելու ձև է, նա այն հարմար թիրախն էր, ում ձայները գողացան, խորհրդարան անցնելու հնարավորություն չտվեցին։ Ավելին՝ այս հանցավոր գործունեությունը հաստատվեց նաև Սահմանադրական դատարանի որոշմամբ։

«Հիմա անցել են հաջորդ քայլին՝ մարդկանց նկատմամբ հոգեբանական ճնշում գործադրելուն»,- շեշտեց մեր զրուցակիցը։

Հարցին, թե ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկի այս իրավիճում միասնական ընդդիմությունը, Նինա Կարապետյանցը պատասխանեց՝ որպես «Նժար» սահմանադրական շարժում, վաղուց՝ հենց շարժման հիմնադրման օրվանից հայտարարել են, որ միասնական ճակատը կարևորագույն տարրն է լինելու, սակայն, ցավոք, ընդդիմությունն այդպես էլ մնաց պառակտված։

«Մարդիկ տարբեր պատճառաբանություններ բերեցին, թե ինչու իրենք պետք է առանձին լինեն, այնինչ մեր առաջարկը հետևյալն էր՝ միավորվում ենք ոչ թե մեկին բերելու ու մեզ թագավոր կարգելու համար, այլ միավորվում ենք բոլորս՝ հավասար խաղի պայմաններով, ու առաջ ենք տանում Հայաստանի շահը։ Սակայն այս տրամաբանությունը որևէ մեկի մոտ չաշխատեց, բոլորը կարծում էին, որ գալու են 1500 տոկոս ձայն հավաքեն ու հայտնվեն խորհրդարանում։

Միավորվելու համար երբեք ուշ չէ, անգամ այսքանից հետո, հատկապես հիմա առավել տրամաբանական կլինի միավորվելը, որովհետև յուրաքանչյուր ուժ, ով իրեն հայտարարել էր առաջնային, Նիկոլ Փաշինյանի համար դառնալու է հենց առաջնային թիրախ։ Կարծում եմ, իրենց կաշվի վրա զգալով, թե ինչ է հաջորդիվ անելու Նիկոլ Փաշինյանը, շատ մարդկանց մոտ պետք է գոնե ինքնապաշտպանության բնազդն աշխատի, եթե մնացած գաղափարներն իրենց համար այդքան էլ հասանելի չեն»,- ընդգծեց Նինա Կարապետյանցը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031