«Ամբողջությամբ զինված, իրենց դրոշները դրած` կանգնած են. մեր զորքին մի քանի անգամ գերազանցում են». իրավիճակը՝ Գեղարքունիքի սահմանին

Վարդենիսում ծառայող զինվորներից մեկի հարազատը րոպեներ առաջ մեզ ահազագնգեց, որ զինծառայողներին գյուղերից իջեցնում են Վարդենիս և խոսակցություն կա, որ նոր տարածքներ ենք հանձնելու թշնամուն:

«Վարդենիսում է ծառակում, նոր զանգեց, ասեց, որ իրենց սահմանամերձ գյուղերից իջեցնում են Վարդենիս ու խոսակցություն կա, որ 5 գյուղ են տալիս՝ Կութ, Վերին Շորժա, Ազատ, մի հատ էլ Զոդի վերևը գյուղ կա՝դա»,-ասել էր մեզ ահանզանգած քաղաքացին:

Փորձեցինք տեղեկություը ճշտել Վարդենիսից՝ այլ աղբյուրից. «Զոդի վերևում գյուղ չկա, իսկ Կութն ու Ազատը մի հարթության վրա են , եթե դրանք տան, Զոդը պահել չի լինի: Ադրբեջանցիները գիշերն էլի են առաջ եկել ու դրոշ են դրել»,- հայտնեց մեր զրուցակիցը:

Կութ համայնքի ղեկավար Սիմա Չիտչյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ նման տեղեկատվության չի տիրապեռում, ապա հավելեց, որ այս պահին Գեղարքունիքի մարզպետ Գնել ՍանոսյանըԳեղամասար խոշորացված համայնքի ղեկավարի հետ գյուղում են.

«Մոտեցա հարցրի՝ ի՞նչ նորություն կա, պատասխանեցին՝ լրիվ նույնն է մնում, սպասողական վիճակում ենք, սպասում ենք, որ սահմանագծող հանձնաժողովը գա, տեսնենք՝ ինչ է լինում: Համայնքի ղեկավարն ասաց՝ հեսա բարձրանում ենք դիրքեր: Մեր սարերը, որտեղ ադրբեջանցիները գրաված նստած են, մեր զորքն էլ է բարձրացել ու իրար մոտիկ նստած են…»:

Սիմա Չիտչյանից հետաքրքրվեցինք, թե այս պահին գյուղում ի՞նչ իրավիճակ է.

«Այս պահին սովորական: Ամսի 13-ից նույն սպասողական վիճակում սպասում ենք: Խուճապ չկա գյուղում, բայց վախ կա ժողովրդի մեջ, ո՞նց չվախենան, որ թուրքն արդեն եկած այդտեղ նստած է:

Անասուններին էլ, որ միշտ այդ տարածքում արածում էին, հիմա զոռով պահում ենք ներքևում: Առաջին օրը, որ թուրքերը եկել-նստել են մեր տարածքում, քշել են անասուններին, մեր անասնապահին ասել են՝ տարեք… Երեկ Արման Թաթոյանը եկել էր ու անասնապահի հետ հանդիպել, խոսել է»:

Կութ համայնքի ղեկավարը հայտնեց, որ ադրբեջանցիների դիրքավորված տեղից մինչև գյուղ ընկած տարածությունը օդայինով ընդամենը 5 կիլոմետր է, իսկ այնպես՝ մոտ 8 կիլոմետր.

«Իրենք մեր զորքից ավելի բարձր դիրքերում են նստած: Կութ, Նորաբակ, Վերին Շորժա համայնքների տարածքներում են: Իրենք շատ են և հո լրիվ միանգամից դուրս չե՞ն գալիս, փոխվում են, մեկ տեսնում ես՝ անցան սարի հետև, մնացին մի երկու հոգի, հետո տեսնում ես՝ նորից շատացան, նրանք շատ-շատ կլինեն, չի երևում, սարի հետևում երևի հանգստանում են: Այսօր չեմ նայել, բայց նախորդ օրերին դրոշ էին կպցրել, հեռադիտակով ենք նայել…»:

168-am-ը կապ հաստատեց նաև Գեղամասար խոշորացված համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանի հետ, վերջինս հեռախոսազրույցի ընթացքում դիրքերում էր: Ասաց,որ գյուղեր հանձնելու վերաբերյալ ինֆորմացիա չունի, ապա մանրամասներ հայտնեց սահմանին տիրող իրավիճակից.

«Այս պահին վիճակը կայուն է, որևէ նոր բան չկա, որտեղ որ եկել-նստել են՝ այդտեղ են, ոչ մի փոփոխություն չկա, ոչ հետ, ոչ առաջ…»:
Հակոբ Ավետյանից հետաքրքրվեցինք, թե արդյոք հակառակորդի մարդկային ուժը մե՞ծ է տվյալ հատվածում.

«Բա ո՞նց շատ չեն, այո, շատ են: Կոնկրետ թիվ չեմ կարող ասել, բայց մեր զորքին մի քանի անգամ գերազանցում է…»:

Գեղամասար խոշորացված համայնքի ղեկավարը հերքեց տեղեկությունը, թե իբր հայ զինծառայողներին սահմանից իջեցրել են և տանում են Վարդենիս.

«Ես հենց հիմա դիրքերում եմ, նման բան չկա: Ճիշտ է, բախումներ չկան, բայց լարված է, ամեն րոպեն կարող է պայթյունավտանգ լինի, բայց այս պահին իրավիճակը վերահսկվում է, ոչ մի կողմը կտրուկ քայլերի չի գնում…»:

Հետաքրքրվեցինք, թե արդյոք հատկապես գիշերային ժամերին հակառակորդի առաջխաղացման փորձերը, դիվերսիոն ներթափանցման փորձերը վերահսկելի՞են՝ հաշվի առնելով նրանց զորքի մի քանի անգամ շատ լինելը:

«Կարող է դժվարությունով լինի, բայց մեր տղաները սարի նման կանգնած են, կարևորը, որ դուխները տեղն է, չեն վախենում, բայց քանակությունը մեծ նշանակություն ունի, եթե մի կողմի ուժերը գերազանցում է, մյուս կողմի համար վտանգն ավելի մեծ է…»,- ասաց Գեղամասար համայնքի ղեկավարը:

Նա նաև նշեց, որ իրենց՝ Գեղամասար համայնքը, բաղկացած է 18 գյուղերից, և որ այս պահին երեք գյուղերի՝ Կութ, Ազատ, Նորաբակ գյուղերի ուղղությամբ է հակառակորդն առաջ եկել, իսկ Վերին Շորժան Վարդենիս խոշորացված համայնքի տարածքում է, և այդ ուղղության մասին ինքը որևէ ինֆորմացիա չի կարող փոխանցել:
Հակոբ Ավետյանից նաև հետաքրքրվեցինք՝ արդյոք թշնամին միայն մարդկային ո՞ւժ է կենտրոնացրել մեր տարածքում, թե՞ նաև ռազմական տեխնիկա է առաջ բերել.

«Գյուղից մինչև իրենց դիրքը 4-5 կիլոմետր է, նայած թե որ հատվածում, գյուղերը տեսանելի են իրենց և հաշվի առնելով հիմիկվա զենքերը՝ ամեն տեղն էլ կարող է շատ հեշտ խոցելի լինի: Եթե կա զորք, ապա կա նաև ռազմական տեխնիկա: Տեխնիկաները պահում են այնպես, որ տեսանելի չլինեն, բայց տեսնում էլ ենք, որ կա:

Ամբողջությամբ զինված, իրենց դրոշները դրած՝կանգնած են: Բայց այնպես չէ, որ մեր մեջ վախ կա, չէ, հակառակը, բնակչության մեջ էլ չկա խուճապ, ամուր կանգնած ենք, յուրաքանչյուր մեկս պատրաստ է կռվի ու ոչ մեկ պատրաստ չի հետնահանջի: Այս պահին, որպեսզի ռազմական ճանապարհով չլուծվի, ավելի շատ սպասում ենք բանակցությունների արդյունքում տեսնենք ինչ կլինի…»:

Վերին Շորժա համայնքի ղեկավար Արտյոմ Երանոսյանն էլ 168.am-ին փոխանցեց, որ իրավիճակը սահմանին շարունակում է նույնը մնալ.

«Ոնց երեկ էր, նույնն էլ այսօր է, ոչ մի փոփոխություն»:

168.am-ը փորձեց կապ հաստատել նաև Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանիհետ, սակայն մեր զանգերն անպատասխան մնացին:

Տեսանյութեր

Լրահոս