Դա կործանում է եթե ոչ՝ երկու, ապա՝ գոնե մեկ թատրոնի համար, և մենք փրկության կոչով չենք դիմել ԿԳՄՍ նախարարությանը. Կամերային երաժշտական թատրոնի դերասանները՝ նախարարին
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը կառավարության նիստից հետո անդրադարձավ Պետական կամերային երաժշտական թատրոնի և Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի միավորման գործընթացին՝ նշելով, որ դա օպտիմալացում չէ։
«Կա նման գաղափար, և դա լիովին տեղավորվում է նախարարության կողմից վարվող ոլորտային քաղաքականության մեջ։ Դա ինքնանպատակ չէ, մանրակրկիտ քննարկվել է, և միայն Կամերային կամ Պարոնյանի անվան թատրոններով չէ հարցը դիտարկվում։ Մենք ունենք այլ կազմակերպություններ, որոնք ունեն լրջագույն խնդիրներ, և ավելի լավ պայմաններ ենք, ըստ մեզ, առաջարկում իրենց»,- ասաց նախարարի պաշտոնակատարը։
Անդրադառնալով լուրերին, թե թատրոններից մեկի շենքում ռեստորան է բացվելու՝ Վահրամ Դումանյանը հերքեց՝ ասելով՝ բացառված է, որ նման բան լինի:
«Չկա՛ նման բան։ Մենք ունենք պետական սիմֆոնիկ նվագախումբ, որը խորթ զավակ չէ և տարիներ շարունակ չունի իրեն ամրագրված շենք։ Որևէ մեկի հաշվին որևէ բան չի արվում։ Բոլորը պետական կազմակերպություններ են: Հրաշալի է, որ թատրոնները միավորվում են, քանի որ միավորումներ կան, որ փրկություն են: Համարում ենք, որ այս քայլը հիմնավոր է և բխում է ոլորտի շահերից: Այդ թատրոնը դերասաններով հանդերձ հայտնվում է շատ ավելի լավ պայմաններում»,- ասաց Վահրամ Դումանյանը:
Նախարարը նշեց, որ կունենան հնարավորություն՝ բոլոր գաղափարները, ներկայացումները ինչպես ծրագրել են, այդպես էլ շարունակեն:
«Մեզ թույլ չենք տալիս քննարկման առարկա դարձնել խաղացանկը, խաղաոճը: Գեղարվեստական մասով յուրաքանչյուրն իր ղեկավարը կունենա»,- ասաց Վահրամ Դումանյանը:
Հարցին՝ երկու թատրոնները՝ որպես իրավաբանական կազմակերպություններ, գործելու են՝ պարզապես նույն շենքո՞ւմ, նախարարը պատասխանեց, որ քննարկման հարց է, կարող է լինել նաև այդպես:
Պետական կամերային երաժշտական թատրոնի դերասան Գևորգ Վարդանյանի կարծիքով՝ սա ոչ թե փրկություն, այլ կործանում է:
«Դա կործանում է եթե ոչ՝ երկու, ապա՝ գոնե մեկ թատրոնի համար: Այսինքն, այն թատրոնի, որը միավորվելու է: Այո՛, միավորումներ կան, որ փրկություն են, բայց ոչ մեր ասպարեզում, թատերական ոլորտում: Թատրոնների միավորումը չի կարող լինել փրկություն, հաստատ կործանում է լինելու: Այլ ասպարեզում, իհարկե, երկու-երեք միավորումը կարող է լինել փրկություն, բայց դա ստեղծագործող մարդուն չի վերաբերում»,- մեզ հետ զրույցում ասաց Գևորգ Վարդանյանը:
Ինչ վերաբերում է երկու գեղարվեստական ղեկավար ունենալուն, դերասանը նշեց, որ նման բան չի կարող լինել:
«Երկու գեղարվեստական ղեկավար ինչպե՞ս կարող է լինել մեկ թատրոնում: Ըստ իրենց՝ թատրոնների միավորմամբ լինելու է մեկ ստեղծագործական խումբ, իսկ մեկ ստեղծագործական խմբին հաստատ երկու գեղարվեստական ղեկավար պետք չի լինելու»,- նկատեց Գևորգ Վարդանյանը:
Պետական կամերային երաժշտական թատրոնի դերասանուհի Զարուհի Հակոբյանն էլ չի հասկանում, թե իրենց ումից կամ ինչից են փրկում:
«Մենք փրկության կոչով չենք դիմել ԿԳՄՍ նախարարությանը: Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնին ոչ թե փրկում, այլ գցում են կրակի մեջ: Եթե դա փրկություն է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համար, այդպես չէ: Իրենք, փաստորեն, այստեղ միայն փորձեր են անցկացնելու, բայց մինչև փորձեր անցկացնելը շենքի համար բավականին մեծ գումար պետք է ծախսվի, որպեսզի այդ ահռելի նվագախմբի համար փորձատեղի ստեղծեն: Սիմֆոնիկ նվագախմբին թող այլ շենք տան, որն այդքան ծախսի կարիք չի ունենա»,- ասաց Զարուհի Հակոբյանը:
Ինչ վերաբերում է երկու գեղարվետական ղեկավար ունենալուն՝ դերասանուհին հարցրեց.
«Չգիտեմ, Մնջախաղի թատրոնի փո՞րձն են կիրառում: Նրանք էլ Պատանի հանդիսատեսի թատրոնում են երկար տարիներ աշխատել, և փորձը ցույց է տվել, որ վատ է, ու եկել են այն եզրակացության, որ նույնիսկ Մնջախաղի թատրոնի փոքրիկ կոլեկտիվը չի տեղավորվել Պատանի հանդիսատեսի թատրոնի շենքում, ու որոշում է կայացվել նրանց մեկ այլ շենք հատկացնել: Հիմա եթե այդ պրակտիկան անհաջող է կիրառվել, ինչո՞ւ եք նույն բանը կրկնում: Մենք էլ հետո ասենք՝ հարմար չէ, մեզ շենք տվեք ու մտածեք, թե մեզ համար ո՞նց պետք է մի ճար անեք, շենք գտնեք: Կամ, եթե գումար կա, որ սիմֆոնիկ նվագախումբը պետք է գա, շենքը զրոյից վերակառուցի, դրա կեսի կեսով Պետական կամերային երաժշտական թատրոնը ֆինանսավորի, տեխնիկապես հագեցրու, թող իրոք դառնա մյուզիքլի թատրոն, որը թանկ հաճույք է, դրա համար պետք են ահռելի ֆինանսներ և ընտիր կադրեր:
Արդյո՞ք այդ կադրերը կան Երևանի թատրոնի և կինոյի ինստիտուտում: Մենակ ուզելով չէ, մենք չունենք այդ դպրոցը»,- եզրափակեց Զարուհի Հակոբյանը:
Հավելենք, որ ավելի վաղ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանից հետաքրքրվել էինք՝ արդյո՞ք իրենք են շենքի ընտրությունը կատարել, թե՞ նախարարությունն է առաջարկել, ու այլ տարբերակներ եղե՞լ են առաջարկված, թե՞ ոչ:
Ի պատասխան՝ Ս․ Սմբատյանն ասել էր․ «Մենք ընտրություն չենք կատարել: Խնդրում ենք, որ նվագախումբը տեղ ունենա»:
Նա նշել էր, որ նվագախումբը 15 տարի է՝ չունի փորձ անելու վայր, և այդ խնդիրները մեկ օր պետք է կարգավորվեն: Հետևաբար՝ նվագախմբին պետք է տարածք՝ աշխատելու, փորձեր կատարելու համար: