
«Սենյակներ բարձրանալ չի թույլատրվում, ունենք նախասրահներ, որտեղ նստում են, շփվում». Տուն-ինտերնատներն ու նախարարությունը՝ ծերերի կողմից «դրսից» հյուրեր ընդունելու լուրերի մասին

Տեղեկություն էր շրջանառվում այն մասին, որ ծերանոցներում արգելել են դրսից հյուրեր ընդունելը, որովհետև ծերերը տղա ու աղջիկ են կանչում, ներկայացնում որպես թոռնիկ, բարեկամ և այլն:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի խոսնակ Զառա Մանուչարյանից հետաքրքրվեցինք՝ նախարարությունն ունի՞ նման տեղեկատվություն և ծերանոցներում ի՞նչ պարբերականությամբ են հնարավոր տեսակցությունները, վերջինը պատասխանեց. «Բարեկամների տեսակցության սահմանափակում չունենք, իսկ կողմանկի անձանց մուտքի թույլտվություն տրվում է միայն գրությամբ»:
Կապ հաստատեցինք նաև մայրաքաղաքում և մարզերում գործող տուն-ինտերնատների և տարեցների կենտրոնների հետ, որոնք հերքեցին տեղեկությունը՝ նշելով, որ սահմանափակում եղել է միայն այն ժամանակ, երբ կորոնավիրուսի դեպքերը Հանրապետությունում շատ էին:
Ծերերը նաև ըստ կանոնակարգի՝ իրավունք հնարավորություն ունեն դրսում հարզատների հետ մի քանի օր անցկացնել:
«Հարազատը դիմում է ներկայացնում անձնագրի պատճենով, նշում է, թե շահառուն որտեղ պետք է բնակվի, օրինակ, 15 օր կամ 1 ամիս, մենք թույլ ենք տալիս: Ինչ վերաբերում է նրան, որ իբր անծանոթներ են այցելում, առաջին անգամ ենք լսում: Անգամ հարազատները չեն գալիս կամ չեն ուզում տանեն, ուր մնաց՝ անծանոթները: Բարեկամները հազվադեպ են տանում ու կարճ ժամկետով:
Էն որ պահեին, կպահեին, չէին բերի: Իսկ եթե բարեկամներն այցելում են ծերանոց, մնում են 2-3 ժամ, ամառ է՝ դրսում՝ զրուցարանում նստում են, զրուցում, հաց են ուտում: Կամ էլ, եթե Երևանից են գալիս, 2 ժամով տանում, ժամանակ են անցկացնում Գյումրիում, հետո նորից հետ են բերում: Շահառու կա, որ ո՛չ հարազատ ունի, ո՛չ բան»,- ասացին Գյումրու տուն-ինտերնատից:
Նորքի տուն-ինտերնատի տնօրեն Արթուր Մելքոնյանի փոխանցմամբ՝ միայն կորոնավիրուսի ժամանակ է գրավոր հանձնարարական եկել, որ այսինչ ժամակահատվածից այսինչ ժամանակահատվածը փակ է հաստատությունը:
«Մեզ մոտ մոտենում են պահակակետ, հստակ անուն, ազգանունն ասում են, թե ում մոտ են բարձրանում, նույնը նաև ընդունարանում, բուժկետում: Ներկայանում են, սպասում ներքևում, մինչև շահառուին իջեցնում են ներքև: Սենյակներ բարձրանալ չի թույլատրվում, ունենք նախասրահներ, որտեղ նստում են, շփվում, ժամանակ են անցկացնում: Հարազատները գալիս են հիմնականում 9:00-18:00-ն ընկած ժամանակահատվածում, որոշները նաև 18:00-ից հետո»,- պարզաբանեց տուն-ինտերնատի տնօրենը: