«Շնորհավորում եմ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշիքներին». Փաշինյան

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է Նիկոլ Փաշինյանը:

Նախքան օրակարգի քննարկումը, Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է արտահերթ խոհրդարանական ընտրությունների արդյունքների ամփոփմանը, Ադրբեջանի սադրիչ քայլերի և առավելապաշտական նկրտումների հետևանքով տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակի լարվածությանը, Հայաստանում աշխատատեղերի աճի դինամիկային, առաջին 6 ամսվա տվյալներով եկամտային հարկի հավաքագրման ցուցանիշների տարբերությանը, նոր տիպի կորոնավիրուսի հետ կապված իրադրութանը:

Ստորև ներկայացվում է կառավարության նիստի նախաբանի սղագրությունը.

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյան – Բարև ձեզ, հարգելի գործընկերներ: Մինչ կառավարության նիստի օրակարգին անդրադառնալը, ուզում եմ ընդգծել, որ հուլիսի 17-ին հրապարակված որոշմամբ, Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանն ուժի մեջ թողեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2021թ. հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին թիվ 184–Ա որոշումը:

Այսպիսով՝ ևս մեկ անգամ արձանագրվեց, որ արտահերթ ընտրությունները Հայաստանում անցել են ժողովրդավարության չափանիշներին համապատասխան, և ընտրությունների վերջնական արդյունքներն արտահայտում են Հայաստանի Հանրապետության ժողովրդի կամքը:

Հիշեցնեմ, որ համաձայն միջազգային դիտորդական առաքելությունների գնահատականների, արտահերթ խորհրդարանական ընտրությունները եղել են մրցակցային, հիմնական իրավունքներն ու ազատությունները հարգվել են, ընտրությունները եղել են ազատ, քարոզարշավի իրականացման հնարավորությունները եղել են հավասար, ապահովվել է լուսաբանման հավասար սկզբունքը, ընտրությունները համապատասխանել են ժողովրդավարության սկզբունքներին:

Այսպիսով՝ 8-րդ գումարման Ազգային ժողովը կազմված կլինի 107 պատգամավորներից, և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կունենա 71 մանդատ, «Հայաստան» դաշինքը՝ 29 մանդատ, «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 7 մանդատ:

Հարգելի գործընկերներ,

Սիրելի հայրենակիցներ,

Մեզ բոլորիս շնորհավորում եմ ճգնաժամային պայմաններում ազատ և մրցակցային խորհրդարանական ընտրությունների անցկացման կապակցությամբ: Շնորհավորում եմ «Հայաստան» դաշինքին և «Պատիվ ունեմ» դաշինքին խորհրդարան անցնելու առիթով:

Ուզում եմ ընդգծել, որ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ ընտրությունները դարձել են ներքաղաքական ճգնաժամի հաղթահարման միջոց, մինչդեռ նախկինում մենք սովոր ենք եղել ընտրությունների արդյունքներով ներքաղաքական ճգնաժամեր ունենալու պրակտիկային:

Հարգելի գործընկերներ,

Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանն ընտրությունների արդյունքներով կայացված որոշման մեջ մի շարք կարևոր շեշտադրումներ է արել: Դրանցից այս պահին ուզում եմ անդրադառնալ ատելության խոսքին վերաբերող հատվածին: Մեջբերում եմ Սահմանադրական դատարանի որոշումից. «Սահմանադրական դատարանը, հաշվի առնելով վարչապետի սահմանադրական կարգավիճակը  և լիազորությունների ծավալը Հայաստանի սահմանադրական ժողովրդավարության պայմաններում, ինչպես նաև քաղաքական մեծամասնության ունեցած ազդեցությունը հանրային իշխանության մարմինների համակարգում, ընդգծում է նրանց կողմից գործուն միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտությունը՝ հայաստանյան քաղաքական խոսքում ատելության բռնության,  վիրավորանքի և արժանապատվությունը նվաստացնելու կասկած հարուցող խոսքի և վարքագծի որևէ դրսևորում, ներառյալ՝ նաև նախընտրական քարոզչության ժամանակ հնչեցվող խոսքում բացառելու նպատակով:

Ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի կողմից իրականացվող նախընտրական քարոզչությունն ուղղված է ընտրողների վստահությունը ձեռք բերելուն, ամրապնդելուն: Այս գործընթացում առանցքային դեր պետք է կատարի տնտեսական, սոցիալական, պաշտպանական և այլ բնագավառներում քաղաքական ուժերի ծրագրային դրույթների մասին ընտրողների իրազեկումը և այդ դրույթների առարկայական քննարկումը՝ չբացառելով նախընտրական քարոզչության ժամանակ սուր քննադատական խոսքը, որը սակայն չպետք է ուղեկցվի ատելության, բռնության, վիրավորանքի և արժանապատվությունը նվաստացնելու կասկած հարուցող խոսքով և վարքագծով: Ընդ որում, նշված գործընթացի արդյունավետության ապահովման հարցում մեծ դեր ունեն ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքական ուժերը»: Մեջբերման ավարտ:

Բոլորիս ուշադրությունը հրավիրում եմ այն փաստին, որ տվյալ գնահատականը վերաբերում է ոչ միայն նախընտրական քարոզարշավին, այլև ընդհանրապես՝ քաղաքական խոսույթին ու վարքագծին:

Որպես խոհրդարանական ընտրություններում հաղթած, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակը գլխավորող և ժողորդի կողմից ընտրված վարչապետ, ուզում եմ ասել հետևյալը. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն Ազգային ժողովում և Ազգային ժողովից դուրս տրամադրված է կառուցողական, փոխադարձ հարգանքի վրա հիմնված աշխատանքի՝ հանուն մեր երկրի անվտանգության, բարեկեցության և զարգացման: Մենք վճռական ենք ժողովրդի առաջ մեր ստանձնած պարտավորությունները լիարժեք կատարելու գործում և պատրաստ ենք համագործակցային, ատելության խոսքից, բռնության խոսույթից, վիրավորանքից, արժանապատվությունը նվաստացնող բառապաշարից զերծ աշխատանքի, ինչպես խորհրդարանական, այնպես էլ արտախորհրդարանական ուժերի հետ:  Ինչպես գիտեք, արտախոհրդարանական ուժերի հետ համագործակցությունն ինստիտուցիոնալ տեսք է ստանում այս օրերին, իսկ խորհրդարանական ուժերի հետ հարաբերություններն ինստիտուցիոնալացված են Հայաստանի Հանրապետության Սահամանադրությամբ և օրենքներով:

Ընդգծում եմ, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը և խորհրդարանական մեծամասնությունն ընդունում եմ Սահմանադրական դատարանի ուղերձը, և ինչպես քաղաքական, այնպես էլ օրենսդրական և իրավական անհրաժեշտ միջոցները կձեռնարկեն՝ Հայաստանը և նրա ժողովրդին ատելության խոսքից, վիրավորանքից, արժանապատվությունը նվաստացնելուն ուղղված խոսույթից զերծ պահելու համար:

Հարգելի գործընկերներ,

Ցավոք, մեր տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակը շարունակում է մնալ լարված:

Ադրբեջանի սադրիչ քայլերը և առավելապաշտական նկրտումները նորանոր սպառնալիքներ են ստեղծում մեր տարածաշրջանի, Հայաստանի և Արցախի համար: Այս համատեքստում նախ ուզում եմ ընդգծել այն առանցքային դերը, որ կատարում է Ռուսաստանի Դաշնությունը մեր տարածաշրջանում կայունությունն ու անվտանգությունն ապահովելու գործում: Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի միացյալ խմբավորումը և Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ առաքելությունն անկյունքարային նշանակություն ունեն տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման գործում:

Միևնույն ժամանակ՝ շարունակում եմ կարծել, որ Ադրբեջանը նպատակ ունի խափանել նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների իրագործումը, մասնավորապես՝ տարածաշրջանային կոմունիկացիաների բացման և Հայաստանի ապաշրջափակման մասով:

Ինչպես և նախկինում, Հայաստանը շատ կարևոր և առաջնային է համարում տարածաշրջանային կումունիկացիաների բացումը, և մենք պատրաստ ենք շարունակել աշխատանքն այս ուղղությամբ՝ կոնկրետ արդյունքների հասնելու ակնկալիքով: Ակնկալում ենք, որ Ադրբեջանն օր առաջ կկատարի գերիներին, պատանդներին և այլ պահվող անձանց վերադարձնելու իր ստանձնած գրավոր պարտավորությունը:

Սույն թվականի մայիսի 12-ից Ադրբեջանի կողմից Սոթք-Խոզնավար հատվածում Հայաստանի Հանրապետության սահմանի խախտումն անընդունելի է: Վերահաստատում ենք Սոթք-Խոզնավար հատվածում երկու կողմերի ստորաբաժանումների՝ հայ-ադրբեջանական սահմանագծից հայելային հետքաշման, ռուս սահմանապահների և միջազգային դիտորդների տեղակայման ճանապարհով ճգնաժամի լուծման մեր առաջակը, ինչը կարող է անհրաժեշտ պայմաններ ստեղծել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և սահմանագծման ուղղությամբ: Վերահաստատում ենք նաև խաղաղ բանակցությունները վերսկսելու՝ նախկինում մեր արտահայտած պատրաստակամությունը:

Տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունն այլընտրանք չունի, և Հայաստանի Հանրապետության կառավարությունը հանձնառու է իրացնել Հայաստանի, Արցախի և ընդհանրապես՝ տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու Հայաստանի Հանրապետության ժողովրդից ստացած մանդատը:

Այսքանը՝ որպես նախաբան:

Մինչ օրակարգային հարցերին անդրադառնալը, ուզում եմ անդրադառնալ ևս մեկ թեմայի: Խոսքը Հայաստանում աշխատատեղերի աճի դինամիկայի մասին է: Մենք արդեն մի քանի ամիս շարունակում ենք արձանագրել, որ մեր երկրում աշխատատեղերի թիվն աճում է: Եվ ուրախությամբ պետք է արձանագրեմ, որ հունիսին նույնպես ունենք վճարվող գրանցված աշխատատեղերի բացարձակ ռեկորդ:

Պարոն Հովհաննիսյան, կխնդրեի ներկայացնել ամենաթարմ տվյալները:

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյան –  Շնորհակալություն: Այո, պարոն վարչապետ, վերջին ամիսներին աշխատատեղերի շարունակաբար աճի վարքագիծը պահպանվել է նաև հունիս ամսվա ընթացքում. գրանցված վարձատրվող աշխատատեղերի քանակը կազմել է շուրջ 643 հազար: Այս ցուցանիշը երբևէ նախադեպը չունեցող ցուցանիշ է, և համեմատության համար պետք է ընդգծել, որ այն 34 000-ով ավելի է 2020 թվականից, շուրջ 38 000-ով ավելի է 2019 թվականից և 80 000-ով ավելի է 2018 թվականից:

Հատկանշական է նաև, որ հունիս ամսվա ընթացքում նշված աշխատատեղերին վճարված ընդհանուր եկամուտը նույնպես աննախադեպ ցուցանիշ է գրանցել՝ կազմելով շուրջ 139 մլրդ դրամ: Որպեսզի պատկերացնենք այս ցուցանիշի տարբերությունը համեմատության մեջ՝ նշեմ, որ այն անցյալ տարվա՝ 2020թ. նկատմամբ ավելի է 19 մլրդ դրամով, 2019թ. նկատմամբ՝ 26 մլրդ դրամով, իսկ 2018թ. նկատմամբ՝ 40 միլիարդ դրամով:

Բարձր ցուցանիշ է գրանցվել նաև վճարվող եկամուտներից հաշվարկված և վճարված եկամտային հարկի մասով: Առաջին անգամ ամսական կտրվածքով եկամտային հարկի չափը հասել է շուրջ 30 մլրդ դրամի: Այս ցուցանիշը նույնպես էականորեն տարբերվում է անցյալ տարիների հունիս ամիսների համեմատելի ցուցանիշից:

Բարձր է ստացվել նաև ամսական կտրվածքով միջին աշխատավարձը՝ 216 հազար դրամ: Այս ցուցանիշը 2020-ին կազմել է 198 000, 2019-ին՝ 187 000 և 2018-ին՝ 177 000 դրամ: Իսկ հունիս ամսվա ընթացքում, ինչպես նշեցի, կազմել է 216 000 դրամ:

Առաջին անգամ ընդհանուր աշխատատեղերի ցուցանիշը նունպես ամենաբարձրն է գրանցվել, խոսքը վճարվող և չվճարվող աշխատատեղերի մասին է, այն կազմել է 695 000 դրամ: Այսքանը: Շնորհակալություն:

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյան – Շնորհակալ եմ, պարոն Հովհաննիսյան:

Հարգելի գործընկերներ, ուզում եմ մեր ուշադրությունը հրավիրել առաջին 6 ամսվա տվյալով եկամտային հարկի հավաքագրման ցուցանիշների տարբերության վրա: Մենք այս տարվա առաջին 6 ամիսներին 28 մլրդ 500 մլն դրամով ավելի շատ եկամտային հարկ ենք հավաքագրել, քան 2018 թ.: Սա այն պարագայում, երբ  եկամտային հարկի դրույքաչափն էականորեն իջեցրել ենք: Ուզում եմ ասել, որ սա այն կոնկրետ դեպքն է, որ կառավարության մտահղացումն իրականություն է դարձել: Որովհետև այն ժամանակ, երբ մենք եկամտահարկը համահարթ էինք դարձնում, ասում էինք, որ մեր նպատակային թիրախներից մեկը եկամտային հարկի հավաքագրման ավելի մեծ ծավալներ ունենալն է, և այդ նպատակը միջնաժամկետում իրագործված է:

Բայց նաև ուզում եմ անդրադառնալ մեկ ուրիշ խնդրի. մենք գիտենք, որ ցավոք, մեր կատարած մի շարք բարեփոխումներ չարաշահվում են: Գիտեք, որ ներդրեցինք միկրոբիզնեսի համակարգը, որի նպատակը փոքր ընկերություններին աջակցելն էր, որպեսզի նրանք ավելի հեշտությամբ դառնան ավելի խոշոր և ավելի հաջողակ: Հիշեցնեմ, որ նման կարգավիճակ ստանում են այն ընկերությունները, ովքեր ունեն տարեկան մինչև 24 մլն դրամ շրջանառություն: Բայց ի՞նչ երևույթ ենք տեսնում: Իմիջայլոց, նաև այդ սեգմենտի համար եկամտային հարկի տարբերակված ցուցանիշ ենք սահմանել՝ կրկին նպատակ ունենալով աջակցել փոքր բիզնեսին, որպեսզի նա խոշորանա: Այսինքն՝ ինչի՞ համար ենք աջակցում բիզնեսին, փոքր բիզնեսին, որպեսզի նա դառնա ավելի հաջողակ, ավելի մեծ եկամուտներ գեներացնի և ավելի մեծ հարկեր վճարի: Բայց մենք նման դեպքերում, ցավոք, ի՞նչ երևույթ ենք տեսնում: Տեսնում ենք, որ օրինակ տարեկան 100 մլն դրամի շրջանառություն ունեցող ընկերություններն այս օրենսդրական փոփոխություններից օգտվելու կամ ավելի ճիշտ չարաշահելու համար կիսվում են 4 մասի և դառնում են 4 հատ միկրոձեռնարկատիրական ընկերութուն, որը մեր բարեփոխման նպատակից անդին է:

Նախկինում էլ այս թեմայով խոսակցություն ունեցել ենք: Պետք է այս թեմային անպայման անդրադառնանք, որպեսզի թույլ չտանք հարկային չարաշահումներ: Մենք արդեն ունենք մշակված օրենքի նախագիծ և պետք է այդ ուղղությամբ գնանք առաջ: Որովհետև կրկին եմ ասում՝ մեր փոփոխութունների նպատակն այն չէ, որ խոշոր ձեռնարկութունները տրոհվեն և դառնան բազմաթիվ մանր ձեռնարկություններ՝ ինչ-որ մի չափի հարկ պակաս վճարելու համար: Մեր նպատակը հակառակն է, որ փոքր ձեռնարկություններին աջակցենք, որպեսզի նրանք խոշորանան և արդյունքում՝ ավելի շատ հարկ վճարեն:

Այնպես, որ եկեք պայմանավորվենք, որ մենք պիտի գործուն միջոցներ ձեռնարկենք՝ հարկային չարաշահումները թույլ չտալու համար: Իհարկե, պետք է քննարկումները լինեն ներառական, որպեսզի կարգավորումներն անելիս լինենք շատ թիրախային և նպատակները ճիշտ ձևակերպենք, նպատակներին հասնելու ուղիները ճիշտ պլանավորենք: Սա էլ երկրորդ թեման:

Փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյան – Պարոն վարչապետ, ուզում եմ Ձեր ասած երկրորդ կետի հետ կապված՝ հարկային բարեփոխումների, մի բան էլ ավելացնել ու արձանագրենք, որ դա էլ է հայտնվել մեր օրակարգում, և պետք է ճշգրտումներ անել։

Բացի միկրոբիզնեսի տրոհումից, մենք մի այլ երևույթ էլ ենք արձանագրել, չնայած այն ժամանակ՝ բարեփոխումների ժամանակ այդ ռիսկը տեսել էինք, որ իրական աշխատատեղերը վիրտուալ կամ ձևական փոխարինվում են ինքնազբաղվածի կամ միկրոձեռնարկության ծառայություններով, որը նույնպես անթույլատրելի է։ Այսինքն՝ դա էլ մեր ցանկությունը չէր և դա նույնպես հարց է, որին անդրադառնալու ենք, և կարծում եմ ճշգրտումներ կանենք, որպեսզի նման չարաշահումներ չլինեն։

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյան – Մենք, իհարկե, այդ թեմաներին պետք է անդրադառնանք։ Պետք է արձանագրենք, որ ունենք ոլորտներ, որոնք հարկային արտոնյալ դաշտում են գտնվում, և դա միշտ չէ, որ արդարացված է: Մենք պետք է հստակ տարբերակենք և զատորոշենք գերակա ուղղությունները ոչ գերակա ուղղություններից և այդտեղ որոշակի հարկային բարեփոխումներ իրականացնենք։ Որովհետև այն ամբիցիոզ ծրագիրը, որ ուզում ենք իրականացնել Հայաստանում բարեփոխումների և վերափոխումների համար, դրանք ֆինանսական լուրջ ներարկումներ են պահանջում։ Իհարկե,  այդ առումով շատ կարևոր է մեր միջազգային  գործընկերների աջակցությունը: Ուզում եմ ընդգծել Եվրամիության կայացրած որոշումը՝ Հայաստանին 2,6 մլրդ եվրոյի  աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ: Բայց նաև ներքին աղբյուրներից պետք է կարողանանք արդար և հավասարակշռված ֆիսկալ քաղաքականություն վարել, որպեսզի պետությունն ի վիճակի լինի գեներացնել հարկային եկամուտների այն ծավալը, որը տրամաբանորեն, օրենսդրորեն և արդարության տեսակետից ընդունելի կլինի։ Այս ուղղությամբ, իհարկե, պետք է շարունակենք մեր աշխատանքը։

Երրորդ թեման, որին ուզում եմ անդրադառնալ, նոր տիպի կորոնավիրուսի հետ կապված իրադրութունն է: Արդեն երկու օր է ինչ ունենք օրական 200-ից ավել ցուցանիշ:

Տիկին Նանուշյան, խնդրում եմ ներկայացրեք վերջին մի քանի օրերի դինամիկան: Ի՞նչ է տեղի ունենում: Համեցեք:

Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյան – Շնորհակալություն: Մեծարգո պարոն վարչապետ, հարգելի գործընկերներ, ուզում եմ նշել, որ վերջին օրերի ընթացքում որոշակի աճի տենդենց գրանցվում է շատ փոքր տեմպերով: Սակայն եթե անցած շաբաթ գրանցում էինք մինչև 200, մաքսիմում կազմում էր օրական 200 դեպք, ապա այս շաբաթ արդեն 200-ը հատել ենք, և երեկ հայտարարել ենք 220 նոր դեպքի մասին, այսօր արդեն 225 դեպք է գրանցվել:

Մեր կանխատեսումներով՝ մոտակա օրերի ընթացքում աճի տենդենցը շարունակվելու է: Կցանկանայի ներկայացնել նաև մի քանի թիվ, թե քանի մարդ է բուժում ստանում: 3790 մարդ բուժում է ստանում, որից 606-ը՝ հիվանդանոցային:Նրանցից 282-ը գտնվում են ծանր վիճակում, իսկ ծայրահեղ ծանր վիճակում գտնվում է 48 մարդ: Պարոն վարչապետ, ուղղակի թվերն եմ նշում, որպեսզի ևս մեկ անգամ զգոնության կոչ անեմ մեր բնակչությանը, որ կորոնավիրուսային հիվանդության համաճարակը դեռ շարունակվում է: Երեկ մահվան դեպքերը եղել են 2-ը:

Կցանկանայի նշել նաև, որ մեր տարածաշրջանում գտնվող երկրներում կորոնավիրուսային հիվանդության հետ կապված համաճարակը լարված վիճակում է գտնվում: Եվրոպական որոշ երկրներում նույնպես շարունակվում է աճ գրանցվել: Սակայն այն երկրներում, որտեղ պատվաստված քաղաքացիների մասնաբաժինը բավականին մեծ տոկոսի է հասնում, այդտեղ հիմնականում հոսպիտալացումները և մահերը, որոնք ավելի քիչ թվով են, գրանցվում են այն մարդկանց մոտ, ովքեր պատվաստված չեն: Քանի որ այսօր Հայաստանի կառավարությունը 18 տարեկանից բարձր բոլոր անձանց համար պատվաստանյութն անվճար հասանելի է դարձրել՝ կոչ եմ անում մեր քաղաքացիներին օգտվել այդ հնարավորությունից և օգտագործել այս պատուհանը մինչև այլ ալիքի ուժգնացումը, որը մենք արդեն տեսնում ենք: Շնորհակալություն:      

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյան – Շնորհակալ եմ, տիկին Նանուշյան։ Նախ եկեք արձանագրենք մի կարևոր փաստ. երեկ ես Առողջապահության միջազգային կազմակերպության ղեկավարին էի լսում և, ըստ էության, պարզ է, որ կորոնավիրուսը դեռ շատ երկար մեզ ուղեկցելու է, որովհետև եթե մի ալիքն անցնում է, մուտացիաներ են տեղի ունենում և այսպես շարունակ։ Այսինքն՝ սպասել, որ մի օր ուղղակի կորոնավիրուսը վերանալու է, իրատեսական չէ: Բայց կա նաև լավ նորություն. համենայնդեպս, մինչ այս պահը եղած տվյալներով՝ եղած պատվաստանյութներն էֆեկտիվ են բոլոր շտամների համար, ինչը նշանակում է, որ զգոնության վերաբերյալ Ձեր կոչը եթե թարգմանենք, ի՞նչ է նշանակում. 2 բան, որ պետք է շատ ինտենսիվ շարունակենք պատվաստման աշխատանքները և երկրորդը՝ փակ տարածքներում դիմակների կրման պրակտիկան պետք է, այնուամենայնիվ, հնարավորինս լավ մակարդակի վրա պահենք։

Հետևաբար՝ սա պետք է լինի մեր ուղղությունը։ Ուզում եմ հիշեցնել, որ դեռևս 2020թ. մայիսից մենք որդեգրել ենք հետևյալ քաղաքականությունը, որ պետք է սովորենք ապրել կորոնավիրուսի հետ։ Մենք ունենք այդպիսի որոշում, և հույս ունեմ՝ պրակտիկայում  այդ որոշումը կկարողանանք իրագործել, որ լոքդաուների չենք գնալու ընդհանրապես, բայց սա պետք է անենք համատեղ ուժերով։

Օրական պատվաստումների մեր դինամիկան ինչքա՞ն է այժմ:

Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյան – Օրական 5000-ը հատել ենք, պարոն վարչապետ։

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյան – Բայց նաև օտարերկրացիներին ե՞նք հաշվառում այդ թվի մեջ։

Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյան –  Շատ ավելի քիչ քանակով ենք իրականացնում՝ միայն մոբիլ թիմերում և որոշակի սահմանափակ թվաքանակով։

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյան – Չէ: Ես կուզենայի, որ ամենօրյա վիճակագրության մեջ առանձնացնենք հայաստանցիների և օտարերկրացիների թիվը: Պայմանավորվել ենք, որ հայաստանցիների օրական պատվաստումների առնվազն 5000 տեմպը պետք է պահենք։

Եվ կրկին ուզում եմ բոլորիս ուշադրությունը հրավիրել, որ յուրաքանչյուրս անելիք ունենք։ Պետական գերատեսչությունների աշխատողների շրջանում պետք է ակտիվ այդ պրոցեսն առաջ տանենք, մեր միջավայրում, շրջապատում, մեր հրապարակային ելույթներում պետք է անընդհատ այս թեման շատ կարևորենք։ Որովհետև, իսկապես, կորոնավիրուսն անընդհատ նոր ալիքներ և նոր շտամներ է ունենալու, և դրանից պաշտպանվելու միջոցը երկուսն է՝ դիմակ և պատվաստում։ Հետևաբար՝ մենք պետք է նաև ջանք գործադրենք, որպեսզի փակ տարածքներում դիմակի կրման կանոնները մաքսիմալ լավ պահպանվեն: Մմեր կոչն է մեր հայրենակիցներին՝ անպայման այդ կանոնը հնարավորինս պահել, որպեսզի այս ոլորտում նույնպես ստիպված չլինենք գնալ վարչական ներգործության միջոցների։ Բայց, եթե վիճակագրությունն ստիպի դա անել, խոսքը դիմակների կրման կանոնները խստացնելու մասին է, մենք ստիպված կլինենք գնալ այդ ուղղությամբ։

Բայց կրկին եմ ասում՝ամենաարդյունավետ ճանապարհը պատվաստումն է։ Մենք այս պահին ունենք պատվաստանյութի բավականին լավ պաշար և շարունակում ենք բանակցությունները՝ մեզ անհրաժեշտ թիրախներին հասնելու համար։ Այնպես որ այս ուղղությամբ պետք է բոլոր գերատեսչություններն աջակցեն Առողջապահության նախարարությանը, որպեսզի պատվաստումները տեղի ունենան անհրաժեշտ տեմպերով և քանակներով։ Ունե՞ք ավելացնելու բան: Շնորհակալ եմ:

ՀՀ կառավարություն

Տեսանյութեր

Լրահոս