«Եթե թուրքերը կարողացան Երասխը գրավել, հեշտ ու հանգիստ կհասնեն Երևան»․ գյուղացիները՝ Երասխում տիրող իրավիճակի մասին

Հուլիսի 19-ի երեկոյան ադրբեջանական զինված ուժերը, ժամը 18:40-ից սկսած, մի քանի ժամ շարունակ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից գնդակոծել են հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերը: Պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ պարբերաբար կիրառվել են նաև ականանետեր: Հուլիսի 19-ի ուշ երեկոյան և 20-ի գիշերը, մինչև ժամը 02։00-ն, ադրբեջանական զինված ուժերը շարունակել են հրաձգային զինատեսակներից, առանց ականանետերի կիրառման, գնդակոծել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերը:

Մի քանի ժամ տևած ինտենսիվ փոխհրաձգության հետևանքով հայկական կողմից հրազենային վիրավորում է ստացել Երասխ համայնքի ղեկավար Ռադիկ Օղիկյանը։

Երասխի հատվածում կրակոցներ նախորդ օրերին ևս եղել են, հուլիսի 14-ին ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված սադրանքի հետևանքով մահացու հրազենային վիրավորում ստացավ պայմանագրային զինծառայող, 32 տարեկան Սամվել Գագիկի Ալավերդյանը: Ինտենսիվ կրակոցները շարունակվել էին նաև հուլիսի 16-ին և 17-ին։

168.am-ը երեկ էր եղել Երասխում, զրուցել գյուղացիների հետ։

«1992-ին գնացինք ծառայության, 94-ին եկա, մնացի այստեղ, 95-ին ամուսնացա, երեխեք ունեցա, թոռներ ունեցա, մինչև հիմա այստեղ ենք։ Բարեկամությունս Ռուսաստանում են, ես էլ ստեղ եմ, չեմ պատրաստվում գյուղը լքել, մենք այստեղ ընկեր ենք կորցրել, հրամանատար ենք կորցրել»,- պատմեց Համլետ Սահակյանը:

Համլետն ասաց, որ կրակոցներն իրենց համար սովորական են դարձել, մարդիկ ուշադրություն չեն դարձնում դրանց և շարունակում են իրենց հողը մշակել․

«Թուրքը մնում է թուրք, կարող է՝ մի օր կրակի, մի օր ձեն չհանի, էդ ձև ապրում ենք մեզ համար»։ «Էսի Շուշիի գրավելու օրն են դրել իրանք․․․ Շուշին վերցրին, էդ օրն էլ դրոշը դրին, դրանից առաջ դրոշ չի եղել, Շուշին գրավեցին, էդ օրվանից դրոշը դրած է, թե ասեն՝ շուտվանից է, չէ․․․»

Նա նաև պատմեց, թե իրականում ինչ է տեղի ունեցել հուլիսի 17-ին․

«Իրենք առաջանում են, մեր տղերքը պաշտպանում են, որ չառաջանան, խի՞ գան առաջ։ Էսօր եկան գյուղը մտան, էքուց ասելու են՝ գյուղից դուրս արեք»։

Երասխի բնակիչներից Սամվել Սինանյանն ասաց, որ գյուղի տղերքը պատրաստ են ցանկացած զարգացման, միայն թե իշխանությունները պետք է բոլորին զենք հատկացնեն․

«Ճիշտ քայլը գյուղի ջահելներին զինելն է, որ մենք էլ ապահով զգանք, եթե ձեռքդ զենք կա, ապահով ես զգում․․․ Սա կարելի է ասել՝ Երևանի ճակատն  է, եթե թուրքերը կարողացան գրավել, հեշտ ու հանգիստ կհասնեն Երևան, մենք պետք է ամրացնենք մեր տարածքները, հզորացնենք․․․»։

Բաբկեն Մախմուրյանն էլ, որ 1980-ական թվականներին Մարտունու շրջանից է տեղափոխվել Երասխ, ասաց, որ ոչ մի օր չեն բացակայել գյուղից․

«Մարտունու շրջանի Ձորագյուղ գյուղից եմ, 1987 թվականի մայիսից այստեղ ենք վերաբնակեցվել ու մինչ օրս ոչ մի տեղ չենք գնացել, էն կռիվների ժամանակ էլ ստեղից դուրս չենք եկել»։

Բաբկենի կինն էլ ամուսնու խոսքը լրացնելով՝ ասաց․ «Ու ոչ մի տեղ էլ չենք գնալու, թուրքը թող գնա մեզանից, մենք խի՞ վախենանք։ Էն թեժ պահերին էլ մենակ ես ու իմ ամուսինն էինք, տղես դրսում ա, մենք ոչ մի տեղ չենք գնացել․․․ Մենք ոչ մի տեղ չենք գնալու ու թուրքին չենք զիջելու անգամ մի թիզ հող, մեր տարածքն է, ո՞ւր գնանք․․․»։

Անդրադառնալով երկաթգծի վերագործարկմանը, որը, հնարավոր է՝ անցնի նաև իրենց գյուղով, Երասխի բնակչուհին այսպես արտահայտվեց․

«Եթե երկաթգիծը բացվեց, թուրքն իր անելիքն անելու է, սաղ Նախիջևանով, Բաքվով կապ ունեն Թուրքիայի հետ․ չէ, ես համաձայն չեմ, էդ բանը շատ սխալ է, մենք ո՞ւմ հետ պետք է կապ ունենանք, որ երկաթգիծը բացվի, չէ, ես համաձայն չեմ․․․»։

Ի դեպ, օրեր առաջ Նիկոլ Փաշինյանը և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Երևանում  լրատվամիջոցների համար հանդես էին եկել հայտարարությամբ: Զավեշտալին այն էր, որ երկրի ղեկավարը՝ հիմնական պատասխանատուն, հղում կատարելով ոչ պաշտոնական աղբյուրներին, հայտարարում է նոր ռազմական բախումների մասին.

«Ոչ պաշտոնական աղբյուրներից ստացած տեղեկությունների համաձայն՝ Ադրբեջանը մտադիր է նոր ռազմական բախումներ հրահրել Արցախում և հայ-ադրբեջանական սահմանին, ինչի արտահայտումը մենք այսօր տեսնում ենք հայ-ադրբեջանական սահմանին՝ Նախիջևանի հատվածում»:

Մինչ այդ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Հայաստանի Հանրապետության մի շարք շրջաններ կրկին ադրբեջանական պատմական հող էր հռչակել՝ ասելով, թե ադրբեջանցիները նաև այդ տարածքներ են վերադառնալու։

«Այժմ, հաղորդակցության բոլոր ուղիների ապաշրջափակումից հետո, մենք, իհարկե, կվերադառնանք, ադրբեջանական բնակչությունը կվերադառնա նախնիների հողեր։ Նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության մեջ նշված է՝ բոլոր փախստականները վերադառնալու են հայրենի օջախներ։ Զանգեզուրը մեր հայրենի հողն է, Գյոյչան և Իրևանը մեր հայրենի հողերն են»,- հայտարարել էր Ալիևը՝ հերթական անգամ հրապարակային ելույթում օգտագործելով Սևան և Երևան տեղանունների ադրբեջանական տարբերակները։

Հանրապետական կուսակցության խորհրդի անդամ, Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանն այսօր անդրադառնալով Երասխում տեղի ունեցող գործողություններին՝ զգուշացրել է.

«Երասխը Երևանի դարպասներն են։ Զգո՛ն եղեք, և մի՛ կարծեք, թե Արցախյան խայտառակ պատերազմից ու պարտությունից հետո, հենց այնպես կրակում են դեպի Երևան տանող դարպասներին։ Սա արդեն Ադրբեջանի ձեռագիրը չէ, այլ Թուրքիայինը։

Եթե պետությունը պատերազմի և խայտառակության միջև ընտրություն կատարելիս, ընտրում է խայտառակությունը, ապա նա ստանում է և՛ պատերազմ, և՛ խայտառակություն: Սա ասել է Ուինսթոն Չերչիլը։

Նիկոլ ընտրելով՝ մենք ընտրել ենք խայտառակությունը, հետևաբար՝ նաև հնարավոր պատերազմը։

Վերջերս, Երևանում Շառլ Միշելի հետ հանդիպման ժամանակ, Նիկոլը խոսել է նոր ռազմական բախումների հավանականության մասին։ Մենք դրա մասին խոսում ենք դեռևս 2020թ. դեկտեմբերից՝ առ այսօր։ Բայց ինչ օգուտ. լսողները խլացել են, տեսնողները՝ կուրացել։

Անչափ ծանր ժամանակներ ենք ապրում։

Դադարեցրե՛ք ընդդիմության նկատմամբ քաղաքական բռնաճնշումները, վե՛րջ տվեք ներքաղաքական կապկանման շոուներին։ Պատասխանատու եղե՛ք պետության ու նրա քաղաքացու առջև։ Հավաքվե՜ք, միավորվե՜ք, խելքի՜ եկեք վերջապես»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է նա։

Վերջում պարզապես հիշեցնենք՝ Երասխից Երևան մոտ 60 կմ է (57-66, կախված երթուղուց)։

Տեսանյութեր

Լրահոս