«Զոհեր չունենք, գյուղապետն է ուսից վիրավորվել». Երասխի բնակիչը մանրամասներ է ներկայացնում գիշերվա միջադեպից
«Երեկոյան ժամը 18:30-ի սահմաններում կրակոցներ եղան, մոտ կես ժամ կրակեցին, բայց թույլ էր, իսկ գիշերը 23:00-ի մոտերը ահավորկրակոցներ սկսվեցին»,- 168.am-ի հետ զրույցում պատմեց Երասխի բնակիչը:
Գյուղացու խոսքով՝ զոհեր ունենալու մասին խոսակցություններ չկան, բայց վիրավորվել է Երասխի համայնքապետը՝ Ռադիկ Օղիկյանը. «Էդ գիշերվա ուժեղ կրակոցների ժամանակ է եղել, ասացին՝ գյուղապետն ուսից վիրավորվել է, տեղափոխել են հիվանդանոց…»:
Երասխի բնակչից հետաքրքրվեցինք, թե որքա՞ն են տևել կրակոցները և արդյոք այս պահին դադարե՞լ են կրակել. «Կոնկրետ ժամ չեմ ֆիքսել, բայց երևի մինչև գիշերվա 2-ը կրակոցներ կային: Բայց դրանից հետո պարբերաբար մի քանի կրակոց լսվել է, առավոտյան ժամը 7-ի կողմերն էլ կրակոց եղավ, բայց ոչ գիշերվա նման…»:
Հիշեցնենք, որ Պաշտպանության նախարարությունը երեկ երեկոյան հայտնել էր, որ ադրբեջանական զինված ուժերը ժամը 18:40-ից սկսած, մի քանի ժամ շարունակ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից գնդակոծել են հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերը: Պարբերաբար կիրառվել են նաև ականանետեր: