Ադրբեջանը մտադիր է նոր ռազմական բախումներ հրահրել Արցախում և հայ- ադրբեջանական սահմանին. Նիկոլ Փաշինյան
Ուժի կիրառումը և զանգվածային ոճրագործությունները չեն կարող լուծել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, որի կարգավորումը հնարավոր է միայն բանակցությունների միջոցով միջազգային մանդատ ունեցող միակ ձևաչափի` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում: Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ համատեղ ասւոլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
«Այս համատեքստում կարևոր եմ համարում հիշատակել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ապրիլի 13-ի հայտարարությունը, որով նրանք կոչ են անում կողմերին լավ հայտնի սկզբունքների հիման վրա Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջնական, համապարփակ և կայուն կարգավորման ձեռքբերման նպատակով առաջին իսկ հնարավորության դեպքում վերսկսել բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը` համանախագահների հովանու ներքո: Ես արդեն մի քանի անգամ հրապարակայնորեն ողջունել եմ խաղաղ բանակցություններ սկսելու այս հայտարարությունը՝ ընդգծելով, որ Հայաստանը պատրաստ է բանակցությունների վերսկսմանը, սակայն Ադրբեջանը որևէ արձագանք չի տվել և ոչ պաշտոնական աղբյուրներից ստացած տեղեկությունների համաձայն՝ Ադրբեջանը մտադիր է նոր ռազմական բախումներ հրահրել Արցախում և հայ-ադրբեջանական սահմանին, ինչի արտահայտությունը մենք այսօր տեսնում ենք հայ-ադրբեջանական սահմանի Նախիջևանի հատվածում»,- ընդգծեց Փաշինյանը:
ՀՀ վարչապետի պաշտոնակատարի խոսքով` Ադրբեջանի հրահրած միջադեպերը թույլ չեն տալիս նաև սկսել հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի և դեմարկացիայի աշխատանքները, որոնց ինքը նույնպես մի քանի անգամ հրապարակային անդրադարձել է այդ թվում` նախընտրական քարոզարշավի ընթացքում: