Երասխի հատվածում մահացու վիրավորում ստացած Սամվել Ալավերդյանը երկու անչափահաս երեխաների հայր էր․ News.am
Հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում այսօր՝ հուլիսի 14-ի առավոտյան, ադրբեջանական զինված ուժերի սադրանքի հետևանքով մահացու հրազենային վիրավորում ստացած պայմանագրային զինծառայող, շարքային Սամվել Ալավերդյանը երկու անչափահաս երեխաների հայր էր։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց նրա ընկերը՝ Ռազմիկ Արշակյանը։
«Սամվելի ծնողները հաշմանդամ են։ Ընտանիքում աշխատում է նաև Սամվելի կինը, սակայն ապրում են սոցիալապես վատ պայմաններում»,-ասաց Ռազմիկ Արշակյանը։
38-ամյա Սամվել Ալավերդյանը երկու տարի էր, ինչ ծառայության էր անցել Պաշտպանության բանակում որպես պայմանագրային զինծառայող։ Նա 44-օրյա պատերազմի մասնակից էր։
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան միջադեպ էր գրանցվել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում։ Ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները, մարտական դիրքերի առաջխաղացման նպատակով, փորձել են ինժեներական տեխնիկայի կիրառմամբ ամրաշինական աշխատանքներ իրականացնել:
Հայկական կողմի հակազդող գործողություններից հետո ադրբեջանցի զինծառայողները նշանառու կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի արդյունքում պայմանագրային զինծառայող Սամվել Ալավերդյանը մահացու վիրավորում է ստացել: Կորուստներ ունի նաև ադրբեջանական կողմը:
Սամվել Ալավերդյանը կհուղարկավորվի հուլիսի 16-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում։