«Ադրբեջանցիները մեր ամենաբարձր պոստի մոտ ևս 3 մեծ վրան են ավելացրել․ վրանները հո դատա՞րկ չեն»․ Կութի գյուղապետ

«Եթե այսպես շարունակվի, հնարավոր է՝ կութեցիները լքեն գյուղը»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Կութ համայնքի ղեկավար Սիմա Չիտչյանը։

Գյուղապետի խոսքով՝ չնայած ավելի քան 1 ամիս  է՝ իրենց փոխանցում են, որ ռուս սահմանապահենրը տեղակայվելու են Կութում, մինչև օրս սահմանապահները տեղակայված չեն, ավելին՝ ադրբեջանցիներն ամեն օր ավելի են ամրապնդվում հայկական հողում․

«Ասում էին՝ ռուս սահմանապահները պետք է որ այս 2 օրը գային։ Պետք է գային, բայց հլը որ չկան։ Ադրբեջանցիները եկած, լցված, ամենքը՝ 4–5 վրան սարքած, իրենց պոստերում․ վրանները հո դատա՞րկ չեն։ Ճիշտ է, իրենց չենք տեսնում, բայց 2 օր առաջ հեռադիտակով նայեցի, մեր ամենաբարձր պոստի մոտ 3 հատ մեծ վրան է ավելացած, ոչ թե առաջ են գալիս, այլ գրաված տարածքում ամրապնդվում են․․․ Գյուղացիներն էլ են տեսել, ասում են՝ տեսե՞լ եք՝ ինչքան վրաններ են ավելացրել․․․ Վտանգը ավելի է շատանում, մենք էլ մարդ ենք, հո անասո՞ւն չենք․․․»։

Գյուղապետն անդրադարձավ նաև հունիսի 5-ին ադրբեջանցիների գողացած 80 գլուխ անասունների փաստին: Անասունները պատկանում էին գյուղի 5 ընտանիքներին, դեպքից շուրջ 2 ամիս է անցել, բայց պետությունն այդ ընտանիքներին  փոխհատուցում դեռ չի տվել, մինչդեռ գյուղացին այդ անասուններով էր իր տունը պահում․

«Այդ 5 ընտանիքի ապրուստը գողացան, տարան, ոչ մի տեղից ոչ մի արձագանք, ոչ մի բան չկա։ Հիմա մենք այստեղ նստենք, սահման պահենք, որ ի՞նչ։ Այո, եթե անասունների հարցը չլուծվի, փոխհատուցում չտան, ինչպես նաև գյուղի անվտանգությունը չապահովեն՝ թշնամին հետ չգնա՝ ոչ միայն այդ 5 ընտանիքները, այլև ամբողջ գյուղը դատարկվելու է»։

Չիտչյանից հետաքրքրվեցինք, թե արդյոք վերջին օրերին իշխանության որևէ ներկայացուցիչ գնացե՞լ է Կութ:  Մեր հարցի պատասխանը  բացասական էր․

«Ո՛չ, ոչ մեկը։ Ոչ մի տեղից էլ չե՛ն եկել, սպասում ենք, որ մեր մարզպետը կանչի այդ 5 ընտանիքներին, ոչ մի տեղից ոչ մի արձագանք չկա․․․»։

Սիմա Չիտչյանը նաև ասաց, որ գյուղի վերևի հատվածում՝ ադրբեջանցիների վերահսկողության տակ, մարդիկ շարունակում են խոտհարքը․

«Ճիշտ է, կրակոցներ չկան, բայց գյուղացիները վախենալով են բարձրանում, տեխնիկա էլ չեն բարձրացնում, ամբողջը ձեռքով են քաղում․․․ Արոտ էլ չկա,  արոտի տեղը քչացել է, ադրբեջանցիները վերցրել են, մնացել է չորացած մասը, անասունները սոված գնում գալիս են, տարածքը՝ քիչ, անասունը՝ շատ, արոտ էլ չկա, բա մարդիկ ի՞նչ անեն, սոված են մնացել անասունները․․․»։

Հիշեցնենք, որ մայիսի 12-ից թշնամին խախտելով հայ-ադրբեջանական սահմանը՝ Սյունիքի և Գեղարքունիքի հատվածներում մի քանի կիլոմետր առաջ է եկել՝ պատճառաբանելով, թե իր տարածքներն է, հետևաբար՝ չի հեռանալու։ Գեղարքունիքի մարզում թշնամին առաջ է եկել Կութ, Ազատ, Նորաբակ և Վերին Շորժա գյուղերի ուղղությամբ։

Նշենք, որ այս ընթացքում ադրբեջանցի և հայ զինվորականների միջև բազմաթիվ միջադեպեր են գրանցվել։ Մասնավորապես՝ մայիսի 25-ին Վերին Շորժայի սահմանային հատվածում հակառակորդի արձակած կրակահերթերից հետո սկսված փոխհրաձգության հետևանքով հրազենից մահացու վիրավորվել էր պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Վ. Յ. Խուրշուդյանը (32 տ.)։

Այս դեպքից 2 օր անց՝ մայիսի 27-ին, Գեղարքունիքի սահմանային հատվածում ադրբեջանական զինուժի կողմից շրջափակվել և գերեվարվել էր ՀՀ ԶՈՒ 6 զինծառայող։

Տեսանյութեր

Լրահոս