Բաժիններ՝

Մեռածներն այնքան շատ էին,  որ բարձած սայլով տանում էին քաղաքից դուրս. Վանի 1648 թվականի ավերիչ երկրաշարժը

Հայկական լեռնաշխարհը գտնվում է աշխարհի սեյսմիկ ակտիվ շրջաններից մեկում, և պատահականություն չէ, որ այս տարածքում տեղի են ունենում ուժգին երկրաշարժեր։ Եթե թերթենք պատմությունը, ապա տեսնում ենք, որ մեր հայրենիքում տարբեր դարերում գրանցվել են ուժգին երկրաշարժեր։ Մասնավորապես կարելի է առանձնացնել 863 թվականին Դվինում գրանցված ուժգին երկրաշարժը, որի մասին բազմաթիվ տեղեկություններ են հայտնում պատմիչները։ Մասնավորապես, պատմիչ Ստեփանոս Ասողիկը նշում է, որ ցնցումները տևել են մոտ 3 ամիս։

Դվինի երկրաշարժի մասին խոսելով՝ Մովսես Կաղանկատվացին նշում է, որ այդ աղետին զոհ է  գնացել մոտ 120 հազար մարդ։ Ցանկում կարելի է առանձնացնել նաև 906 թվականին Վայոց Ձորում գրանցված երկրաշարժը, 1679 և 1827 թվականներին Գառնիում գրանցված երկրաշարժերը, ինչպես նաև 1988 թվականի Սպիտակի երկրաշարժը։ Ավերիչ և ուժգին երկրաշարժ է եղել նաև 1648  թվականին Վան քաղաքում գրանցված երկրաշարժը, որի մասին բացառիկ պատմական տեղեկություններ է տրամադրում Առաքել Դավրիժեցին.

«Փլվեց Վան քաղաքի ներքին բերդի պարիսպը Թավրիզի դարպասից մինչև Իղարի բուրգը։ Նաև այստեղ-այնտեղ շատ տեղեր պարսպից փլուզվեցին ու փլվեցին, իսկ նրանք, որ չփլվեցին, խախտվեցին, որոնք բոլորը հետո քանդեցին և նորից ամբողջը շինեցին»։ (Առաքել Դավրիժեցի «Պատմություն»։ Երևան, 1988 թվական, էջ 381):

Դավրիժեցին մանրամասն նկարագրում է նաև, թե ինչ վիճակում էր Վան քաղաքը ցնցումներից հետո։ Ինչպե՞ս էին մարդիկ արձագանքում բնական աղետին, և քանի՞ օր տևեցին ցնցումները.

«Բազմաթիվ տներ, ապարանքներ, շինվածքներ փլվեցին և իրենց տակ թողին բազմաթիվ մարդկանց ու անասունների։ Մեռածներն այնքան շատ էին,  որ բարձած սայլով տանում էին քաղաքից դուրս։ Թաղելիս չէին կարողանում գերեզման փորել, այլ գետինը ճեղքելով մեծ վիհ էին անում և մեռելներից ութին, տասին փաթաթում էին կտավով, դնում վիհը և հողով ծածկում։ Ութ օր երկիրը երկրաշարժի մեջ էր այնպես, որ չէին կարողանում տներում բնակվել, այլ բացօթյա վայրերում վրանով էին մնում, որովհետև այդ ութ օրը երկիրն անդադար շարժման մեջ մնաց, ինչպես նավը ջրի երեսին։ Դրանից հետո մի քիչ հանդարտվեց, բայց չորս օրը, հինգ օրը, տասն օրը մեկ անգամ շարժվում էր։….Առաջին երկրաշարժից հետո յուրաքանչյուր ոք, ով մեռնելուց ազատվեց, եկավ իր տունը, սկսեց պեղել հողը։ Հողի տակից հանում էին ունեցվածք, մարդիկ։ Թեպետ մեռածներն անթիվ էին, բայց և կային շատերը, որոնք Աստծու խնամքով կենդանի էին մնացել. Դրանց հողի տակից հանեցին, այնպես, որ տասը- տասնհինգ օր հետո կենդանի մարդ էին հանում հողի տակից։ (Նույն տեղում` էջ 382-383):

Պատմական զանազան փաստերն ու տեղեկությունները մի կողմից՝ ներկայացնում են Վանի ավերիչ երկրաշարժը, աղետի հասցրած վնասները, իսկ մյուս կողմից՝ նշվում է, թե ինչպե՞ս միասնականության և պատրաստակամության շնորհիվ վանեցիները կարողացան կարճ ժամանակում հաղթահարել աղետը, վնասներն ու առաջին հերթին վերանորոգեցին հոգևոր, մշակութային արժեք ներկայացնող շինությունները։ Այդ գործում մեծ դերակատարում ունեցան հոգևոր հայրերն ու մի շարք մեծահարուստներ։

«Կիրակոս վարդապետը, որ Վարագա վանքի առաջնորդն էր, հանձն առավ նախ շինել ժամատուն, որը և կառուցեց, վերջացրեց։ Խոջա Ամիրխանը շինեց Սուրբ Խաչ եկեղեցին, Մարխաս չելեբին` Աստվածածնի եկեղեցին, խոջա Դիլանչին` Սուրբ Սիոնի եկեղեցին, խոջա Հովհաննեսը` Սուրբ Նշանի եկեղեցին։ Այդ եկեղեցիները շինեցին, մնաց Բերդով եկեղեցին, Քառասուն աբեղաների եկեղեցին։ Վանքի պարիսպը ևս… շուրջանակի շինեցին»։ (Հատվածը վերցված է Սերգեյ Վարդանյանի «Հայաստանի մայրաքաղաքները» գրքից։ Երևան, 1995 թվական, էջ 19):

Դվինի, Գառնիի, Վանի և այլն երկրաշարժերը ներկայացնում են պատմական շրջանը, աղետն ու հայ մարդու արձագանքն այդ ողբերգությանը։ Այդ ամենը կարդալով, ծանոթանալով պատմիչների գրքերում աղետի մասին գրառումներին՝ նկատում ենք, որ դարեր առաջ հայ մարդը կարողանում էր մեծ աղետներին և ողբերգություններն պատասխանել զսպանակի էֆեկտով։ Եվ երկրաշարժի դեպքում առաջին հերթին մեծ քաղաքների մարդիկ փորձում էին վերականգնել հոգևոր և մշակութային արժեքները, քանի որ դրանք էին ազգն ու հայրենիքը կանգուն պահող արժեքները։ Սակայն, դարերի հետ մեկտեղ՝ փոխվեցին ժամանակները և մշակույթը, ազգային արժեքները մեր իսկ ձեռքով նետվեցին վերջին պլան։ Այնինչ երկար ու խորը մտածելու դեպքում հասկանալի է դառնում, որ հենց այս արժեքները մեզ կարողացան հայ պահել այն դարերում, երբ մենք չունեինք պետություն և գտնվում էինք օտարների լծի տակ։

Զ. Շուշեցի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս