Բաժիններ՝

Եսայի մարգարեի գիրքն ընդունված է անվանել կապող օղակը Հին և Նոր Կտակարանների միջև

Եսայի մարգարեն ներկայանում է իբրև Տիրոջ Հոգով ուղարկված ծառա, ով եկել էր «աղքատներին ավետարանելու, սրտով բեկյալներին բժշկելու»: Հետագայում այս առաքելության մեջ պետք է Հիսուս տեսներ այն ծրագիրը, որն Ինքը եկավ իրականացնելու այս աշխարհում (Ղուկ. 4:16-21):

Մարգարեն ծնվել և իր ողջ կյանքն անցկացրել է Երուսաղեմում: Իր կյանքի օրոք սուրբը ենթարկվել է մի շարք հալածանքների՝ կյանքն ավարտելով նահատակությամբ: Թերևս միայն Եզեկիա թագավորի օրոք է, որ նա պատիվ է վայելել և արժանացել գնահատանքի:

Եսայի մարգարեի գիրքն ընդունված է անվանել կապող օղակը Հին և Նոր Կտակարանների միջև: Սրբին նաև անվանում են նախավետարանիչ կամ Ավետարանիչ մարգարե, որովհետև մարգարեներից ամենաշատը հենց նա է խոսել Մեսիայի՝ Տեր Հիսուս Քրիստոսի մասին: Եսայու մարգարեությունում ասված է. «Ահա կույսը պիտի հղիանա ու որդի ծնի, և նրա անունը պիտի լինի Էմմանուել» (Եսայի 7:14):

Եսայի անունը եբրայերեն նշանակում է «Տերը կփրկի»: Սրբի անունն ինքնին ներկայացնում է գրքի ամբողջ բովանդակությունը: Սրբի մարգարեությունը կարևորվում և հաճախ մեջբերվում է նաև Նոր Կտակարանում:

Եսայի մարգարեն ներկայանում է որպես Տիրոջ Հոգուց ուղարկված մարգարե`«ավետելու բարի լուրը աղքատներին և հոգ տանելու հուսահատներին»: Որոշ իրադարձություններ նա մարգարեացել է այնպիսի հստակությամբ, ասես անձամբ ականատես է եղել դրանց: Նրա մարգարեությունը, թե Քրիստոս որպես մարդ կծնվի Կույսից, կապրի և կշրջի երկրում, ապա կզոհաբերվի՝ վերցնելով իր վրա մարդկանց մեղքերը և հիվանդությունները, կչարչարվի և կտառապի, որպեսզի մարդիկ կարողանան փրկվել, իսկապես հույս է արթնացնում մարդկանց սրտերում: Եսայի մարգարեն, ով ծնվել է Քրիստոսից 760 տարի առաջ, արթնացնում է հույսը փրկության, Փրկչի գալստյան:

Մարգարեի հիշատակության այս օրը խորհենք, արդյո՞ք արժանի ենք այս սխրանքներին, որ կատարել են մարգարեները՝ հանուն մեր հավատի և հանուն Քրիստոսի: Մեր աղոթքներում մշտապես հիշատակենք նրանց, և Եսայի մարգարեի կյանքն ու ավանդը մեզ համար դարձնենք հույս առ այն, որ «Տերը կփրկի»:

qahana.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս