«Սա նշանակում է՝ պատերազմի սպառնալիքի տակ առաջիկայում հասնել ՀՀ-ի կողմից զիջումների, Ալիևը սրանով արտահայտում է իր տարածքային հավակնությունները ՀՀ-ի նկատմամբ». Արցախի նախագահի խորհրդական

Ադրբեջանի նախագահը հերթական անգամ հայտարարել է, որ «Սյունիքը պատմական ադբեջանական հող է», նաև հիշեցրել է իր հրամանով ստեղծված «Արևելյան Զանգեզուրի տնտեսական գոտու» մասին՝ հայտարարելով, որ «Արևելյան Զանգեզուրն իրենց պատմական հողն է, Արևմտյան Զանգեզուրը՝ ևս»:

Նա նաև ասել է, որ Ադրբեջանը պատրաստ է Երևանի հետ կնքել խաղաղության պայմանագիր, սակայն Երևանից որևէ արձագանք չկա։

Ինչ վերաբերում է Արցախին, ապա Ալիևն ասել է․ «Եթե խոսքը գնում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին, ապա արդեն ասել է, որ Ադրբեջանի տարածքում Լեռնային Ղարաբաղ կոչվող տարածքային միավոր չկա։ Այս արտահայտությունը այլևս չի կարող օգտագործվել: Չկա Լեռնային Ղարաբաղ, կա Ղարաբաղ»։

168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրաապետության նախագահի արտաքին հարաբերությունների հարցերով խորհրդական Նելլի Բաղդասարյանն անդրադառնալով Ալիևի այս հայտարարություններին, նկատեց՝ այս ամենն ուղղակի սպառնալիք է Հայաստանի Հանրապետությանը։

«Այստեղ, իհարկե, նոր բան չկար, սակայն առանձնանում էր այն իմաստով, որ իր հայտարարության մեջ Արցախի հետ կապված ոչինչ չշեշտեց։ Նրանք Արցախի հարցը լուծված են համարում, այժմ նրանց հերթական քայլն ուղղված է Հայաստանին։ Սա նշանակում է՝ պատերազմի սպառնալիքի տակ առաջիկայում հասնել ՀՀ-ի  կողմից զիջումների, Ալիևը սրանով արտահայտում է իր տարածքային հավակնությունները ՀՀ-ի նկատմամբ։ Կարծում եմ՝ սա համարժեք ու կոշտ արձագանքի պետք է արժանանա հայկական կողմից, որովհետև Ալիևի այս հայտարարություններն իրենց էությամբ և բովանդակությամբ արտահայտում են Ադրբեջանի օրակարգը և վտանգավոր են հենց այդ իմաստով: Ուժի սպառնալիքի և տարածքային ուղղակի հավակնությունների խնդիրը տեղավորվում  է ՄԱԿ-ի կանոնադրության 2-րդ հոդվածի 4-րդ կետ, հետևաբար՝ հենց այդ միջազգային կառույցում էլ խնդիրը պետք է ընթացք ստանա»,- նշեց Նելլի Բաղդասարյանը։

Հարցին՝ Ադրբեջանը բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է ճանաչել ՀՀ  տարածքային ամբողջականությունը, եթե Հայաստանն էլ ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ Արցախը ներառյալ, այժմ մտավախություններ չկա՞ն, որ իրադարձությունների նման զարգացումներով Ադրբեջանը կարող է հասնել դրան, մեր զրուցակիցը պատասխանեց՝ մտավախությունները մեծ են, որովհետև գործ ունենք ոչ միայն Ադրբեջանի, այլև ադրբեջանաթուրքական տանդեմի հետ։

«Այս առումով Թուրքիայի ամրացումը տարածաշրջանում արդեն իսկ իրողություն է։ Այստեղ հակազդման մեր հնարավորություններն առավել մեծ  դժվարությունների կարող են հանդիպել: Սակայն, ամեն դեպքում, կարծում եմ՝ իրավիճակը կարող է ճակատագրական լինել, եթե հայկական կողմը նման քայլի գնա։ Ադրբեջանի համար սա հաղթաթուղթ կլինի և իսկապես կարող է վերջնականապես ձախողել կարգավորման գործընթացը, Արցախի Հանրապետության հետագա գոյության հարցը դնել  վտանգի տակ։ Այս իմաստով, ըստ իս, չափազանց զգուշավոր վերաբերմունք է պետք այս հարցում, առաջին հերթին պետք է գործադրել հակազդման և զսպման բոլոր հնարավորությունները։ Իհարկե, նաև հաշվի առնելով այն փաստը, որ այսօր Ադրբեջանը Թուրքիա է, և որևէ կասկած այստեղ այլևս չկա»,- հավելեց Ն. Բաղդասարյանը։

Ինչ վերաբերում է Արցախի հետ կապված Ալիևի հայտարարությունների համատեքստում ԵԱՀԿ Մինսկի խմբի քայլերին, Նելլի Բաղդասարյանը նշեց, որ Մինսկի խումբը դեսպանների այցի ժամանակ արտահայտել է հստակ դիրքորոշում և ցույց է տվել, որ հակամարտությունը կարգավորված չէ, և դեռևս այդ գործընթացը պետք է շարունակվի։

«Կարծում եմ՝ վերջին շրջանում դա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության կողմից լուռ արտահայտված դիրքորոշում էր, այսինքն՝ Մինսկի խումբը բարձրաձայն լռեց։ Իհարկե, նաև ակնկալում ենք, որ առաջիկայում Մինսկի խմբի համանախագահությունը հանդես կգա հերթական հայտարարությամբ, որովհետև այն ծրագրային հայտարարությունը, որն արվել էր ապրիլի 13-ին, ենթադրում էր կոնկրետ քայլեր։ Այս հայտարարության մեջ կարգավորման օրակարգային հարցեր էին դրված, որին մենք, որպես հակամարտող կողմ, սպասում ենք։ Այսինքն՝ ԵԱՀԿ Մինսկի համանախագահությունը որպես հիմնախնդրի կարգավորման գործընթացը ստանձնած միակ կառույց, պետք է այս իմաստով իր դիրքորոշումը հստակ արտահայտի»,- շեշտեց Ն. Բաղդասարյանը։

Միաժամանակ նա ընդգծեց, թե որևէ կասկած չկա, որ Ադրբեջանը պատրաստվում է  պատերազմի, քանի որ պատերազմից անմիջապես հետո, ընդ որում՝ ինչ-որ հաջողությունների հասած պետությունը, որևէ առիթ չպետք է ունենա իր զինանոցը հապշտապ համալրելու։

«Ալիևն ունի հեռագնա նպատակներ և այսօր նա զինանոցը համալրում է արդիական տանկերով, ԱԹՍ-երի հերթական խմբաքանակով, զենիթահրթիռային համակարգերով, խոսքը բավականին մեծ խմբաքանակների մասին է։ Այսինքն՝ նա իր զինանոցը համալրում է՝ առաջին իսկ հնարավորության դեպքում նման գործողությունների գնալու համար (եթե գործընթացները չգնան իր կողմից սահմանված օրակարգով)։ Ալիևը պատերազմը համարում է վերջին հնարավորությունը՝ իր տարածքային հավականությունների համար, և այժմ այն փուլում է, որ օգտագործում է դեռևս պատերազմի սպառնալիքը»,- եզրափակեց Նելլի Բաղդասարյանը։

Տեսանյութեր

Լրահոս