«Բոլոր այն դեսպանները, ովքեր այցելել են Շուշի՝ տհաճ ու վատ տպավորություն են թողել Արցախում. նրանք խրախուսո՞ւմ են Ադրբեջանի ագրեսիան, համաձայնվո՞ւմ են Ադրբեջանի հետ, լեգիտիմացնո՞ւմ են այդ ագրեսիան․․․». Դավիթ Բաբայան
Ադրբեջանում հավատարմագրված մի շարք երկրների դեսպաններ, միջազգային կառույցների ղեկավարներ հուլիսի 9-ին երկօրյա այցով եղել են Արցախում՝ Ադրբեջանի օկուպացիայի տակ եղած տարածքներում, այցելել են նաև Շուշի։
Արցախ, մասնավորապես, այցելել են Թուրքիայի, Իտալիայի, Ավստրիայի, Շվեդիայի, Իսրայելի, Չինաստանի, Ճապոնիայի, Բելառուսի, Ուկրաինայի դեսպանները, ՄԱԿ-ի Փախստականների գործերի գերագույն հանձնակատարի վարչության և Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչները:
Այս այցին չեն մասնակցել Ռուսաստանի, Ֆրանսիայի, Միացյալ Նահանգների դեսպանները։
168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության Արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայան անդրադառնալով այս այցին, նախ նկատեց՝ բարձր են գնահատում ՌԴ-ի, Ֆրանսիայի և Միացյալ Նահանգների դեսպանների, նաև՝ այդ երկրների որոշումը՝ դեսպաններին Շուշի չուղարկելու համար։
«Այս երեք երկրների դիրքորոշումը քաղաքական և բարոյական առումով շատ ճիշտ քայլ է։ Իսկ բոլոր այն դեսպանները, ովքեր այցելել են Շուշի՝ շատ տհաճ ու վատ տպավորություն են թողել Արցախում։ Սա լուրջ հարված է այդ երկրների վարկանիշին, այսինքն՝ սա ի՞նչ է նշանակում, նրանք խրախուսո՞ւմ են Ադրբեջանի ագրեսիան, համաձայնվո՞ւմ են Ադրբեջանի հետ, լեգիտիմացնո՞ւմ են այդ ագրեսիան՝ հազարավոր մարդկանց սպանությունները, միջազգային իրավունքի կոպտագույն խախտումները։ Այսինքն՝ այս ամենը շատ վատ ու սխալ քայլ է, սա կոպտագույն խախտում է՝ միջազգային իրավունքի և մարդասիրական նորմերի։ Փաստորեն, ստացվում է, որ Թուրքիայի, Ադրբեջանի և ահաբեկիչների այդ ագրեսիան արդարացվո՞ւմ է, այդպես է ստացվում։ Բնականաբար, մենք դեմ ենք դրան և դատապարտում ենք նման ցանկացած այցելություն՝ ցանկացած երկրի կողմից»,- նշեց Դավիթ Բաբայանը։
Արցախի Հանրապետության արտաքին գերատեսչության ղեկավարի խոսքով՝ թե այս այցի վերաբերյալ ինչ հայտարարություն կանի ՀՀ արտգործնախարարությունը՝ չի կարող ասել, այդ իրավասությունը չունի։
«Ադրբեջանը, Թուրքիան և ահաբեկիչներն ուզում են լեգիտիմացնեն իրենց քաղաքականությունը։ Փաստորեն, ստացվում է, որ այդ դեսպանների գալով՝ նրանց գործողությունները լեգիտիմացվում են, չհասկանալով կամ հասկանալով այդ ամենը։ Թուրք-ադրբեջանական տանդեմն այդ երկրներին մասնակից ու հանցակից է դարձնում իր հանցավոր քաղաքականությանը»,- եզրափակեց Դավիթ Բաբայանը։