Հինգ ամսում ավելի քիչ զբոսաշրջիկ է եկել, քան նախորդ անզբոսաշրջիկ տարում. ո՞ւր մնաց նախարարի ասած 319 տոկոսանոց աճը

Զբոսաշրջիկները չեն շտապում ի կատար ածել էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանի սրտի ցանկությունը. խոսքն այս տարվա զբոսաշրջային հոսքերի վերաբերյալ արված հայտնի հայտարարության մասին է, որը ժամանակին զարմացրեց շատերին։

Հիշեցնենք, որ տարեսկզբին նախարարը կանխատեսում էր զբոսաշրջային հոսքերի 319 տոկոս աճ։

«Անցած տարի շռնդալից անկում ենք ունեցել տուրիզմի ոլորտում։ Բայց այս տարի արդեն դուք էլ կարող եք տեսնել փողոցներում, որ եթե անցած տարի մարտ ամսին տուրիստ չունեինք, այս տարի ունենք պարսիկների բավական մեծ խումբ։

Ապրիլին գիտենք, որ շատ ամրագրումներ կան: Իսկ մայիսից պլանավորում ենք մտնել լրիվ նորմալ և ընդունելի տեմպի մեջ: Այս տարվա համար տուրիզմի աճը նախորդ տարվա նկատմամբ կանխատեսված է 319 տոկոս»,- տարվա մեկնարկին հայտարարեց էկոնոմիկայի նախարարը։

Տարին կիսվել է, սակայն կիլոմետրերով հեռու ենք նախարարի հայտարարած ցուցանիշին հասնելուց։ Հինգ ամիսների տվյալներով՝ ոչ միայն աճ չունենք, այլև նախորդ տարվանից անհամեմատ ավելի քիչ զբոսաշրջիկ է եկել Հայաստան։

Պաշտոնական տվյալներով՝ անցած տարվա առաջին եռամսյակում մեր երկիր էր եկել 307 հազար զբոսաշրջիկ։ Այս տարվա նույն ժամանակահատվածում զբոսաշրջիկների հոսքը սահմանափակվել է 86 հազարով։

Միայն առաջին եռամսյակում 221 հազարով պակաս մուտք ենք ունեցել։ Զբոսաշրջիկների հոսքը տարեսկզբի 3 ամիսներին պակաս է եղել գրեթե 3 անգամով։

Անցած տարվա երկրորդ եռամսյակում, համավարակի և սահմանների փակ լինելու հետևանքով, ընդհանրապես մուտք չենք ունեցել։ Դրա համեմատ՝ այս տարի, անշուշտ, որոշակի ակտիվություն նկատվել է ապրիլ-մայիս ամիսներին։ Բայց դա այն չէ, որը թույլ տա խոսել հոսքերի վերականգնման կամ ակնկալվող 319 տոկոս աճին հասնելու մասին։

Ապրիլին Հայաստան է եկել շուրջ 42 հազար, իսկ մայիսին՝ 53 հազար զբոսաշրջիկ։ Ընդհանուր առմամբ՝ այդ 2 ամիսներին ունեցել ենք 95 հազար այցելու։

Եթե հաշվի առնենք, որ 86 հազար էլ եկել էր առաջին եռամսյակում, ապա կստացվի, որ տարվա առաջին 5 ամիսներին Հայաստան է այցելել 181 հազար զբոսաշրջիկ։

Սա ավելի քիչ է, քան նույնիսկ անցած տարվա առաջին եռամսյակի ցուցանիշն է։

Անցած տարվա առաջին եռամսյակում ունեցել ենք 307 հազար, այս տարվա 5 ամսում՝ 181 հազար այցելու. 126 հազարով պակաս, քան 2020թ.։

Որպեսզի առաջին կիսամյակի արդյունքներով հասնենք անցած տարվա մակարդակին, անհրաժեշտ է, որ հունիսին Հայաստան եկած լիներ 126 հազար զբոսաշրջիկ։

Եկե՞լ է, թե՞ չի եկել, պարզ կլինի ավելի ուշ, երբ հայտնի կդառնան հունիսի ցուցանիշները։

Մինչ այդ, երբ դիտարկում են զբոսաշրջային հոսքերի դինամիկան, դա գործնականում անհնարին է թվում։ Մայիսին՝ ապրիլի համեմատ, այցելուների քանակը Հայաստան ավելացել է ընդամենը 11 հազարով։ Այնինչ, որպեսզի հասնենք անցած տարվա առաջին կեսի ցուցանիշին, անհրաժեշտ է, որ հունիսին 2,5 անգամով ավելի շատ զբոսաշրջիկներ եկած լինեն, քան եկել էին մայիսին։

Նույնիսկ տեսականորեն նման հավանականությունը չկա։ Հատկապես, եթե հաշվի առնենք ոչ միայն տարածաշրջանային, այլև ներքաղաքական լարվածությունը, որը կար ընտրությունների հետ կապված։

Բացի այդ էլ՝ այսօրվա Հայաստանն այլևս այն անվտանգ ու ապահով երկիրը չէ, որը կարող է գրավել զբոսաշրջիկներին։ Զարմանալի չէ, որ վերջին շրջանում հաճախակի են դարձել տարբեր երկրների ու նրանց դեսպանատների կողմից հնչեցվող հայտարարությունները՝ իրենց քաղաքացիների անվտանգության հետ կապված մտահոգությունների վերաբերյալ։

Ընտրություններից առաջ կրկին այդպիսի մի հայտարարություն արեց Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանատունը՝ կոչ անելով իր քաղաքացիներին, հետընտրական պրոցեսների հնարավոր հետևանքներից զերծ մնալու համար, խուսափել մարդաշատ վայրերում լինելուց։

Սա ինքնին նշանակում է, որ մեր երկրում կան անվտանգության հետ կապված խնդիրներ, ինչից ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում էր իր քաղաքացիներին։

Դժվար չէ պատկերացնել, թե նման հայտարարություններն ինչպիսի ազդեցություն են ունենում Հայաստան այցելելու մտադրություն ունեցողների վարքագծի վրա։

Այսպիսի պայմաններում անիմաստ է լուրջ արդյունքներ ակնկալել։ Առավել ևս՝ սպասել 319 տոկոսանոց աճի։

319 տոկոս աճը նշանակում է, որ այս տարի Հայաստան պետք է գա առնվազն 1,2 մլն զբոսաշրջիկ։ Հինգ ամսում եկել է ընդամենը 181 հազար։ Դա նշանակում է, որ հետագա 7 ամիսներին զբոսաշրջության նպատակով պետք է Հայաստան այցելի առնվազն 1 միլիոն մարդ։ Միջին ամսական ստացվում է շուրջ 143 հազար այցելու։ Երեք անգամ ավելի շատ, քան այցելել է ապրիլին կամ մայիսին։

Անշուշտ, դեռ առիթ կլինի խոսելու զբոսաշրջության հոսքերի վերականգնման մասին, բայց այն տեմպերով, որոնք հիմա ունենք, լավագույն դեպքում՝ տարեվերջին կարող ենք ակնկալել 700-800 հազար այցելու։ Այսինքն՝ 2-2,5 անգամ ավելի քիչ, քան եղել էր 2019թ.։

Հիշեցնենք, որ 2019թ. Հայաստան էր այցելել 1 մլն 894 հազար զբոսաշրջիկ։

Երբ խոսում ենք զբոսաշրջության վերականգնման մասին, չենք կարող հաշվի չառնել այն բոլոր գործոնները, որոնք ուղղակիորեն ազդում են ոլորտի ակտիվության վրա։ Այս տարի, անշուշտ, որոշակի ակտիվություն կլինի՝ նախորդ, այսպես ասած, անզբոսաշրջային տարվանից հետո։ Համավարակը հետ է նահանջել ու հնարավորություն է տվել, եթե ոչ՝ ամբողջությամբ, ապա՝ գոնե մասնակի վերականգնել հաղորդակցությունը գործընկեր երկրների հետ։ Դա նպաստավոր գործոն է զբոսաշրջության համար։ Սակայն պետք է հաշվի առնել նաև այն նոր իրողություններն ու ռիսկերը, որոնք վերջին 1 տարում ի հայտ են եկել այս ոլորտում։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս