Ինչպես են արցախահայերը 1725-1726 թվականներին Շուշիում և Վարանդայում ջախջախում թուրքական բանակին
1724 թվականի հուլիսի 12-ին Կ․ Պոլսում կնքվում է ռուս-թուրքական պայմանագիր։ Կնքված պայմանագրի համաձայն՝ Արցախը ճանաչվեց թուրքական իրավասության ենթակա մարզ։ Թուրքիայի համար ստեղծվել է հարմար պահ և առիթ, որպեսզի իրագործի իր նպատակը։ Իսկ նպատակը պարզ էր և հասկանալի։ Հարկավոր էր վերացնել Հայաստանը։ Երևանի բերդի գրավումից հետո Թուրքիան սկսեց գործողություններ իրականացնել նաև Արցախում։ 1725 թվականի գարնանը թուրքական զորքերը մտան Վարանդա․
«1725 թվականի մարտի 1-ին թուրքական 4700 մարդուց բաղկացած զորքը մտավ Վարանդա գավառ։ Ղարաբաղի ազատագրական ուժերը զգալով, որ չեն կարող դիմադրել թվով գերակշռող թուրքական զորքին, որոշեցին առերես հպատակվել, և նրանց բաժանելով 33 գյուղերի վրա, գիշերային հարձակումով ոչնչացրեցին գրեթե բոլորին, սպանելով Ալի և Շահին փաշաներին, իսկ երրորդին՝ Սալլահին, գերի վերցրին»։ (Հատվածը վերցված է Վլադիմիր Սևյանի «Շուշի» գրքից։ Երևան, 1991 թվական, էջ 22)։
Հատկանշական է, որ արցախցիների կողմից թուրքական զորքերին ջարդելու մասին Եսայի կաթողիկոսը մելիքների հետ միասին նամակ է ուղարկում Պետրոս Մեծին։ Այդ նամակում մանրամասն նկարագրվում է, թե հայերը խորամանկ կերպով ինչպես են կարողանում ջարդել թուրքական զորքերին։ Թվում էր, թե այս ամենից հետո թուրքական բանակը կհանդարտվի, սակայն թուրքերը նոր ուժով նոր գործողություններ են կազմակերպում․
«1726 թվականին թուրքերը նոր ուժով՝ 40 հազարից բաղկացած զորքով հարձակվեցին Ղարաբաղի վրա։Նույն թվականի աշնանը Սարու Մուստաֆայի բանակը մոտեցավ Ղարաբաղի կենտրոնին, ռմբակոծեց Ավան հարյուրապետի կառուցած Քարագլխի (Շուշի) բերդը։ Ութօրյա մարտերից հետո թուրք փաշային հաջողվեց գրավել բերդի մի մասը։ Բերդի պաշտպաններից 400 մարդ զոհվեցին։ Սարու Մուստաֆան վերցնելով բազմաթիվ գերիներ, մեծ քանակությամբ ավար՝ ձիեր ու անասուններ, ետ քաշեց և վերադարձավ Գանձակ։ Շուշիի հերոսամարտը էժան չնստեց նաև թուրքերին։ Նրանք կռվի դաշտում թողել էին երկու զորապետ և 800 շարքային»։ (Նույն տեղում՝ էջ 23)։
Արցախցիների կողմից Շուշիում թուրքերին հասցված ծանր հարվածների մասին տեղեկանում են ռուսական արքունիքում։ Նրանք մանրամասն իմանում են տեղում իրականացվող գործողությունների և այլ մանրամասների մասին։ Շուշիից հետո կռիվները շարունակվում են Արցախի այլ վայրերում ևս։ Հետագայում արդեն պարզ է դառնում, որ մեծաթիվ զորքով և ռազմամթերքով զինված թուրքական բանակի դեմ միայնակ կռվելը կլինի բարդ։ Այդ իսկ պատճառով փորձ է արվում ռուսական արքունիքից օգնություն խնդրելու։ Արդեն իսկ 1729 թվականի հունվարին Ավան և Թարխան հարյուրապետերը օգնություն են խնդրում ռուսական արքունիքից։ Մասնավորապես Ավան հարյուրապետը Արցախի 18-րդ դարի հայ ազատագրական պայքարի ամենակարկառուն գործիչներից մեկն է։ Տեսակետներից մեկի համաձայն հենց նա է 1724 թվականին դրել Շուշիի ամրոցի պատերի հիմքը։ Այս բարեկիրթ և վեհ անձնավորությունը փորձեց օգնություն ստանալ ռուսներից։ Օգնություն ստանալու ակնկալիքով Պետերբուրգ է մեկնում Ավան հարյուրապետի եղբայրը՝ Թարխանը։ Նրա տարած նամակում մասնավորապես գրված է․
«Արզ լիցի մեծութեանդ քում այսօր քանի տարի է, որ մեր սղնախ եմք արարել, օսմանցու սուլթանի ղոշունի հետ կռիվ ենք տալիս լուսահոգի մեծ թագավորի ուքազով, մինչև այսօր քանի անգամ մարդ եմք ղրկել լուսահոգի թագուհին և քո հրամանոցդ ղուլուղն, մեզ մին օգնություն չի եղև, զէրա մեք երկուսս եկանք Բաքու, Ոհան ուզպաշին, Ապրահամ ուզպաշին, Պաղի ուզպաշին, Աւաք ուզպաշին տեղ թողեցինք սղնախումն մեք եկանք Բաքու, իմ եղբայր Թարխանու ուզպաշին, պարոն Գրիգորն, պարոն Մելքուն, պարոն Ներսէսն ղրկցինք քոյ հրամանոցդ ղուլուղն, վասն Աստուծոյ խաթրին մեզ մին օգնութիւն անես, ի սէրն Քրիստոսի քանի քանի Ռ (1000) հոգի կան մեր սղնախում, Աստուծոյ հրամանաւ և քո ողորմութեամբն մինչի այսօր բահել եմք, էսիր չեմք տվել, այսօր շատ նեղ տեղ եմք, լուսահոգի մեծ թագավորի գերեզմանի խաթրին մեզ քօմակ և օգնութիւն հասուցանես, որ անօրենի ձեռնին էսիր չի լինիմք, վերև Աստուած, ներքև քո հրամանքդ ես մեզ քոմակ, մեր ամինայն աւհալն․ Թարխան ուզպաշին և իմ վաքիլ Գրիգոր Մելքուն քո հրամանոցդ արզ կանեն, որ սոքա ինձ վաքիլ կարգեցի։ Այս գիրս ասելն թողեցինք Սարեցին կամենտանտին մոտ Ավան մհրովն»։ (Նույն տեղում՝ էջ 27)։
Ռուսական արքունիքից օգնությունը ուշացավ։ Արցախի հայերի վիճակն ավելի վատթարացավ։ Այս ամենին գումարվեց նաև այն, որ Ավան և Թարխան հարյուրապետերը նույն թվականին տեղափոխվում են մերձկասպյան շրջաններ, որտեղ էլ 1734 թվականին Ավան հարյուրապետին նվիրվում են կալվածքներ, որտեղ բնակվում են Արցախից գաղթած հայեր։ Ավան հարյուրապետը մահանում է Աստրախանում՝ 1736 թվականին։
Ամփոփելով պատմական այս շրջանը՝ պետք է ընդգծել, որ 1720-1730 թվականներն ընկած ժամանակահատվածում թուրքերը կարողացան մեծ վնասներ հասցնել և տարածքներ գրավել Արցախից, սակայն նրանք ջախջախիչ պատասխաններ ստացան արցախահայերից։ Արցախի հայության ազատագրական պայքարը բացառիկ էր, քանի որ թուրքերը հասկացան, որ ռազմական ճանապարհով անհնար է կաշկանդել հայ մարդուն։ Ուստի հետագայում կտեսնենք և տեսնում ենք, որ նրանք Արցախի հարցում որդեգրեցին այլ քաղաքականություն, որտեղ մեծ դերակատարություն ունեցավ հայի տականքը։
Զ․ Շուշեցի