Հայաստանի տնտեսությունը կփլուզվի. ԵԱՏՄ-ից ՀՀ-ն հեռացնելու ռիսկ կա. Հայկ Ֆարմանյան

Օգոստոսի 8-ին Սպիտակ տանը Փաշինյանի, Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև ստորագրվեց հռչակագիր, որով նախատեսվում է Ադրբեջանի հիմնական մասը Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ կապել Հայաստանի Հանրապետության տարածքով՝ անխոչընդոտ հաղորդակցությամբ՝ Սյունիքով անցնող 42 կիլոմետր տարածքը 99 տարով ամերիկյան կողմին վարձակալության տալու միջոցով։

Հռչակագրում ամրագրվում է, որ Երևանն աշխատելու է Վաշինգտոնի և փոխադարձաբար համաձայնեցված երրորդ կողմերի հետ՝ Հայաստանի տարածքում «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» («Trump Route for International Peace and Prosperity» (TRIPP)) հաղորդակցության ծրագրի իրականացման շրջանակը սահմանելու նպատակով։

«Թրամփի ուղի»-ն միջա՞նցք է, թե՞ տարանցիկ ճանապարհ` 168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում փորձեցինք պարզել տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Հայկ Ֆարմանյանից։

«Անկախ նրանից՝ Սյունիքով անցնող ճանապարհի անունն ի՞նչ են դնելու՝ «Թրամփի ուղի՞», թե՞ այլ բան, Հայաստանի Հանրապետության իշխանությունները պարտավոր են պատասխանել մեկ շատ կարևոր հարցի՝ գործարկվելիք ճանապարհը լինելու է միջա՞նցք, որի պարագայում որևէ վերահսկողություն ՀՀ-ն չի կարող իրականացնել, թե՞ տարանցիկ ճանապարհ, որի վրա ՀՀ-ն վերահսկողություն կարող է իրականացնել։ Եթե այս հարցի պատասխանը մեկ բառով չի հնչում, չի ասվում, որ ՀՀ-ն մաքսային և սահմանային հսկողություն է իրականացնելու, ուրեմն տրվողը միջանցք է»,- ասաց Հայկ Ֆարմանյանը՝ ուշադրություն հրավիրով Ադրբեջանին տրվելիք ճանապարհի վերաբերյալ օգտագործված «անխոչընդոտ» բառին։

Կարդացեք նաև

««Անխոչընդոտ» բառը մտահոգիչ է. դա նշանակում է, որ ՀՀ-ն չի իրականացնելու մաքսային և սահմանային հսկողություն, ճանապարհային հարկեր չեն գանձվելու, ինչը նշանակում է, որ Հայաստանը նաև տնտեսական օգուտներ չի ստանալու։ Կամ, եթե մենք կնքելու ենք Ադրբեջանի հետ «Խաղաղության պայմանագիր», ինչո՞ւ այդ դեպքում դա կնքելուց հետո նոր չխոսել ճանապարհի բացման մասին, կրկնում եմ՝ տարանցիկ ճանապարհի՝ ՀՀ սահմանապահների և մաքսայինների կողմից վերահսկվող»,- ասաց Ֆարմանյանը։

Տնտեսագետի դիտարկմամբ՝ ՀՀ իշխանությունների կողմից ոչ միայն այս կարևոր հարցերն են մնացել անպատասխան, այլև ավելին՝ ստեղծվել են վտանգներ՝ ԵԱՏՄ անդամ Հայաստանի մաքսային սահմանի հաշվին ստացված մաքսային վճարների մասով։

«Պատկերացրեք մի իրավիճակ, որ ՀՀ իշխանությունը, որ Թուրքիայից և Ադրբեջանից Հայաստան են մտնում ապրանքներ, այդ ապրանքները ՀՀ հասնելով՝ ձեռք կբերեն ԵԱՏՄ անդամ պետության ապրանքի կարգավիճակ ու կներթափանցեն ԵԱՏՄ անդամ մյուս պետություններ. այստեղ հսկայական մաքսատուրքեր կկորեն։

Հիշենք, որ մինչև 2015 թվականը Հայաստանի բյուջեում մաքսատուրքերի չափը կազմում էր 200 միլիոն դոլար, իսկ Հայաստանի՝ ԵԱՏՄ անդամ դառնալուց հետո այդ թիվը քառապատկվել է։ Միասնական մաքսային քաղաքականության արդյունքում ամբողջ ԵԱՏՄ տարածքում հավաքվող մաքսատուրքերից 1.22 տոկոսը հասնում է Հայաստանին։ Հիմա ՀՀ իշխանության՝ ԱՄՆ-ում ստորագրածի պատճառով Հայաստանին կարող են զրկել այդ մաքսատուրքերից։ Հայաստանին այդ կառույցից ուղղակի դուրս կհանեն, ինչից հետո ՀՀ-ի տնտեսությունը կփլուզվի, որովհետև ԵԱՏՄ-ի այլընտրանքը մենք չունենք»,- ասաց Ֆարմանյանը։

Խոսելով ամերիկյան ներդրումների վերաբերյալ հասարակության մոտ գեներացվող սպասելիքների մասին, տնտեսագետն ԱՄՆ խոշոր ներդրումներին սպասողներին հիշեցրեց ադրբեջանական կրակոցների հետևանքով ամերիկյան դրոշով կառուցված Երասխի չաշխատող գործարանի պատմությունը, ապա հավելեց.

«Ի՞նչ ներդրում. ԱՄՆ-ը 30 տարի ՀՀ-ի տնտեսության մեջ երբեք լուրջ ներդրում չի արել, օտարերկրյա ներդրումների մեջ ԱՄՆ-ի ներդրման չափը 10 տոկոս չի կազմել։ Հիմա ի՞նչ ներդրումների մասին են խոսում, ճանապարհ են կառուցելու, ենթակառուցվածք, որից օգտվելու է ուրիշը, էլ չեմ խոսում այն մասին, որ Սյունիքում որոշ տարածքներ կարող են ճանաչել հանրային գերակա շահ. մարդկանց սեփականությունը վերցնեն, տեղը ճանապարհ կառուցեն»։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս