ՀՀ գլխավոր դատախազությունը վախենում է Ադրբեջանի պատասխանատվության մասին հարցերից. անգամ, եթե ՄԻՊ-ն է տեսանյութ հրապարակում

Հունիսի 24-ին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հրապարակել էր Ադրբեջանի նախագահի և Թուրքիայի առաջին տիկնոջ միջև խոսակցության անհերքելի տեսանյութ-ապացույցն այն մասին, որ Ադրբեջանում պահվող մեր ռազմագերիներն այդ երկրում պահվում են՝ որպես պատանդներ:

Տեսանյութը ՀՀ ՄԻՊ-ն ուղարկել է նաև Եվրամիության բարձրագույն ղեկավարությանը` 1) Եվրոպական խորհրդի նախագահին, 2) Եվրոպական հանձնաժողովի նախագահին, 3)Արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցչին:

Տեսանյութն ապացույց է առ այն, որ հայկական կողմի բոլոր գերիներն Ադրբեջանում պահվում են պատանդի վիճակում` քաղաքական սակարկությունների ու առևտրի համար: Հետևաբար՝ գերիների նկատմամբ բոլոր դատավարությունները կեղծ են, իսկ կալանավորումները` արգելված պատիժ:

Հուլիսի 1-ին, 168.am-ի հետ զրույցում միջազգային իրավունքի մասնագետ Լևոն Գևորգյանը, անդրադառնալով Արման Թաթոյանի հրապարակած տեսանյութին, ասել էր, որ ողջ միջազգային հանրությունը տեղյակ է, որ վերջին 15 գերիների վերադարձը կատարվել է ականապատ տարածքների քարտեզների փոխարեն:

«Սա նշանակում է՝ մի պետություն, որ ի սկզբանե հայտարարել էր, որ այն մարդիկ, ում ինքը չի վերադարձնում, ահաբեկիչներ են, հանցագործներ և պիտի անցնեն դատական գործընթացով, այնուհետև վերադարձնում է այդ մարդկանց՝ դրա դիմաց ստանալով որոշակի զիջումներ: Սա նշանակում է, որ պետությունների առաջին դեմքերի մակարդակում պաշտոնապես ճանաչվում է այն փաստը, որ Հայաստանից ակնկալվում են որոշակի զիջումներ, և Ադրբեջանում պահվող անձինք ըստ էության պատանդ են»,- ասել էր մասնագետը՝ հավելելով, որ նկարագրվածը տառ առ տառ համընկնում է միջազգային իրավունքի՝ պատանդառության հանցակազմին:

Լևոն Գևորգյանը նշել էր՝ պատանդառության վերաբերյալ գոյություն ունի  միջազգային կոնվենցիա, որը նախատեսում է նաև չլուծված վեճերը ՄԱԿ-ի միջազգային դատարան տանելու հնարավորություն: Այդ կոնվենցիան նախատեսում է դատել կամ հանձնել բոլոր այն մարդկանց, ովքեր ներգրավված են եղել պատանդառության հանցակազմի մեջ:

«Տարրական մեխանիզմը, որն այս պահին պետք է գործադրվի, հետևյալն է՝ գլխավոր դատախազության և քննչական մարմիների կողմից պետք է քրեական գործ հարուցվի, կատարվի իդենտիֆիկացում, և եթե դա դժվար է անել, այս պահին գոնե 2 անձ ակնհայտ են: Արդեն երկու շաբաթ է, որ կա ապացուցողական անհրաժեշտ բազա, որ Ադրբեջանի և Թուրքիայի բարձրագույն պաշտոնատար անձինք ներգրավված են պատանդառության քաղաքականության մեջ: Դրանից հետո իրականացվում է ծանուցում համապատասխան երկրներին, որ համապատասխան անձինք հանդիսանում են հանցագործներ կոնկրետ կոնվենցիայի շրջանակներում, ու դիմում է ներկայացվում Ադրբեջանին՝ պահանջելով իրականացնել կոնկրետ քրեական հետապնդում ու դադարեցնել պատանդառության պրակտիկան»,- ասել էր Լևոն Գևորգյանը՝ հավելելով, որ սրա չիրականացման դեպքում գործի են դրվում կոնվենցիոն մյուս գործիքակազմերը՝ արբիտրաժի ձևավորում և միջազգային դատարանում խնդրի ներկայացում:

Վերոգրյալը հաշվի առնելով՝ 168.am-ը դիմել էր գլխավոր դատախազություն՝ իրավապահ այդ կառույցին հասցեագրելով հետևյալ հարցերը՝

1. ՀՀ գլխավոր դատախազությունում հարուցվա՞ծ է արդյոք քրեական գործ պատանդառության հանցակազմով, այդ թվում՝ նաև միջազգային իրավունքի մոտեցումները հաշվի առնելով:

2. Նույնականացվա՞ծ են արդյոք պատանդառության քաղաքականության մեջ ներգրավված բոլոր անձինք:

3. Ադրբեջանի և Թուրքիայի ռազմաքաղաքական ղեկավարության ո՞ր ներկայացուցիչների մասով է քրեական հետապնդում նախաձեռնված պատանդառության հանցակազմով:

Ինչպես և ակնկալում էինք, գլխավոր դատախազությունից ստացանք հերթական ոչինչ չասող պատասխանը, երբ ֆորմալ առումով մեր գրավոր հարցմանը պատասխան տրվում է, սակայն բովանդակային առումով այն որևէ ինֆորմացիա չի պարունակում:

«Ադրբեջանի Հանրապետության նախագահի և Թուրքիայի Հանրապետության առաջին տիկնոջ միջև տեղի ունեցած խոսակցության վերաբերյալ մամուլում, մասնավորապես՝ «armeniasputnik.am» էլեկտրոնային կայքում 2021թ. հունիսի 16-ին հրապարակված տեսանյութը դեռևս 2021թ. հունիսի 24-ին ՀՀ գլխավոր դատախազությունից ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարությունների, կազմակերպական-վերլուծական և քրեագիտական գլխավոր վարչության քրեագիտական վարչություն՝ դրանում նշվող հանգամանքների ուղղությամբ Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից Արցախի Հանրապետության դեմ ագրեսիվ պատերազմ սանձազերծելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում քննություն իրականացնելու համար: Ելնելով նախաքննության շահերից՝ այս պահին հավելյալ տեղեկատվություն չի կարող տրամադրվել»,- տառացիորեն այսքանն էր գրված դատախազությունից մեզ ուղարկված պատասխանի մեջ:

Հասկանալով, անշուշտ, որ դատախազությունը, մեղմ ասած, «ցրում է» ու հարցը տեղափոխում Քննչական կոմիտեի (ՔԿ) դաշտ, որովհետև եթե արդեն հարուցված գործը պատանդառության հոդվածով լրացվեր, կամ նոր գործ հարուցվեր այդ հանցակազմով, դատախազությունն առաջինը կիմանար այդ մասին ու մեծ հաճույքով էլ մեզ կտեղեկացներ, այնուամենայնիվ, մեր հարցը վերահասցեագրեցինք նաև ՔԿ-ին: ՔԿ պատասխանը ստանալուց հետո, անշուշտ, այն ևս կհրապարակենք:

Ի դեպ, ուշագրավ է, որ դատախազությունն իր պատասխանի մեջ՝ որպես աղբյուր, նշում է ԶԼՄ հրապարակումները՝ վկայակոչելով armeniasputnik.am-ին, սակայն դատախազությանը տեղեկացնենք, որ տեսանյութի աղբյուրը ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի ֆեյսբուքյան էջն է, ուր հրապարակվելուց միայն 2 ժամ անց է ՄԻՊ էջից նշված կայքը վերահրապարակել տեսանյութն ու համապատասխան տեղեկատվությունը, ինչը նաև բազմաթիվ այլ կայքեր են հրապարակել:

Թե ինչո՞ւ է դատախազությունը տեսանյութի սկզբնաղբյուրի վերաբերյալ սխալ տեղեկատվության «տիրապետում», թողնենք դատախազության խղճին, թեպետ դրանից տեսանյութի կշիռն ու բովանդակության սկանդալային լինելը որևէ կերպ չեն տուժում, սակայն, եթե սա անգամ բացթողում է, խոսում է դատախազության աշխատաոճի մասին:

Հիշեցնենք, որ դեռևս նախորդ տարվա նոյեմբերի 28-ին 168.am-ը ՀՀ գլխավոր դատախազությունից հարցրել էր, թե ի՞նչ քայլեր է ձեռնարկում իրավապահ այդ կառույցը Սեյրան Օհանյանի և ադրբեջանական կողմի կողմից հետախուզվող այլ անձանց իրավունքների, մասնավորապես, ազատ տեղաշարժի իրավունքի պաշտպանության համար, և արդյոք հայկական կողմն էլ կոնկրետ ադրբեջանցի պաշտոնյաների կամ այլ գործիչների նկատմամբ քրեական գործեր հարուցելու գործընթաց սկսե՞լ է, թե՞ ոչ:

Ի պատասխան՝ դատախազությունից ասել էին, թե նկատի ունենալով, որ Ադրբեջանի իրավասու մարմինների կողմից այդ անձանց նկատմամբ իրականացվող հետապնդումը որևէ իրավական հիմք չունի և, ըստ էության, Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից ազգային ատելության շարժառիթներով իրականացվող պատերազմական գործողությունների տրամաբանական շարունակությունն է, ՀՀ գլխավոր դատախազությունը դրանց մասին հայտնի դառնալուց հետո դիմել է ապօրինի հետախուզման դեմ ուղղված  կանխարգելիչ քայլերի՝ վկայակոչելով միայն Ադրբեջանի «Ղարաբաղ» ֆուտբոլային ակումբի մամուլի քարտուղար Նուրլան Իբրահիմովի ֆեյսբուքյան գրառման առթիվ հարուցված քրեական գործը` ՀՀ քրեական օրենսգրքի 226-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (Հրապարակայնորեն կամ լրատվության միջոցներ օգտագործելով ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելը) և 3971-րդ հոդվածով
(Ցեղասպանությունը և խաղաղության ու մարդկության անվտանգության դեմ ուղղված մյուս հանցագործությունները հերքելը, մեղմացնելը, դրանց հավանություն տալը կամ արդարացնելը) նախատեսված հանցագործությունների հատկանիշներով:

Հաջորդ հարցումն այս թեմայով գլխավոր դատախազություն ուղարկել էինք այս տարվա փետրվարին՝ մեր հարցումից 2 ամիս անց կրկին փորձելով հասկանալ՝ ի վերջո, Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունից քանի՞ հոգու նկատմամբ է ՀՀ Գլխավոր դատախազությունը քրեական հետապնդում սկսել պատերազմական հանցագործություններ կատարելու հիմքով: Ովքե՞ր են այդ անձինք, կոնկրետ ի՞նչ մեղադրանքներ են ներկայացված նրանց:

Ցանկացել էինք իմանալ նաև, թե ի՞նչ աշխատանքներ  են տարվում Գլխավոր դատախազության կողմից համընդհանուր իրավազորության ուժով քրեական հետապնդումներ սկսելու համար ադրբեջանցի այն ռազմական գործիչների ու քաղաքական պատասխանատուների նկատմամբ, ում անմիջական մասնակցությամբ, հրամանով կամ վերահսկողությամբ տեղի են ունեցել պատերազմական հանցագործություններ:

Գլխավոր դատախազությունից ստացել էինք շատ «խոսուն» պատասխան, «խոսուն»՝ բոլոր առումներով:

«2020 թվականի սեպտեմբերի 27-ին Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության դեմ ագրեսիվ պատերազմ սանձազերծելու դեպքերի առթիվ քննվող քրեական գործերով նախաքննությունը շարունակվում է, նախաքննական տվյալների գաղտնիության սկզբունքից ելնելով՝ տվյալ պահին հավելյալ տեղեկատվություն չի կարող տրամադրվել, արդյունքի մասին ավելի ուշ կտեղեկացվի»,- նշված էր Դատախազության պատասխանի մեջ:

Ավելի ուշ, բնականաբար, չտեղեկացվեց, չէր էլ տեղեկացվելու, չէինք էլ սպասում: Մեզ մնում է միայն փաստել, որ հերթական անգամ համոզվեցինք՝ գլխավոր դատախազությունը, առհասարակ մեր իրավապահ մարմինները չեն պատասխանում բոլոր այն հարցերին, որոնք պարունակում են Ադրբեջանի՝ այս կամ այն հարցի վերաբերյալ պատասխանատվության վերաբերյալ հարցում. տաբու է:

Սա չի կարող ողջամիտ կասկած չառաջացնել առ այն, որ սա քաղաքական որոշում է, ինչի պատճառները, թերևս, թաքնված են հետպատերազմյան իրողությունների մեջ:

Տեսանյութեր

Լրահոս