Գլխավոր դատախազությունը՝ Սեյրան Օհանյանի և այլոց նկատմամբ ադրբեջանական կողմի հայտարարած հետախուզման մասին

Վերջին շրջանում տեղեկություններ հրապարակվեցին այն մասին, որ  ադրբեջանական իշխանությունների կողմից ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվելու և միջազգային հետախուզում հայտարարվել:

Վերջինիս նկատմամբ քրեական հետապնդում հարուցվել է ցեղասպանության հանցակազմի հատկանիշներով:

168.am-ը ՀՀ գլխավոր դատախազությունից հարցրեց, թե ի՞նչ քայլեր է ձեռնարկում իրավապահ այդ կառույցը Սեյրան Օհանյանի և ադրբեջանական կողմի կողմից հետախուզվող այլ անձանց իրավունքների, մասնավորապես ազատ տեղաշարժի իրավունքի պաշտպանության համար, և արդյ՞ոք հայկական կողմն էլ կոնկրետ ադրբեջանցի պաշտոնյաների կամ այլ գործիչների նկատմամբ քրեական գործեր հարուցելու գործընթաց սկսե՞լ է թե՞ ոչ:

Ի պատասխան՝ դատախազությունից ասացին, թե նկատի ունենալով, որ Ադրբեջանի Հանրապետության իրավասու մարմինների կողմից այդ անձանց նկատմամբ իրականացվող հետապնդումը որևէ իրավական հիմք չունի և, ըստ էության, Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից ազգային ատելության շարժառիթներով իրականացվող պատերազմական գործողությունների տրամաբանական շարունակությունն է, ՀՀ գլխավոր դատախազությունը դրանց մասին հայտնի դառնալուց հետո դիմել է ապօրինի հետախուզման դեմ ուղղված  կանխարգելիչ քայլերի:

«Մասնավորապես՝ նշվածի կապակցությամբ ՀՀ գլխավոր դատախազությունը ՀՀ ոստիկանության Ինտերպոլի ԱԿԲ-ի հետ համատեղ Քրեական ոստիկանության միջազգային կազմակերպության (Ինտերպոլ) գլխավոր քարտուղարությանը իրազեկել են Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից մի շարք միջազգային պայմանագրերի պահանջների խախտմամբ, ՀՀ-ի և ԱՀ-ի դեմ ագրեսիվ պատերազմ սանձազերծելու և իրականացնելու շրջանակներում տարբեր ահաբեկչական խմբավորումների անդամ հանդիսացող, նյութական հատուցում ստանալու նպատակով վարձկանների հավաքագրման և ռազմական գործողություններում նրանց օգտագործելու, միջազգային սովորութային մարդասիրական իրավունքի նորմերի կոպտագույն խախտումներով ռազմական հանցագործությունների կատարման, պատերազմ վարելու արգելված միջոցների և մեթոդների կիրառմամբ, ազգային ատելության շարժառիթով, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով բազամթիվ զինծառայողների և քաղաքացիական անձանց ապօրինաբար կյանքից զրկելու, մեծ ծավալի զինատեսակներով դիտավորությամբ քաղաքացիական, հումանիտար և մշակութային ենթակառուցվածքները, գույքը ոչնչացնելու կամ վնասելու բազում դեպքերի վերաբերյալ ստացված փաստական տվյալների և ապացուցյների, դրանց կապակցությամբ իրականացվող քննության մասին»,-ասացին Գլխավոր դատախազությունից:

Տեղեկացրին նաև, որ միջոցներ են ձեռնարկվել Ինտերպոլի գլխավոր քարտուղարության միջոցով ապօրինի հետախուզման փորձերը կանխելու, հետախուզում հայտարարելու մասին հարցումներ ստանալու դեպքում դրանց ընթացք չտալու, նշված անձանց հետախուզման վերաբերյալ տվյալները Ինտերպոլի համապատասխան պահոցներում չներառելու և դրանց կապակցությամբ Ինտերպոլի ուղիներով որևէ համագործակցություն չիրականացնելու ուղղությամբ: Այս առումով հաշվի է առնվել առաջին հերթին այն հանգամանքը, որ ըստ Ինտերպոլի Կանոնադրության 3-րդ հոդվածի՝ կազմակերպությանը խստիվ արգելվում է որևէ գործունեություն ծավալել կամ միջամտել քաղաքական, զինվորական, կրոնական, ռասայական բնույթ կրող գործերին և հարցերին:

ՀՀ դատախազությունը հետևողական կերպով հետամուտ է եղել նաև նույն հիմնավորմամբ այլ հետախուզական ուղիներն օգտագործելու Ադրբեջանի փորձերը կասեցնելու ուղղությամբ։

Ինչ վերաբերում է հայկական կողմի կողմից կոնկրետ անձանց նկատմամբ քրեական գործեր հարուցելուն և միջազգային հետախուզում հայտարարելուն, Գլխավոր դատախազուևթյունից 168.am-ին տեղեկացրին, որ այս պահին ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության զինվորական ծառայության դեմ ուղղված հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության բաժնում Ադրբեջանի «Ղարաբաղ» ֆուտբոլային ակումբի մամուլի քարտուղար Նուրլան Իբրահիմովի ֆեյսբուքյան գրառման առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 226-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (Հրապարակայնորեն կամ լրատվության միջոցներ օգտագործելով ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելը) և 3971-րդ հոդվածով
(Ցեղասպանությունը և խաղաղության ու մարդկության անվտանգության դեմ ուղղված մյուս հանցագործությունները հերքելը, մեղմացնելը, դրանց հավանություն տալը կամ արդարացնելը) նախատեսված հանցագործությունների հատկանիշներով:

Հիշեցնենք, որ 2020 թվականի հոկտեմբերի 31-ին Ադրբեջանի «Ղարաբաղ» ֆուտբոլային ակումբի մամուլի քարտուղար Նուրլան Իբրահիմովը համակարգչային համակարգի միջոցով՝ իր ֆեյսբուքյան օգտաէջում, արդարացնելով ազգային պատկանելության հիման վրա հայերի դեմ ցեղասպանությունը, վերջիններիս նկատմամբ թշնամանք հարուցելու, ատելություն և բռնություն հրահրելու նպատակով նշել է․ «…Մենք պետք է սպանենք հայերին։ Պետք է սպանենք երեխաներին, կանանց ծերերին, առանց որևէ տարբերության։ Պետք է սպանենք բոլորին։ Ոչ մի խղճահարություն և էմոցիաներ։ Նրանց հետ օրենքի լեզվով խոսելն անիմաստ է։ Հայերը սկսեցին հասկանալ, երբ սկսեցինք խոսել ուժի լեզվով։ Մենք պետք է սպանենք…»:

Քրեական գործն ուղարկել ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչություն` նախաքննություն կատարելու համար: Այս անձի նկատմամբ հայտարարված է հետախուզում:

Այլ գործընթաց այս պահին այլ անձանց նկատմամբ գլխավորդատախազությունում նախաձեռնված չէ:

Տեսանյութեր

Լրահոս