«Ադրբեջանում տեղի ունեցող գործընթացը չպետք է որևէ պարագայում լեգիտիմացվի, և որևէ հայ փաստաբան չպետք է դառնա այդ լեգիտիմացման մաս». Լևոն Գևորգյան

«Երևի թե բոլորս արդեն հասկացել ենք, որ մինչ այժմ միակ գործիքակազմը, որ պետությունը դեռևս գործադրել է, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան է և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) առանձին մեխանիզմները: Դրանք միջանկյալ միջոցներն են և այլն, սակայն արդեն իսկ ակնհայտ է դառնում, որ այս մեխանիզմը բավարար չէ, որովհետև այն չի կարողանում ապահովել արդյունավետ և հրատապ խնդրի կարգավորում»,- 168.am«Ռեվյու» հղորդաշարի հերթական թողարկման ընթացքում ասաց միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան Լևոն Գևորգյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի դեմ հայ ռազմագերիներին վերադարձնելու համար հնարավոր կիրառվելիք միջազգային պայմանագրերին:

Վերջինս նշեց, որ երկարաժամկետ կտրվածքով Եվրոպական կոնվենցիան և Եվրոպական դատարանի դատավճիռը կարող են Հայաստանի համար էական նշանակություն ունենալ նաև արտաքին քաղաքականության ձևաչափի և բալանսների փոփոխման տեսանկյունից, սակայն հենց այս պահին մեր համաքաղաքացիների կյանքի և առողջության պաշտպանության երաշխավորման և ընդհանրապես արդար դատաքննության իրավունքի տեսանկյունից կարծես թե Եվրոպական կոնվենցիան և Դատարանը պատշաճ մեխանիզմներ չեն:

Խոսելով այն մասին, թե ինչ մեխանիզմներ կան այս պահին, Լևոն Գևորգյանն ասաց՝ կարծում է, որ ակնհայտ է, որ մենք գործ ունենք պատանդառության բացահայտ դեպքի հետ:

«Ողջ միջազգային հանրությունը տեղյակ է, որ վերջին 15 գերիների վերադարձը կատարվել է ականապատ տարածքների քարտեզների փոխարեն: Սա նշանակում է, որ մի պետություն, որ ի սկզբանե հայտարարել էր, որ այն մարդիկ, ում ինքը չի վերադարձնում, ահաբեկիչներ են, հանցագործներ և պիտի անցնեն դատական գործընթացով, այնուհետև վերադարձնում է այդ մարդկանց՝ դրա դիմաց ստանալով որոշակի զիջումներ»,- ասաց միջազգային իրավունքի մասնագետը՝ հավելելով, որ նկարագրվածը տառ առ տառ համընկնում է միջազգային իրավունքի՝ պատանդառության հանցակազմին:

Լևոն Գևորգյանը հիշեցրեց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հրապարակած տեսանյութը, որ Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների պատանդառության ապացույց է: Դրանում Թուրքիայի ղեկավար Էրդողանի և Ադրբեջանի նախագահ Ալիևի զրույցի տեսաձայնագրությունն է, որի ընթացքում հենց այս երկուսը խոսում են այն մասին, որ ականապատ քարտեզների նոր խմբաքանակ ստանալու համար դեռևս գերիներ կան:

«Սա նշանակում է, որ պետությունների առաջին դեմքերի մակարդակում պաշտոնապես ճանաչվում է այն փաստը, որ Հայաստանից ակնկալվում են որոշակի զիջումներ, և Ադրբեջանում պահվող անձինք ըստ էության պատանդ են:

Միջազգային իրավունքի մասնագետը նշում է՝ պատանդառության վերաբերյալ գոյություն ունի միջազգային կոնվենցիա, որը նախատեսում է նաև չլուծված վեճերը ՄԱԿ-ի միջազգային դատարան տանելու հնարավորություն: Այդ կոնվենցիան նախատեսում է դատել կամ հանձնել բոլոր այն մարդկանց, ովքեր ներգրավված են եղել պատանդառության հանցակազմի մեջ:

«Տարրական մեխանիզմը, որն այս պահին պետք է գործադրվի, հետևյալն է՝ գլխավոր դատախազության և քննչական մարմիների կողմից պետք է քրեական գործ հարուցվի, կատարվի իդենտիֆիկացում, և եթե դա դժվար է անել, այս պահին գոնե 2 անձ ակնհայտ են: Արդեն երկու շաբաթ է, որ կա ապացուցողական անհրաժեշտ բազա, որ Ադրբեջանի և Թուրքիայի բարձրագույն պաշտոնատար անձինք ներգրավված են պատանդառության քաղաքականության մեջ: Դրանից հետո իրականացվում է ծանուցում համապատասխան երկրներին, որ համապատասխան անձինք հանդիսանում են հանցագործներ կոնկրետ կոնվենցիայի շրջանակներում, ու դիմում է ներկայացվում Ադրբեջանին՝ պահանջելով իրականացնել կոնկրետ քրեական հետապնդում ու դադարեցնել պատանդառության պրակտիկան»,- ասաց Լևոն Գևորգյանը՝ հավելելով, որ սրա չիրականացման դեպքում գործի են դրվում կոնվենցիոն մյուս գործիքակազմերը՝ արբիտրաժի ձևավորում և միջազգային դատարանում խնդրի ներկայացում:

Խոսելով Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի կողմից տարածված հայտարարության մասին, ըստ որի՝ նախաձեռնվում է հայ փաստաբանների՝ Բաքու մեկնելու և տեղում դատվող մեր ռազմագերիներին հոգեբանական և որակյալ իրավական օգնություն ցույց տալու գործընթաց, Լևոն Գևորգյանն ասաց, որ կիսում է իր այն բոլոր գործընկերների անհանգստությունը, ովքեր համարում են, որ դա արկածախնդրություն է:

«Այստեղ պետք է դրսևորել ծայր աստիճան զգուշավորություն: Այստեղ կա մեկ բացահայտ խնդիր. պետությունը գործադիր մարմինների մակարդակում հայտարարել է, որ ինքն իր մոտ պահվող բոլոր ռազմագերիներին համարում է հանցագործ: Սա նշանակում է, որ այդ վարույթների արդյունքով որևիցե այլ հետևանք ակնկալելն անտրամաբանական է: Բնականաբար, ծայրահեղ զգուշավորության անհրաժեշտություն կա այն առումով, որ գործընթացը չլեգիտիմացնի, որովհետև տեսականորեն նույն ՄԻԵԴ-ում պաշտպանության առումով դա կարող է երկարացնել գործընթացը ոչ թե մի քանի, այլ տասնյակ տարիներով»,- ասաց Լևոն Գևորգյանը:

Վերջինս նշեց, որ թեև լավ չի պատկերացնում՝ ինչպես է հնարավոր փաստաբանների մասնակցությունը Բաքվում ընթացող դատավարությանը, որովհետև Ադրբեջանի ներպետական օրենսդրության տեսանկյունից կան սահմանափակումներ, բայց եթե, այնուամենայնիվ, դա որևէ կերպ հնարավոր է, մենք կանգնում ենք ռիսկի առջև:

«Բացի դրանից, եկեք չգերագնահատենք Եվրոպական դատարանի դատավորների որակական հատկանիշները և հասկանանք, որ այն, որպես մի կառույց, որը կազմված է Եվրոպայի խորհրդի բոլոր անդամ-պետությունների ներկայացուցիչ դատավորներից, կարող է գտնվել որոշակի ազդեցությունների, շահագրգռությունների տիրույթում: Եվ ամեն մի խնդիր նույն Թուրքիայի կամ Ադրբեջանի դատավորի համար կարող է պատրվակ դառնալ ինչ-ինչ խնդիրներ բարձրաձայնելու համար, օրինակ՝ ներպետական միջոցները սպառելու անհրաժեշտությունը»,- ասաց փաստաբանը:

Լևոն Գևորգյանն իր փաստաբան գործընկերներին կոչ արեց չմտնել արկածախնդրությունների մեջ և նախ և առաջ փորձել սեփական կարողությունները և ոլորտային մասնագիտացումը ճիշտ կատարել:

«Որևիցե վայրկյան չեմ կասկածում, որ պարոն Ալումյանը կարող է իդեալական աշխատանք կատարել փաստահավաք աշխատանքի, ապացուցողական բազա հավաքագրելու և նույն հոգեբանական աջակցություն ցուցաբերելու տեսանկյունից, բայց կրկին եմ ասում՝ Ադրբեջանում տեղի ունեցող գործընթացը չպետք է որևէ պարագայում լեգիտիմացվի, և որևէ հայ փաստաբան չպետք է դառնա այդ լեգիտիմացման մաս»,- ասաց Լևոն Գևորգյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս