Ոռոգման խնդիրները նաև երկրագնդի տաքացման պատճառով են. նախարարի պաշտոնակատարն առաջարկում է պատրաստվել
Կառավարության հերթական նիստից հետո Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ մի քանի մարզերում առկա ոռոգման խնդիրներին: Պարզվեց, որ այս անգամ ևս հերթական «աննախադեպության» և պատմական «ռեկորդի» հետ գործ ունենք:
«Մենք խիստ անհանգստացած ենք ստեղծված իրավիճակով: Գիտեք, այս տարվա հունիսը ռեկորդային շոգ ամիս է եղել Հայաստանի ամբողջ պատմության ընթացքում՝ և ոչ թե կես աստիճանով, այլ մոտ 3 աստիճանով ավելի շոգ է եղել նորմայից, և դրա պատճառով առաջացել է այսպիսի աննախադեպ դժվար իրավիճակ, բայց ջրային կոմիտեն աշխատում է իր նորմալ հունով:
Այստեղ հիմնական խնդիրը կապված է նրա հետ, որ անջրդի հողատարածություններում ջրելու կարիք է առաջացել, մյուս խնդիրն այն է, որ ֆերմերները, ըստ էության, երբեմն սխալ տեղեկություն են փոխանցում Ջրային կոմիտեին, և մի բույսի փոխարեն՝ ցանում են այլ բույս, որի ջրի պահանջարկն այլ է. օրինակ, կարտոֆիլին ավելի շատ ջուր է պետք, քան այլ մշակաբույսերի,- ասաց Վահան Քերոբյանը՝ նշելով, որ խնդիրը պահանջում է ֆունդամենտալ լուծում,- Մենք երկու օր առաջ պայմանավորվել ենք, որ պետք է սկսենք ջրային ռեֆորմը, այսինքն՝ փոխենք համակարգն այնպես, որ անցնենք նոր, արդյունավետ համակարգերի»:
Հարցին, թե՝ նկատի ունեք կաթիլային ոռոգման համակա՞րգը, որին կառավարությունում խորհրդակցության ժամանակ անդրադարձել էր նաև Նիկոլ Փաշինյանը, և դիտարկմանը, որ այն թանկ է, և ոչ բոլորը կարող են անցնել այդ համակարգին՝ Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատարն արձագանքեց. «Կառավարությունն ամեն կերպ կաջակցի, որպեսզի այս հարցը լուծվի, որովհետև կլիմայի փոփոխությունն այնպիսին է, որ հետընթաց չկա. եթե մենք ասում ենք՝ այս տարի աննախադեպ շոգ է, ապա ոչ մի հույս չկա, որ հաջորդ տարի լինելու է հով, կամ ավելի մեղմ եղանակ: Այսինքն՝ աշխարհը տաքանում է, և առաջիկա տասը տարվա ընթացքում ամենալավ սցենարով երկրագունդը տաքանալու է ևս մեկ 1.5 աստիճանով: Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի պատրաստվենք դրան, և դրա հնարավորությունը կա, որովհետև կա շատ մեծ չիրացված պոտենցիալ»:
Նա չպարզաբանեց լրագրողի նկատառումը, թե ինչու ջրամբարներում ջուր չկա, եթե այս տարի տեղումները նորմայում են եղել, և հորդորեց այդ հարցն ուղղել Ջրային կոմիտեի նախագահին:
Անդրադառնալով գյուղացիների վնասների փոխհատուցման խնդրին՝ նախարարի պաշտոնակատարը նկատեց, որ այդ ուղղությամբ դեռևս գործողություն չի արվել, բայց կարվի:
«Ամեն դեպքում, աղմուկը պետք է համեմատել իրականության հետ. սովորաբար, մենք գիտենք, որ որոշ դեպքերում աղմուկը խիստ գերազանցում է ընդհանուր վնասի չափին: Պետք է հասկանալ. այդ բոլոր գործողություններն աշխատանքային կարգով կարվեն»,- ասաց Վահան Քերոբյանը՝ մանրամասնելով, որ նկատի ունի լրատվամիջոցներին, որ երբեմն ուռճացված են ներկայացնում եղելությունը։
Ապա ի պատասխան հարցին, թե նախարարությունից որևէ մեկն այս օրերին եղե՞լ է հիշյալ մարզերում՝ նա վստահեցրեց, որ թե՛ նախարարության աշխատակիցները, թե՛ ինքն անձամբ հաճախ են լինում մարզերում, ծանոթ են խնդիրներին:
Ի դեպ, նա նաև տեղեկացրեց, որ ոռոգման խնդիրների վերաբերյալ շուտով նախագիծ կներկայացվի՝ Սևանից լրացուցիչ ջրառ կազմակերպելու համար. խոսքը 50-70 մլն խորանարդ մետրի մասին է :
Գեղարքունիքի մարզի մի քանի գյուղերում սիբիրախտի դեպքերի մասին էլ նախարարի պաշտոնակատարը հայտնեց. «Խնդիրը լոկալացված է, այսինք՝ պրոցեսն ամբողջությամբ մեր վերահսկողության տակ է: Ես այս պահին չեմ կարողանա ասել, թե ինչ միջոցառումներ են հիմա կատարվում, որպեսզի փոխհատուցվեն, կամ նման մի բան, այդպիսի մեխանիզմ չի եղել մեր գործիքակազմում մինչ այժմ, բայց պետք է նայենք խնդրի մեծությունը և ըստ դրա՝ ընդունենք ճիշտ որոշումներ:
Մի բան ուզում եմ վստահեցնել ձեզ, որ մեր կառավարության և իմ ղեկավարած նախարարության աշխատանքի ամբողջ իմաստը կայացնելն է որոշումներ, որոնք փոխում են մարդկանց կյանքը դեպի լավը, և այդպիսի որոշումներն անընդհատ մեծ մասշտաբի են»:
Քանի որ այսօր վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում նշել էր, որ պետական բյուջեի նախագծով նախատեսված 3,2 տոկոս տնտեսական աճի կանխատեսումը վերանայվել է, և այժմ կանխատեսվում է 6 տոկոս աճ, լրագրողները Վ. Քերոբյանից հետաքրքրվեցին, թե հատկապես ինչո՞վ է պայմանավորված այս փոփոխությունը:
«Եթե հիշում եք, ես տարվա սկզբին կամ նույնիսկ անցյալ տարվա վերջին վստահեցնում էի, կամ հավատում էի, որ տնտեսական աճը լինելու է երկնիշ, և տեսնում եք, որ արդեն վերջին մեկ-երկու շաբաթվա ընթացքում համարյա բոլոր միջազգային ֆինանսական կազմակերպությունները, ԿԲ-ն և արդեն նաև կառավարությունը ճշգրտել են իրենց կանխատեսումները՝ էապես բարձրացնելով այն:
Ես կարծում եմ, որ սա շատ լավ նշան է, և պետք է բիզնեսը հասկանա, որ ընդհանուր շուկայի նկատմամբ կամ տնտեսության նկատմամբ կանխատեսումները բավականին դրական են, և օգտագործեն այս հնարավորությունները՝ ընդլայնելու իրենց գործունեությունը:
Կարծում եմ՝ այս 6 տոկոս աճի կանխատեսումը բավական կոնսերվատիվ է, և մենք հիմա գնում ենք այն ճանապարհով, որը իմ մտքում և մեր հաշվարկներում կար, և տարին երկնիշ տնտեսական աճի մակարդակով փակելու միտքը և պլանը մնում է ուժի մեջ»,- ի պատասխան՝ մանրամասնեց Վահան Քերոբյանը: