Ինչու է շահարկվում աշխատատեղերի թեման. Մայիսի հերթական «ռեկորդը», որն ավելի ցածր է, քան մարտի ցուցանիշը

Աշխատատեղերի թեման առաջին անգամ չէ, որ շահարկում են գործող իշխանությունները։ Իշխանության գալուց անմիջապես հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարեց տասնյակ-հազարավոր նոր աշխատատեղերի ստեղծման մասին։ Հետո, իհարկե, հասկանալով ասվածի անհեթեթությունը՝ սրբագրեց այն։ Բայց դրանով աշխատատեղերի թեմայի շահարկումը չավարտվեց։ Այսօր էլ այն շարունակվում է։

Պետեկամուտների կոմիտեն ամփոփելով հարկ վճարողների կողմից հարկային մարմին ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական հաշվարկներում արտացոլված տվյալները՝ հայտարարել է, որ այս տարվա մայիսին Հայաստանում գրանցվել է աշխատատեղերի ամենաբարձր ցուցանիշը։

«Մասնավորապես, 2021 թվականի մայիսի տվյալներով` եկամուտ (հարկման բազա) ապահոված աշխատատեղերի թվաքանակը կազմել է շուրջ 635 հազար, ինչը 2021 թվականի ապրիլի համեմատ՝ ավելի է շուրջ 8,5 հազարով, 2020 թվականի մայիս ամսվա համեմատությամբ` 37 հազարով, 2019 թվականի մայիս ամսվա համեմատությամբ` 34 հազարով, իսկ 2018 թվականի մայիս ամսվա համեմատությամբ` 87 հազարով,- հայտնել է Պետեկամուտների կոմիտեն, միաժամանակ նշելով,- Հիշեցնենք՝ 2020 թվականի սեպտեմբեր ամսվա համար եկամուտ ապահոված աշխատատեղերի թիվը կազմում էր շուրջ 632 հազար, որն աննախադեպ էր և Հայաստանի Հանրապետության վիճակագրական պատմության մեջ արձանագրված ամենաբարձր ցուցանիշն էր, սակայն 2021 թվականի մայիս ամսին գերազանցվել է նաև այդ ցուցանիշը»:

Այսպիսի ոգևորիչ տեղեկատվության կողքով հավանաբար չէր կարողացել անտարբեր անցնել Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը։ Նա իր ֆեյսբուքյան էջում այսպիսի գրառում էր կատարել։

«2021 թվականի մայիսին աշխատանքի շուկան անկախ Հայաստանի պատմության ռեկորդ է խփել՝ 634,951 հարկման բազա ունեցող անձ։ Լավ նորությունը նաև այն է, որ աշխատատեղերի քանակն ավելացել է նույնիսկ 2019 թվականի սեզոնայնությամբ ճշգրտված։

Ես կոչով դիմում եմ բոլոր հայրենակիցներին՝ Հայաստանում կա աշխատողների խիստ պակաս՝ հովիվ, ծրագրավորող, շինարար, մատուցող, դիզայներ, խառատ ու զոդող բանվոր։ Արտագաղթելու փոխարեն՝ եկեք միասին շենացնենք մեր երկիրը։

Շուտով կկիսվենք ավելի մանրամասն տեղեկատվությամբ»,- գրել է իր յուրահատուկ հայտարարություններով ու մեկնաբանություններով վաղուց շատերի կողմից լուրջ չընկալվող էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատարը։

Աշխատատեղերի ռեկորդային աճերի վերաբերյալ այսպիսի հայտարարություններ առաջին անգամ չէ, որ լսում են։ Բայց այդպես էլ թացը չորից չի ջոկվում։

Դեռ մի կողմ թողնենք, որ հարկման բազայի աճն ամենևին չի նշանակում, թե իրականում նոր աշխատատեղեր են ստեղծվել, և դրա արդյունքում աշխատողի կարիք է առաջացել։ Հարկման բազան կարող էր ավելանալ նաև թաքնված աշխատատեղերի հաշվին, ինչը բնորոշ է եղել հատկապես վերջին տարիներին։

Հատկանշական է, որ դա չի թաքցնում նաև Պետեկամուտների կոմիտեն։

«Հարկային մարմինն իր գոհունակությունն է հայտնում շարունակաբար կարգապահ վարքագիծ դրսևորող հարկ վճարողներին և ողջունում ստվերային տնտեսության կրճատմանն ուղղված համատեղ քայլերի արդյունքները»,- աշխատատեղերի վերաբերյալ տարածված տեղեկատվության մեջ հատուկ արձանագրել է ՊԵԿ-ը։

Որ Հայաստանում միշտ էլ եղել են թաքնված աշխատատեղեր ու այսօր էլ կան, միանշանակ է։ Դրանց բացահայտումը, որքան էլ կարևոր է բյուջեի հարկային եկամուտների ավելացման համար, այնուհանդերձ դա դեռ չի նշանակում, թե այդքան աշխատատեղ է բացվել կամ այդքան մարդ աշխատանք է գտել։ Պատահական չէ, որ հայտարարագրվող աշխատատեղերն ավելանում են, բայց գործազրկության իրական մակարդակը չի իջնում։

Հիմա գանք աշխատատեղերի հայտարարված նոր «ռեկորդին», որն ըստ Պետեկամուտների կոմիտեի՝ արձանագրվել է մայիսին։ Կրկին հղում ենք անելու պաշտոնական տվյալներին, որոնք հրապարակել է Վիճակագրական կոմիտեն։

Բացում ենք «Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը 2021 թվականի հունվար-ապրիլին» հրապարակումը, որի «Աշխատանքի վարձատրություն և աշխատողների թվաքանակ» բաժնից տեղեկանում ենք, որ այս տարվա մարտին Հայաստանում եղել է 635 հազար 797 աշխատող։

Ավելին՝ ապրիլի համար, նախնական տվյալներով, հրապարակվել է աշխատողների 639 հազար 346 թիվը։

Հրապարակելով այս թվերը՝ Վիճակագրական կոմիտեն հատուկ արձանագրել է, որ «ներկայացվող տեղեկատվության աղբյուրը ՀՀ պետական եկամուտների կոմիտեի եկամտային հարկի և սոցիալական վճարի արձանագրված հաշվառման տվյալների բազան է»։

Այսինքն՝ այն նույն բազան, ինչից օգտվում է Պետեկամուտների կոմիտեն։

Ի՞նչ է ստացվում։ Ստացվում է, որ այս տվյալները կեղծ են, կամ մեկնաբանություններն են խեղաթյուրված։ Այլապես մայիսին չէր կարող աշխատանքի շուկան, ինչպես Էկոնոմիկայի նախարարն է ոգևորված հայտարարել, անկախ Հայաստանի պատմության մեջ ռեկորդ խփել, երբ ըստ պաշտոնական վիճակագրության, մարտին աշխատողների ավելի բարձր ցուցանիշ է եղել։

Պարզ է, չէ՞, որ 635 հազար 797-ը ավելի մեծ է, քան 634 հազար 951-ը։ Այսինքն՝ մայիսին 846-ով ավելի քիչ հայտարարագրված աշխատող ենք ունեցել, քան մարտին, 4 հազար 395-ով ավելի քիչ, քան եղել է ապրիլի նախնական թիվը։

Ի՞նչ ռեկորդի կամ աշխատատեղերի վերաբերյալ երբևէ արձանագրված ամենաբարձր ցուցանիշի մասին է խոսքը, պարզ չէ։ Այս թվերը վկայում են, որ մայիսին աշխատատեղերի քանակը նույնիսկ նվազել է՝ ինչպես մարտի, այնպես էլ՝ ապրիլի նկատմամբ։ Չնայած մայիսին եղել են ավելի նպաստավոր պայմաններ աշխատատեղերի ավելացման համար։

Խոսքը նախընտրական գործընթացների մասին է։ Դրանցով պայմանավորված՝ սովորաբար ի հայտ են գալիս բազմաթիվ նոր աշխատատեղեր, այդ թվում՝ ընտրական հանձնաժողովներում և նախընտրական շտաբներում, որոնք փակվում են ընտրություններից անմիջապես հետո։

Սա աշխատատեղերի ցուցանիշների վրա ազդող պակաս էական գործոն չէ։ Բայց դա կարճատև գործոն է, որն իրականում շատ քիչ բան է տալիս աշխատաշուկային։

Իսկ որ աշխատաշուկայի գնահատման համար առավել բնորոշ է, զբաղվածության ցուցանիշն է։ Այս տարվա նույնիսկ առաջին եռամսյակի զբաղվածության ցուցանիշները դեռևս չեն հրապարակվել։ Իսկ անցած տարվա արդյունքներով, զբաղվածների թիվը մեր երկրում 18,8 հազարով կրճատվել է։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս