«Ես կյանքում չեմ լքի իմ հայրենիքը․ կմեռնեմ էստեղ, կապրեմ էստեղ»․ ազատամուտցիների ճակատագիրը

Մոտ մեկ ամիս է, բազմաթիվ փորձագետներ ահազանգում են, որ Հայաստանի դե ֆակտո իշխանությունները, ըստ էության, ստորագրելու են կապիտուլյացիոն երկրորդ փաստաթուղթը, որի հետևանքով՝ Տավուշի մարզի Ոսկեպար, Կիրանց, Ազատամուտ և Կայան գյուղերը, ինչպես  Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղը, կիսվելու են, իսկ Այգեհովիտ և Դիտաբան գյուղերը հայտնվելու են թշնամու սահմանից ընդամենը 300-500 մետր հեռավորության վրա։

«Հայկական նախագիծ» հասարակական կազմակերպությունը նախորդ շաբաթ ԶԼՄ–ների համար այց էր կազմակերպել Տավուշի մարզի նշված գյուղեր։ ՀԿ-ի համահիմնադիր, միջազգայնագետ Էդգար Էլբակյանի հետ զրուցեցինք Ազատամուտ գյուղի հենց այն հատվածում, որն ըստ  շրջանառվող փաստաթղթի՝ ստորագրվելուց հետո հնարավոր է՝ հանձնվի Ադրբեջանին․

«Այժմ մենք Ազատամուտ գյուղում ենք, այն հատվածում, որտեղ եթե հիմք վերցվի GPS-ային սահմանագծումը, իսկ եթե ավելի կոռեկտ՝ ԽՍՀՄ Գլխավոր շտաբի վերջին թողարկման քարտեզը, ապա սա ստացվում է սահմանագիծ բուն Հայաստանի Հանրապետության և նախկին ադրեբեջանական անկլավներից Բարխուդարլուի միջև։ Այս հետևի 3 շենքերը՝ 2 կիսակառույց և 1 կառուցված, փաստորեն, մնում են Ադրբեջանի տարածքում»։

Էլբակյանը հատուկ հիշատակեց, որ պատմականորեն և՛ Բարխուդարլու գյուղը, և՛ Աղստև գետի մյուս ափին գտնվող Սոֆուլուն 19-րդ դարում են առաջացել, երբ քոչվորներն անցնում էին նստակեցության և 1887 թվականի քարտեզում արդեն կային, բայց․

«Ուշագրավն այն է, որ ներառյալ 1929 թվականը, երբ դեռևս Անդրֆեդերացիա էր, այսինքն՝ առանձին միութենական հանրապետություններ չկային՝ ի դեմս Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի, այս հատվածներն էլի վիճելի են եղել, բայց 1929-ին մտցվել են Դիլիջանի գավառի մեջ, այն ժամանակ վարչատարածքային բաժանումը լրիվ ուրիշ էր։ Ե՞րբ են սրանք անկլավացել, մի փոքր բարդ է ասել, բայց միջակայքը ժամանակագրորեն տարորոշելը հեշտ է՝ 1929 թվականից մինչև Հայրենական պատերազմի ավարտը, որովհետև Հայրենական պատերազմին հաջորդած առաջին խորհրդային քարտեզներում արդեն անկլավ են։ Ենթադրաբար, երբ Անդրֆեդերացիան փլուզվել է, և 3 հանրապետություններ են առաջացել, այդ ժամանակ ադրբեջանցիները կարողացել են իրենց շահերն առաջ տանել և հասնել նրան, որ այստեղ հենց անկլավ լինի»։

Իսկ հիմա՝ Ազատամուտի մասին։ Գյուղը ձևավորվել է 1970-ականներին՝ որպես բանավան, և ավանդական գյուղերից տարբերվում է բնակելի շենքերով։

«Ձևավորման պատճառներից մեկը եղել է նաև, որ 2 ադրբեջանական գյուղեր կոմպակտ իրար կողք չլինեն՝ ապագա խնդիրներից խուսափելու համար․․․ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո Ազատամուտը գյուղի է վերածվել, և այժմ գյուղի մարդիկ եկամտի հիմնական աղբյուր են ծառայեցնում այգիները»,– ասաց Էդգար Էլբակյանը, ապա հավելեց, որ Ազատամուտի հարակից տարածքների կորուստը, բացի անվտանգային նշանակություն ունենալուց, ազատամուտցիները կենսապահովման միջոցներից էլ կզրկվեն։

168.amը զրուցել է նաև Ազատամուտի բնակիչների հետ, ասում են՝ սա մեր հողն է, մեր հայրենիքը, և ոչ մի դեպքում չենք լքի այն։

«Ով կարողանում է, դուրս է գալիս, գնում է քաղաք, բայց ես կյանքում չեմ լքի իմ հայրենիքը։ Կմեռնեմ էստեղ, կապրեմ էստեղ․․․ Որտե՞ղ գնամ, էս է իմ հայրենիքը, 64 տարեկան եմ, հիմա ո՞ւր գնամ ապրեմ, պարզ չէ՞, որ էլի այստեղ եմ մնալու․․․»,- ասաց Ազատամուտի բնակիչ Ալվարդ Ավետյանը։

70-ամյա տիկին Լենան 45 տարի ապրում է Ազատամուտում, փոքրիկ կրպակ ունի, ասում է՝ գյուղում կյանքը հիմա քնած է, ոչ մի շարժ չկա․

«Առաջ եկել եմ, ամեն ինչ տեղը տեղին է եղել, թեկուզ այս ճանապարհները՝ ասֆալտապատած, ծաղկանոցներով, կուլտուրայի տունը, դպրոցը, բայց հիմա՝ ոչ մի բան։ Հենց մենակ շներն են լիքը․․․ Մենք էլ յոլա ենք գնում, այսինքն՝ յոլա չենք գնում, գոյություններս պաշտպանում ենք»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս