Նախընտրական բեմականացում
Իշխանությունն իր տարերքի մեջ է. ընտրություններից առաջ բեմականացնում են տնտեսության հերթական թռիչքը։ Չնայած եփած հավին էլ պարզ է, որ ոչ մի թռիչք էլ չկա։
Անցած տարվա մարտ-ապրիլի համատարած լոքդաունի ու տնտեսության գահավիժման ֆոնին, այս տարվա նույն ամիսներին պաշտոնական վիճակագրությունը տնտեսական ակտիվության աճ է արձանագրել։ Բայց դա ուրախանալու և տնտեսության վերականգնման մասին խոսելու առիթ չի տալիս։ Այլ կերպ չէր էլ կարող լինել, եթե հաշվի առնենք, որ 2020թ. մարտին ունեինք՝ 4,9, իսկ ապրիլին՝ 17,2 տոկոսանոց անկում։ Նման անկումից հետո, եթե նույնիսկ ոչինչ չարվեր, միայն տնտեսության սահմանափակումների վերացումը բավական էր, որպեսզի աճ արձանագրվեր։
Դա ամենևին չի նշանակում, թե տնտեսական իրավիճակը մեր երկրում բարելավվել է։
Հատկապես որ, արձանագրվող ցուցանիշները երբեմն վիճակագրական «թյուրիմացության» կամ «սխալի» հետևանք են։ Օպերատիվ տվյալներով, այս տարվա առաջին եռամսյակում Վիճակագրական կոմիտեն ի սկզբանե տնտեսական ակտիվության 2 տոկոս նվազում էր արձանագրել։ Սակայն օրերս հրապարակվեց ՀՆԱ առաջին եռամսյակի նախնական ցուցանիշը, և պարզվեց, որ ունենք 3,3 տոկոս տնտեսական անկում։
Դժվար չէ հասկանալ, թե ինչի համար են այս մանր խորամանկությունները։ Բայց պարզ է, որ ցուցանիշներ նկարելով՝ ո՛չ տնտեսությունն է բարելավվում, և ո՛չ էլ մարդկանց վիճակն է լավանում։ Անկախ նրանից, թե ինչպիսի աճեր կարձանագրվեն անցած տարվա համատարած անկումից հետո, տնտեսական իրավիճակը մեր երկրում մտահոգիչ է։
Ռիսկերը շատ մեծ են ու բազմազան։ Քանի դեռ դրանք պահպանվում են, անիմաստ է տնտեսության զարգացման հետ կապված հույսեր փայփայել։
Սա ակնհայտ է, և ոչ մի նշանակություն չունի, թե ինչ կասեն վիճակագրական ցուցանիշները։
Վիճակագրական կոմիտեն հրապարակել է այս տարվա ապրիլ ամսվա օպերատիվ տվյալները, որոնցով տնտեսական ակտիվության 23,2 տոկոս աճ է արձանագրել։
Առաջին հայացքից գործ ունենք թռիչքային աճի հետ։ Բայց որպեսզի պարզ լինի, թե ինչի հաշվին է եղել այդ աճը, մի փոքր հետ գնանք և վերհիշենք այն, ինչ կար Հայաստանի տնտեսության մեջ անցած տարվա ապրիլին։ Երկիրը գտնվում էր համատարած լոքդաունի մեջ։ Բոլոր ոլորտներում ունեինք հսկայական անկում։ Շինարարությունը կրճատվել էր կիսով չափ։ Առևտրի շրջանառությունը նվազել էր ավելի քան 33 տոկոսով։ Ծառայությունների հետընթացը հասնում էր 16 տոկոսի։ Արդյունաբերության արտադրանքի անկումը կազմել էր 8,6 տոկոս, չնայած ընդերքի շահագործումը շարունակվում էր նաև լոքդաունի պայմաններում։
Մտահոգիչ էր պատկերն արտաքին առևտրաշրջանառության ոլորտում։ Արտահանումը կրճատվել էր ավելի քան՝ 30, ներմուծումը՝ գրեթե 28 տոկոսով։
Այսպիսի գահավիժումից հետո, զարմանալի չէ, որ ապրիլին նախորդ տարվա ապրիլի համեմատ Հայաստանում գրանցվել է տնտեսական ակտիվության բարձր ցուցանիշ։ Ընդ որում, դրան մեծապես նպաստել է ոչ միայն անցած տարվա ցածր տնտեսական բազան, այլև այս տարվա բարձր գնաճը։
Հայաստանը հայտնվել է բարձր գնաճի գոտում, ինչն իր ուղղակի ազդեցությունն է ունենում նաև տնտեսության տարբեր ոլորտների ցուցանիշների վրա։
Տարեսկզբի 4 ամիսներին միջին գնաճը մեր երկրում կազմել է 5,4 տոկոս։ Այն անհամեմատ բարձր է, քան անցած տարի էր։ Բայց նույնիսկ դա չի արտահայտում գնաճի իրական պատկերը։ Առաջին անհրաժեշտության ապրանքների շուկաներում, որոնք էական դեր ունեն սպառման կառուցվածքում, գնաճը գրեթե կրկնակի ավելին է։ Բնականաբար, այս հանգամանքը չէր կարող իր ազդեցությունը չունենալ տնտեսական ցուցանիշների վրա։
Որ նախորդ տարվա ֆոնին՝ այս ապրիլին ցուցանիշները պիտի բարելավվեին, այլ կերպ չէր էլ կարող լինել։ Բայց դրանք չեն, որ արտահայտում են տնտեսության մեջ տեղի ունեցող պրոցեսների քիչ թե շատ իրական վիճակը։
Պատահական չէ, որ, երբ ապրիլի ցուցանիշները համեմատում ենք նախորդ ամսվա հետ, տնտեսության զարգացումների պատկերը շատ ավելի համեստ է դառնում։ Մարտի նկատմամբ ապրիլին ունեցել ենք տնտեսական ակտիվության ընդամենը 3,2 տոկոս աճ։ Առևտրի շրջանառությունը, որի բարձր աճերի մասին պարբերաբար հայտարարում է վարչապետը, ապրիլին՝ մարտի համեմատ, նույնիսկ կրճատվել է։
Ինչևէ, ունեն պաշտոնական վիճակագրություն, որը 4 ամիսների օպերատիվ տվյալներով՝ արձանագրել է տնտեսական ակտիվության 2,6 տոկոսանոց աճ։
Անցած տարվա 4 ամիսներին տնտեսական ակտիվության անկումն ավելի մեծ էր։ Անցած տարի 2,7 տոկոսով հետ էինք գնացել, այս տարի դրա վրա 2,6 տոկոսով աճ ենք արձանագրել՝ ըստ պաշտոնական վիճակագրության։
Արդյունաբերության աճը 4 ամիսների տվյալներով՝ 1 տոկոսից ցածր է՝ անգամ նման բարձր գնաճից ու ընդերքի շահագործման ծավալների երկնիշ ավելացումից հետո։ Ապրիլի տվյալները բացվածքը դեռ հայտնի չէ, բայց առաջին եռամսյակում արդյունաբերության միակ ճյուղը, որտեղ աճ կար, հանքարդյունաբերությունն էր։
Հանքարդյունաբերության հետ է կապված նաև արտահանման հատվածում նկատվող ակտիվությունը։
Անցած տարվա 8,1 տոկոս նվազումից հետո, այս տարվա առաջին 4 ամիսներին արտահանումն ավելացել է։ Բայց այն կապված է եղել հիմնականում մետաղների արտահանման ծավալների ավելացման ու միջազգային շուկաներում գների կտրուկ բարձրացման հետ։ Այս տարի պղինձը համաշխարհային շուկայում գրեթե կրկնակի թանկ է, քան 1 տարի առաջ էր։
Անցած տարվա առաջին 4 ամիսների 8,6 տոկոս նվազումից հետո, այս տարվա 4 ամիսներին պաշտոնական վիճակագրությունը ներքին առևտրի 4,8 տոկոս աճ է գրանցել։
Հիշեցնենք, որ այդ ընթացքում գնաճը կազմել է 5,4 տոկոս։ Ավելի բարձր, քան առևտրի արձանագրված աճն է։
Սա նշանակում է, որ առևտրի իրական ծավալները նախորդ տարվա նվազումից հետո շարունակել են նվազել։ Թեև դա ակնհայտ է նույնիսկ առանց պաշտոնական տվյալների. մարդկանց եկամուտները գրեթե չեն ավելացել, իսկ սպառողական ապրանքների գներն առանձին դեպքերում բարձրացել են ընդհուպ 50-60 տոկոսով։
Անցած տարվա 22 տոկոս անկումից հետո, այս տարվա 4 ամիսներին շինարարության աճը կազմել է 20 տոկոս։ Ավելի քիչ, քան անցած տարվա անկումն էր։
Ահա այսպիսին է մեր տնտեսության «վերականգնման» ընթացքը։ Նախորդ տարվա անկումից հետո դեռևս վաղ է խոսել տնտեսական կորուստները հետ բերելու մասին։ Սոցիալականի մասին նույնիսկ խոսք չի կարող լինել։ Սոցիալական իրավիճակը երկրում անհամեմատ վատացել է, իսկ աղքատության մակարդակը՝ բարձրացել։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ