Հայաստանը՝ կոլեկտիվ էֆթանազիայի նախաշեմին

Գնչուական թափառախմբի նման անվտանգության տասնյակ աշխատակիցների ուղեկցությամբ  գրասենյակից գրասենյակ շրջող Նիկոլ Փաշինյանը խեղճացած է ու խեղճ այնքան, որ անգամ նրա անգերազանցելի ցինիզմն ու ամբարտավանությունն ի զորու չեն թաքցնել դա։ Խեղճությունը նրա՝ խորամանկել փորձող հայացքում է ու երերացող ձայնում, սուտը թաքցնել փորձող ժեստերում ու նախկին պոռթկումներին նմանակելու չստացվող փորձերում։

Նիկոլ Փաշինյանն իր ղեկավարած, իրականում՝ իր տապալած Հայաստանի քայլող մարմնավորումն է՝  նվաղած ու վախեցած, անինքնուրույն ու խնդրարկու։ Նրա դողդոջուն հայտարարությունը, թե իր ղեկավարած ուժն ընտրություններում պետք է 60 տոկոս ձայն հավաքի, ավելի են ընդգծում այդ խեղճությունը․ նա վստահաբար իրականությունից կտրված չէ այնքան, որ չպատկերացնի իր այդ հայտարարության անհեթեթությունը։ Ոչ։ Այդպիսով պարզապես նա իր հետ հանդիպող սակավաթիվ մարդկանց ներկայացնում է իր խեղճությունը՝ խղճահարություն առաջացնելով և աղերսելով ընտրել իրեն։

Բացառված չէ, իհարկե, որ սա հատուկ մշակված տեխնոլոգիա է, և այդպիսով Նիկոլ Փաշինյանը փորձում է առաջացնել հասարակության խղճահարությունը՝ նրանից ակնկալելով ոչ թե վստահության, այլ խղճահարության ու ողորմության քվե։ Բայց եթե անգամ դա մտածված տեխնոլոգիա է, և Նիկոլ Փաշինյանն ընդամենը խեղճի դեր է խաղում, միևնույն է՝ նա արտահայտում է նաև իր ներքին, իրական խեղճությունը։

5000 հայորդիների մահվան համար առնվազն անուղղակի պատասխանատվություն կրող Նիկոլ Փաշինյանը փորձում է ներկայանալ զոհի կերպարով, ինչն ավելի արտահայտիչ է դարձնում նրա ցինիզմը։ Բայց անկախ կերպարներից ու դերերից, նրա վերջին ելույթներն ունեն մի չերևացող առանձնահատկություն․ Նիկոլ Փաշինյանն  այլևս հետաքրքիր չէ, նրա խոսքն այլևս որևէ հմայք չունի, նա կորցրել է անգամ ինտրիգ հարուցելու կարողությունը։

Նիկոլ Փաշինյանի խոսքին արդեն հետևում են սպորտային հետաքրքրությամբ՝ փորձելով պարզել, թե մինչև ո՞ւր կարող է շարունակվել նրա մարդկային ու քաղաքական բարոյականության անկումը, և թե որքա՞ն ավելի թշնամահաճո կարող է լինել նրա ամեն հաջորդ հայտարարությունը։
Նիկոլ Փաշինյանն աղետի, արհավիրքի ու մահվան քայլող խորհրդանիշ է։

Քաղաքացիներից քվե ակնկալելու նրա բոլոր փորձերն իրականում ուղիղ անարգանք են մարդկանց նկատմամբ․ նա քաղաքացիների աչքերի մեջ չնայելով՝ խնդրում կամ կոչ է անում ընտրել աղետն ու մահը։ Եվ եթե որևէ պարագայում Նիկոլ Փաշինյանի իշխանությունը վերարտադրվի, դա լինելու է հայ ժողովրդի մազոխիզմի ախտորոշումը, ինչպես և այն բանի վկայությունը, որ լույսի ու խավարի երկընտրանքում հասարակությունն ընտրում է խավարը, ինչպես որ կյանքի ու մահվան պարագային նախապատվությունը տալիս է վերջինին։

Աշխարհի երկրների մեծ մասում էֆթանազիան՝ մահվան գիտակցված ընտրությունը, արգելված է օրենքով։ Հայաստանում ևս անհատի էֆթանազիան օրենքով անթույլատրելի է։ Սակայն միանգամայն թույլատրելի է կոլեկտիվ էֆթանազիան՝ գիտակցված մահը, որն առաջարկում է Նիկոլ Փաշինյանն ընտրություններին իր մասնակցությամբ։

«Մահ իմացյալ՝ անմահություն է» արտահայտությունն ընդունված է կիրառել հանուն հայրենիքի մահվան պարագային։ Նիկոլ Փաշինյանին ընտրելու դեպքում հայ հասարակությունն իմացյալ մահվան է գնալու՝ հանուն անհայրենիքության ու հայրենիքի կորստի՝ վերջնականապես ջախջախելով հայ ժողովրդի հազարամյա իմաստնության մասին դպրոցներում ուսուցանվող թեզը։

Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս