Բաժիններ՝

Կա արտագաղթի տրամադրվածություն, և մարդիկ իրենց համար ստեղծում են ֆինանսական կամուրջներ՝ այլ երկիր տեղափոխվելու համար․ տնտեսագետ

Նախորդ տարեվերջից սկսած Հայաստանում արձանագրվող գնաճը, ըստ ԿԲ նախագահ Մարտին Գալստանյանի, հիմնականում պայմանավորված է միջազգային ապրանքահումքային շուկաներից փոխանցվող և դրամի արժեզրկմամբ դիտարկվող առաջարկի մեկանգամյա գործոններով՝ ուստի այն կրում է ժամանակավոր բնույթ և տարեվերջից սկսած կնվազի ու կմոտենա նպատակային 4 տոկոս ցուցանիշին։

Իշխանական շրջանակներից, ինչպես և սպասելի էր, հնչում են այլ վստահեցումներ ևս, որ գնաճը կառավարելի է, և, որ անգամ գնաճի ցուցանիշով ենք աչքի ընկնում, քանի որ հունվար-ապրիլին Հայաստանը ԵԱՏՄ տարածքում ամենացածր գնաճ արձանագրած երկիրն է՝ 5.4 տոկոս։

Տնտեսագետ Վարդան Բոստանջյանի համոզմամբ, սակայն, գնաճային մակարդակի վերաբերյալ պաշտոնական ցուցանիշը բացարձակապես չի համապատասխանում իրականությանը։

«Վիճակագրական ծառայության կողմից կիրառվում է այնպիսի մեթոդաբանություն, որի արդյունքում ստացվում են ամենատարբեր ցուցանիշները՝ ինչպես գնաճին վերաբերող, այնպես էլ՝ տնտեսական ակտիվության ցուցանիշին և մյուս մակրոցուցանիշներին՝ մինչև անգամ զբաղվածություն, որոնք փորձում են համեմատաբար դրական նկարագրել իշխանությունների, մասնավորապես՝ կառավարության գործունեությունը, ինչը, նորից եմ կրկնում, չի համապատասխանում իրականությանը»,- 168.am-ի հետ զրույցում նշեց տնտեսագետը։

Նա հավելեց, որ, չլինելով իսկ մասնագետ՝ կարելի է զգալ և գնահատել զգալի գնաճի լուրջ հետևանքները քաղաքացիների վրա․ «Մեր քաղաքացին, որը չի կարող չօգտվել առաջին անհրաժեշության պարենային ապրանքներից, գտնվում է կատաստրոֆիկ դժվարության մեջ․ նա մեծագույն լարվածությամբ է կարողանում օգտվել այդ սպառման անհրաժեշտություններից, որոնք մինիմում ֆիզիոլոգիական պահանջ են՝ ոչ ավելին։ Եվ այս պարագայում կուրծքը թափահարել և ասել՝ մեզ մոտ ավելի ցածր է, քան․․․ Այսօրվա ամեն ինչը ձախողած իշխանությունների պարագայում լսե՞լ եք ճիշտ խոսք՝ ընդհուպ ՀՀ, այսպես կոչված, վարչապետից»։

Տնտեսագետ Սուրեն Պարսյանը նկատեց՝ աննախադեպ բարձր գնաճի մասին խոսելիս պետք է նաև խոսել մարդկանց եկամուտների մասին․ «Պաշտոնական վիճակագրությամբ հունվար-ապրիլ ամիսներին մենք ունենք 5.4 տոկոս գնաճ՝ այն դեպքում, երբ Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է ընդամենը 2.1 տոկոս․ Սա վկայում է բնակչության աղքատացման մասին։ Այսինքն՝ մարդիկ իրենց աշխատավարձով անցած տարի ավելի շատ ապրանքներ և ծառայություններ կարող էին գնել, քան այս տարվա իրենց աշխատավարձով»։

Տնտեսագետը չի կարծում, թե գնաճային գործոնները ժամանակավոր են, ինչպես հաճախ նշվում է պաշտոնական շրջանակներից․ «Ակնհայտ է, որ ապրանքների գների այս բարձրացման հիմքում տնտեսական ակտիվությունն ընկած չէ, այլ դրամի արժեզրկումը, տնտեսության նկատմամբ անորոշությունը, քաղաքական անկայունությունը, որոնք երկարաժամկետ ազդեցություն ունեն մեր տնտեսության վրա։

Նշում են, թե հնարավոր է տարեվերջին գնաճը բերել 4 տոկոսի սահմաններում. ամբողջ տարվա ընթացքում բնակչությունը պետք է վճարի այդ թանկացող ապրանքների համար, տարվերջի երկու ամիսներին գնաճը իջնի պլանավորվածի մակարդակում։ Դա բնակչության տեսանկյունից ոչինչ չի տալիս։ Տասը ամիս նրանք վճարում են թանկ, վերջին երկու ամիսը նվազում-հասնում է 4 տոկոսի սահմաններում»։

«Զուտ մակրոցուցանիշներով մենք չենք կարող գնահատել երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակը»,- հավելեց նա։

Անդրադառնալով առկա սոցիալ-տնտեսական իրավիճակին՝ Սուրեն Պարսյանն արձանագրեց․ «Ակնհայտ է, որ կա որոշակի արտագաղթի տրամադրվածություն, և մարդիկ իրենց համար ստեղծում են ֆինանսական կամուրջներ՝ այլ երկիր տեղափոխվելու համար։ Պատահական չէ, որ հունվար-փետրվար ամիսներին ՀՀ-ից դեպի ԱՄՆ ֆիզիկական անձանց փոխանցումներն աճել են 80 տոկոսով։ Սա խոսում է այն մասին, որ մարդիկ նախապատրաստվում են արտագաղթելու, կամ իրենց գումարները տանում են ավելի ապահով երկրներ։

Անկախ ընտրության արդյունքներից՝ մեր երկրում արտագաղթի այդ մթնոլորտը բավականին ուժեղ է, պահպանվելու է, ինչի հետևանքով արտագաղթելու է ոչ թե չունևոր հատվածը, այլ հիմնականում միջին խավը, կամ նրանք, ովքեր ունեն որոշակի կապիտալ։ Այս ամենը կանխելու համար մեզ պետք է ստեղծել որոշակի համերաշխության մթնոլորտ, ապահովել քաղաքական կայունություն, տրամադրել անվտանգության երաշխիքներ»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս