Ինչո՞ւ պատերազմի օրերին «չեզոքացվեց» Ջաբրայիլի զորամասի հրամանատարը. պատասխան հարց Նիկոլ Փաշինյանին
Պատերազմի ընթացքում և դրանից հետո նահանջների, պարտության մեղքը Նիկոլ Փաշինյանն ամեն կերպ փորձեց բարդել բանակի վրա՝ դավաճաններ փնտրելով:
Այսօրվա դրությամբ 2020թ. սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ն իրականացված պատերազմի ընթացքում ՀՀ և ԱՀ պաշտպանունակության, զինվորական ծառայության դեմ ուղղված առերևույթ հանցագործությունների դեպքերի առթիվ քննվող ավելի քան 1580 քրեական գործերով 628 անձ ներգրավվել է՝ որպես մեղադրյալ, այդ թվում՝ բարձրաստիճան սպաներ։
ՀՀ գլխավոր դատախազությունից ասում են, որ ինչպես՝ քանակական, այնպես էլ՝ բովանդակային առումով ահռելի ծավալներ ունեցող այս քրեական գործերի քննություններն իրականացվում են մի քանի հիմնական ուղղություններով՝ զորահավաքային զորակոչի, զորահամալրման գործընթացներում թույլ տրված հանցավոր խախտումներ, պատերազմից առաջ և դրա ընթացքում սպառազինության, ռազմական պարագաների գնումների ձեռքբերման ընթացքում հնարավոր կոռուպցիոն սխեմաների գործադրում, ռազմավարական ու մարտավարական մակարդակներում զինված ուժերի, դրա առանձին ստորաբաժանումների գործողությունների ղեկավարման, իրականացման ընթացքում հանցավոր թերացումներ, կոնկրետ իրավիճակներում հրամանատարության կողմից տրված հրամանների, մարտական առաջադրանքների կատարումից հրաժարվելու դեպքերի, դրանց պատճառների և հետևանքների պարզում: Իհարկե, եղել են թերացումներ, անբարեխիղճ ծառայության դեպքեր հրամանատարների շրջանում, բայց այստեղ, ըստ էության, խոսում են այնպիսի խնդիրների մասին, որոնց մի մասի պատասխանատուն երկրի ղեկավարությունն է՝ սկսած մոբիլիզացիայի ձախողումից մինչև պատերազմից առաջ և դրա ընթացքում սպառազինության, ռազմական պարագաների գնումների ձեռքբերման գործում հնարավոր կոռուպցիոն սխեմաների գործադրում:
Այո, բանակի լրահամալրումը պատերազմի օրերին չի կատարվել Նիկոլ Փաշինյանի մեղքով:
ԳՇ պետը համալրմամբ չի զբաղվում, այդ հարցում բանակում պատասխանատու է Պաշտպանության նախարարությունը՝ զինվորական կոմիսարիատների հետ, իսկ երկրում՝ երկրի վարչապետը և տարածքային ստորաբաժանումները՝ մարզպետարաններ, համայնքի ղեկավարներ: Այսինքն, ռազմաքաղաքական նպատակով ռեսուրսների մոբիլիզացիայի խնդիրը Փաշինյանն ինքն է ձախողել: Եվ բազմաթիվ անձինք, ովքեր ունեին որոշակի կամ կոնկրետ մասնագիտություն, պատրաստվածություն, չընդգրկվեցին մոբիլիզացիայի մեջ: Կամ անձինք, ովքեր ունեին որոշակի պատրաստվածություն և կարող էին որոշակի, այսպես ասած, պաշտոններ զբաղեցնել, բոլոր անձանց առաջարկվեց մեկնել՝ որպես կամավոր զինվոր: Մինչդեռ մարդը, որը պատրաստվել է որոշակի գործառույթներ իրականացնելու համար, նրան որպես զինվոր օգտագործելը, ինչը կատարվեց, աբսուրդ էր: Այլ կերպ՝ չկար կառավարման հստակ համակարգ, որի արդյունքում ստացանք այն, ինչ ստացանք:
Եթե պատերազմի առաջին օրը, ըստ մոբիլիզացիոն պլանների (որոնք, իհարկե, գաղտնի են և չեն կարող բացահայտվել), ստեղծվեին համապատասխան ուժերը, ի վերջո, 44-45 օրը բավականին մեծ ժամանակ է, որ ձևավորվեին մարտունակ զորամասեր, որոնք կարող էին մտնել մարտի մեջ և կատարել այն խնդիրները, որոնք ի վիճակի չէին կատարել կամավորական խմբերը:
«Արմնյուզին» տված հարցազրույցում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը նշել էր, որ գերագույն հրամանատարն ունի երկու կարևորագույն ֆունկցիա, որոնցից մեկը հենց երկրի ամբողջ ներուժի մոբիլիզացիան է:
«Գերագույն հրամանատարը պարտավոր է մոբիլիզացնել երկրի ողջ ներուժը ռազմաքաղաքական խնդիր լուծելու համար, այն է` կանգնեցնելու հակառակորդին, կամ ջախջախելու հակառակորդին, կամ գոնե նվազագույնը՝ արժանի դիմադրություն ցույց տալու»,- ասել էր նա:
Երկրորդ՝ Փաշինյանի իշխանությունը փոխել է նախկինների օրոք մշակված 2018-2024 թվականների զինված ուժերի զարգացման պլանը՝ բաղկացած 169 կետից, թե ինչ փոփոխություններ պետք է մտցվեն զինված ուժերում, որ զինատեսակները պետք է զարգացնել, և արդյունքում ինչ պետք է ստանալ:
Եվ այդ փաստաթղթի հիման վրա կազմվել էր ռազմական տեխնիկայի և սպառազինության ձեռքբերման պլանը, որի համաձայն՝ ինչպես ՀՀ երրորդ նախագահն էր ասել, նախատեսված էր 1 մլրդ 300 մլն դոլար, և այդ միջոցների աղբյուրները հստակորեն կային, 100 մլն-ը վարկային միջոցներով էին՝ յուրաքանչյուր տարի, 100 մլն-ը՝ այլ բյուջետային միջոցներ:
«2018-2020 թվականների համար նախատեսված էր կեսից ավելին, ընդ որում՝ 1 մլրդ 300 մլն դոլարից 500 մլն-ից ավելին նախատեսված էր ավիացիայի, ՀՕՊ-ի և անօդաչու թռչող սարքերի կատարելագործման ու ձեռքբերման համար: Մի թիվ ասեմ. նախատեսված էր մինչև 2024 թիվը ձեռք բերել 2500 անօդաչու թռչող սարք»,- մանրամասնել էր Սերժ Սարգսյանը:
Եվս մի շատ կարևոր խնդիր, որն իր ազդեցություն է ունեցել պատերազմի ընթացքի և ելքի, արդյունքների վրա, դա Փաշինյանի «թեթև ձեռքով» 2018-2020 բանակում արված կադրային կամ հրամանատարների փոփոխություններն են, այդ թվում՝ պատերազմի ընթացքում:
Մասնավորապես, Փաշինյանի իշխանության օրոք փոխվել է Ջաբրայիլի (Ջրական) զորամասի հրամանատարը՝ Մարտին Ջհանգիրյանը, ով Ապրիլյան պատերազմի ժամանակ եղել է Վարանդայում (Ֆիզուլի) տեղակայված ՊԲ զորամասի հրամանատարը:
2016 թ. ապրիլի 2-ի լուսաբացին՝ ժամը 02:30-03:00-ից սկսած, Ադրբեջանը բացահայտ լայնածավալ հարձակում ձեռնարկեց Արցախի ուղղությամբ՝ մեծաքանակ ուժերով հարձակվելով հատկապես 6-րդ պաշտպանական շրջանի (Մատաղիս) և 9-րդ պաշտպանական շրջանի (Ջաբրայիլ) առանձին մարտական դիրքերի ուղղությամբ։ Առավոտյան արդեն թշնամին կարողացել էր մխրճվել նշված պաշտպանական շրջանների մի քանի բարձրադիր մարտական դիրքեր։ Ճակատի առանձին հատվածներում Ադրբեջանը կիրառեց նաև օդուժ։ Ապրիլի 2-ի առավոտյան թշնամու կողմից հրետակոծության ենթարկվեցին Պաշտպանության բանակի մերձճակատային որոշ զորամասերի մշտական տեղակայման վայրերը։ Հայկական ուժերի խնդիրն էր նախ՝ կանխել թշնամու հետագա առաջխաղացման փորձերը, ապա՝ հետ բերել կորցրած տեղամասերը։
9-րդ ՊՇ ուղղությամբ թշնամու առաջխաղացումը կասեցնելու և գիշերը հակառակորդի մխրճված մարտական դիրքերը վերականգնելու համար վերադաս հրամանատարության կարգադրությամբ մարտական կիրառման շրջան են դուրս բերվում նաև Վարանդայում (Ֆիզուլի) տեղակայված զորամասի զրահատանկային գումարտակի ուժերը՝ 2 տանկային և 1 մոտոհրաձգային վաշտի ուժերով։ Այդ զորամասում տագնապի ազդանշանը ստացվում է ապրիլի 2-ին՝ ժամը 06:30-ի սահմաններում։ Ազդանշան ստանալուն պես անձնակազմը բերվում է բարձր մարտական պատրաստականության աստիճանի՝ դուրս գալով համապատասխան նախորոշված շրջաններ։ Զորամասի հրամանատար փոխգնդապետ Մարտին Ջհանգիրյանին և վերջինիս՝ նյութատեխնիկական ապահովման գծով տեղակալ մայոր Արթուր Հովսեփյանին հաջողվում է թշնամու կողմից զորամասի տարածքի հրետակոծության ներքո անձնակազմն անկորուստ դուրս հանել հավաքակայանից և ստորաբաժանումների կազմով երթ կատարել դեպի 9-րդ ՊՇ համապատասխան հատված։ ՊԲ նշված զորամասի՝ ջաբրայիլյան հատված ուղարկվող անձնակազմի մարտական խնդիրն էր՝ կանգնեցնել հակառակորդի առաջխաղացումը։ Առաջնագծի այս հատվածի պաշտպանությունը ղեկավարում էին ՊԲ հրամանատարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Միքայել Արզումանյանը և 18-րդ հրաձգային դիվիզիայի հրամանատարի տեղակալ գնդապետ Արարատ Մելքումյանը։
Հասնելով մարտական գործողությունների շրջան՝ Մ․ Ջհանգիրյանի ղեկավարած 2-րդ տանկային վաշտը զբաղեցնում է կրակային բնագծեր հակառակորդի կողմից մխրճված 112-118 մարտական դիրքերի թիկունքային մասում՝ խնդիր ունենալով կասեցնել հակառակորդի հետագա առաջխաղացումը։ Մարտական նույն խնդիրն ուներ նաև 2-րդ տանկային վաշտին քիչ ավելի ուշ միացած 1-ին տանկային վաշտը՝ Ա․ Հովսեփյանի գլխավորությամբ։
2019-ի կեսերին Ջաբրայիլի զորամասի հրամանատար Մարտին Ջհանգիրյանի փոխարեն՝ դառնում է Արտյոմ Պողոսյանը, որին պատերազմի առաջին օրերին, թերևս, դիտմամբ «չեզոքացրին», կալանավորեցին՝ անհիմն մեղադրանքով, և քանի որ անհիմն էր մեղադրանքը, ավելի ուշ Պողոսյանն արդարացվեց: Փաշինյանի իշխանությանը ոչ մի կերպ չի հաջողվել զինծառայողներից ցուցմունք կորզել նրա դեմ:
Մեզ հասած տեղեկություններով՝ նա այսօր ծառայությունը շարունակում է ՀՀ ԶՈՒ ԳՇ-ում:
Եվ այսքանից հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարում է. «2-րդ բանակային կորպուսից մինչև 9-րդ պաշտպանական շրջան մեր բանակն ամուր պահել է պաշտպանական գիծը: Եվ սա փաստ է, ու պետք է սպաներին, զինվորներին, գեներալներին արժանին մատուցենք։ Պետք է հասկանալ՝ ինչն է պատճառը, որ, այնուամենայնիվ, 9-րդ պաշտպանական շրջանի ճեղքումը տեղի ունեցավ, որը, ցավոք սրտի, հետագայում չհաջողվեց կանգնեցնել»:
Ի դեպ, Ջաբրայիլում ամենաշատ զոհերն ենք ունեցել: Հավելենք, որ Փաշինյանն ասել էր, որ պատերազմի ժամանակ իր որդու եղած վայրում ամենաշատ զոհերն ենք տվել: 2020-ի հոկտեմբերի 12-ին, իմքայլական նախկին պատգամավոր Վարազդատ Կարապետյանն իր գրառմամբ արդեն իսկ գաղտնազերծել էր սա: Այլ հարց է, թե ինչպես է Փաշինյանի որդին փրկվել, ինչ գնով:
Իսկ հրամանատարների փոփոխություններ եղել են նաև մի քանի ՊՇ-ներում (օրինակ, 1-ին, 2-րդ, 6-րդ ), զորամասերում՝ Մարտակերտի Հորաթաղ, Ցոր, Հադրութ և այլն: Ընդ որում, որոշ զորամասերի հրամանատարներ փոխվել են մի քանի անգամ:
Նոյեմբերի 10-ին «5-րդ ալիք»-ի հետ հարցազրույցում «Սիսական» ջոկատի հրամանատար, «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանակիր Աշոտ Մինասյանն ասել է, որ Փաշինյանը կազմալուծել է բանակը՝ 2,5 տարի շարունակ համալրելով այն ոչ փորձառու կադրերով:
«Լավագույն հրամանատարները, որոնք գոյություն ունեին բանակում, 2-2.5 տարի առաջ այդ բոլոր հրամանատարներին սկսեց հանել ինքը, մաքրել, որոնք ունեին հսկայական փորձ և ժամանակի մեջ կարող էին իրենց փորձը փոխանցել ավելի երիտասարդ սերունդների, տալ այդ ամեն ինչը, որպեսզի կարողանային հետո ավելի լավ մարտավարություն սովորեցնել: Սակայն չաճած տղաների, ինչո՞ւ եմ սա ասում, որովհետև մարդը, որը դարձել է գումարտակի հրամանատար, դու չես կարող միանգամից տալ մարդուն գնդի հրամանատար: Նախ մարդը պիտի գնա ուսման, հետո գա դառնա գնդի հրամանատարի տեղակալ, նոր դառնա գնդի հրամանատար: Պետք է հերթականությունն այսպես ճիշտ ձևով տարվեր: Բազում-բազում հաստիքներ, որոնք գոյություն ունեին, և առայսօր էլ կան, ինքն այդ հաստիքներին տեղավորեց մարդկանց, որոնք պիտանի չէին: Ես չեմ ուզում թվարկել այն մարդկանց անունները, որոնց տեսել եմ այս 45 օրվա ընթացքում, և որոնք փախել են պատերազմի դաշտից: Հենց իր նշանակած գնդի հրամանատարը:
Ես չեմ վախենում սա ասելուց, չեմ ամաչում սա ասելուց, և ունեմ կադրերը, որոնք կարող եմ ուզածդ քննչական մարմնին ցույց տալ: Կամ համապատասխան մարմնին, որը կփորձի ինձանից ստանալ համապատասխան տեղեկատվությունը: Ես պատրաստ եմ ներկայացնել իրենց, որը, եթե չեմ սխալվում, նաև իր ընկերոջ երեխան է, սանիկը կամ լակոտը, և որը ղեկավարում է մի ամբողջ գունդ: Անուն չեմ ուզում տալ: Բայց համապատասխան մարմինը, որը կհրավիրի ինձ, ես կներկայացնեմ այդ ամբողջ ինֆորմացիան: Եվ նման մարդիկ, իհարկե, չեն կարող գունդ ղեկավարել: Երբ հետաքրքրվում ես փախնող զինվորից՝ բա ո՞ւր է ձեր հրամանատարը, ասում են՝ առաջից է ինքը գնում: Այսինքն, գնդի հրամանատարն առջևից փախնո՞ւմ է, իսկ զինվո՞րն ինչ պետք է աներ»,- մանրամասնել էր նա:
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն իր հերթին ասել էր, մասնավորապես, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանի պաշտոնից ազատումը չափազանց բացասական կերպով է ազդել մարտական գործողությունների ընթացքի վրա: