Փաշինյանի խոստովանությունը պիտի քննվի, կամ՝ Վարազդատ Կարապետյանի գրառման հետքերով
Երեկ ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանը խոստովանել է, որ պատերազմի ժամանակ իր որդու եղած վայրում ամենաշատ զոհերն ենք տվել:
«Ասում են՝ 5 հազար, 7 հազար մարդ տարավ կոտորեց, այդ պատերազմն իմ ընտանիքի կողքով չի անցել: Իմ որդին եղել է առաջնագծում` այն տեղում, որտեղ տվել ենք ամենամեծ թվով զոհերը: Իմ որդու հետ կողք կողքի մարդ է եղել՝ մարմիններով իրար կպած, զոհվել է, որևէ մեկը չէր կարող որոշել, որ զոհվողը պետք է լիներ այդ մարդը, ոչ թե իմ որդին: Այդ մարդու անուն-ազգանունը կա, դա ստուգելի փաստ է»,- ասել է նա և շարունակել, թե որևէ մեկը չի կարող ասել, որ իր որդու անվտանգության համար մի միլիմետր ավելին է արել, քան մյուս` տասնյակ-հազարավոր տղաների համար:
«Նույն խրամաբջջի մեջ գտնվող տղան` որդուս ընկերը, ականանետի պայթյունից զոհվել է, իմ որդին` չէ, ո՞վ է որոշել դա»,- պնդել է Փաշինյանը:
Նիկոլ Փաշինյանը, իհարկե, չտվեց իր որդու հետ կողք կողքի եղած և զոհված տղայի անունը, և ոչ էլ վայրը, որտեղ ամենաշատ զոհերն ենք տվել, որի դեպքում գաղտնազերծումը կամ կռահելը շատ ավելի հեշտ կլիներ: Սա, իհարկե, չիմացողների համար: Իսկ մենք փորձենք բաց աղբյուրներից մի քանի հիշեցում անել.
Հոկտեմբերի 7. Աննա Հակոբյանը «Երեք փխրուն աղջիկները» վերտառությամբ մի լուսանկար է հրապարակում՝ թվագրված և նշված 5.10.2020, Ստեփանակերտ, որտեղ երևում է նաև Փաշինյանի տղան՝ Աշոտը:
Հոկտեմբերի 12-ին համացանցը և մեդիադաշտը բուռն քննարկեց իմքայլական նախկին պատգամավոր Վարազդատ Կարապետյանի գրառումը, թե իբր կամավորական բժշկից նամակ է ստացել, որում ասվում էր.
«Ես հիմա Գորիսի հիվանդանոցում եմ, Ջաբրայիլից զինվոր են բերել ազդրի հրազենային կոտրվածքով: Ասի հերոս ջան, ասեց հերոսը Փաշինյանի տղեն ա, Գրադը խփեց, սաղ փախան, մի քանի հոգի մնացին ու Աշոտը»:
Նույնատիպ տեքստով գրառումներ իրենց ֆեյսբուքյան էջերին անմիջապես տեղադրեցին նաև իմքայլական այլ պատգամավորներ, ԲՏԱ նախկին նախարար Հակոբ Արշակյանը:
Ինչ վերաբերում է Փաշինյանի հայտարարությանը, ապա այն քննության նյութ պիտի դառնա՝ ինչո՞ւ ենք ամենաշատ զոհերը տվել այդ չգաղտնազերծված վայրում, ինչո՞ւ է երկրի ղեկավարի տղան հայտնվել այդ վայրում, ի վերջո, հակառակորդը կարող էր հետախուզական միջոցներով պարզել Աշոտի գտնվելու վայրը, թիրախավորեր, և դրանով վտանգվեր նաև մյուս զինծառայողների անվտանգությունը և կյանքը, և ի՞նչ, այսպես ասած, ռազմական մասնագիտության կամ կարողության բերումով է իր որդուն Նիկոլ Փաշինյանն ուղարկել տվյալ մարտական գործողությունների վայրը: Այսինքն, որքանով են նրա ռազմական գիտելիքները, կարողությունները, այս կամ այն զենքին տիրապետելը համահունչ եղել տվյալ վայրում ընթացած պատերազմական գործողություններին:
Սրանք այն նվազագույն հարցերն են, որոնց պատասխանները պիտի տրվեն, հատկապես, երբ արդեն բավարար գաղտնազերծումներ են արվել, և ժամանակ առ ժամանակ համացանցում և մեդիադաշտում խոսակցություններ են պտտվում Աշոտ Փաշինյանի «փրկության օպերացիայի մասին»՝ բավականին զոհերի գնով:
Ի դեպ, ըստ տարբեր տեղեկությունների, բավականին շատ զոհեր ենք ունեցել, մասնավորապես, Վարազդատ Կարապետյանի հիշատակած Ջաբրայիլում, Հադրութում, Հորադիզում, այսպես կոչված, «Լելե Թեփեի» օպերացիայի ժամանակ: