«Հենց իր նշանակած գնդի հրամանատարը փախել է պատերազմի դաշտից. ունեմ կադրերը». Աշոտ Մինասյանը՝ Նիկոլ Փաշինյանի մասին

Նիկոլ Փաշինյանն ինքն է հայրենիքի հանդեպ ատելություն սերմանել մեր ժողովրդի մեջ, երբ սկսեց ժողովրդին բաժանել սևերի և սպիտակների:

Նոյեմբերի 10-ին «5-րդ ալիք»-ի հետ հարցազրույցում ասել էր «Սիսական» ջոկատի հրամանատար, «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանակիր Աշոտ Մինասյանը՝ նշելով, որ Փաշինյանը չի կարող պարտությունը գցել ժողովրդի «ջեբը», քանի որ դա ինքն է սերմանել, ինքն է կազմաքանդել բանակը՝ 2,5 տարի շարունակ համալրելով այն ոչ փորձառու կադրերով:

«Եվ ինքն ինչ կատարել է ժողովրդի ներսում, նույնը կատարել է բանակի ներսում: Ինչպե՞ս: Լավագույն հրամանատարները, որոնք գոյություն ունեին բանակում, 2-2.5 տարի առաջ այդ բոլոր հրամանատարներին սկսեց հանել ինքը, մաքրել, որոնք ունեին հսկայական փորձ և ժամանակի մեջ կարող էին իրենց փորձը փոխանցել ավելի երիտասարդ սերունդների, տալ այդ ամեն ինչը, որպեսզի  կարողանային  հետո ավելի լավ մարտավարություն սովորեցնել: Սակայն չաճած տղաների, ինչու եմ սա ասում, որովհետև մարդը, որը դարձել է գումարտակի հրամանատար, դու չես կարող միանգամից տալ մարդուն գնդի հրամանատար: Նախ մարդը պիտի գնա ուսման, հետո գա դառնա գնդի հրամանատարի տեղակալ, նոր դառնա գնդի հրամանատար: Պետք է հերթականությունն այսպես ճիշտ ձևով տարվեր: Բազում-բազում հաստիքներ, որոնք գոյություն ունեին, և առայսօր էլ կան, ինքն այդ հաստիքներին տեղավորեց մարդկանց, որոնք պիտանի չէին: Ես չեմ ուզում թվարկել այն մարդկանց անունները, որոնց տեսել եմ այս 45 օրվա ընթացքում, և որոնք փախել են պատերազմի դաշտից: Հենց իր նշանակած գնդի հրամանատարը: Ես չեմ վախենում սա ասելուց, չեմ ամաչում սա ասելուց, և ունեմ կադրերը, որոնք կարող եմ ուզածդ քննչական մարմնին ցույց տալ: Կամ համապատասխան մարմնին, որը կփորձի ինձանից ստանալ համապատասխան  տեղեկատվությունը: Ես պատրաստ եմ ներկայացնել իրենց, որը, եթե չեմ սխալվում, նաև իր ընկերոջ երեխան է, սանիկը կամ լակոտը, և որը ղեկավարում է  մի ամբողջ գունդ: Անուն չեմ ուզում տալ: Բայց համապատասխան մարմինը, որը կհրավիրի ինձ, ես կներկայացնեմ այդ ամբողջ ինֆորմացիան: Եվ նման մարդիկ, իհարկե, չեն կարող գունդ ղեկավարել: Երբ հետաքրքրվում ես փախնող զինվորից՝ բա ո՞ւր է ձեր հրամանատարը, ասում են՝ առաջից է ինքը գնում: Այսինքն, գնդի հրամանատարն առջևից փախնո՞ւմ է, իսկ զինվորն ինչ պետք է աներ»,-մանրամասնել է նա:

Աշոտ Մինասյանը շարունակել է, որ գործող իշխանությունները կազմալուծել են բանակը:

«Քանդելն ու կազմալուծելը տարբեր բաներ են: Բանակն իր տեղում է, բանակում ունենք հրաշալի սպայակազմ, ունենք հրաշալի գեներալներ, սպաներ, գնդապետներ, շարքային զինվոր: Կազմալուծելը դա քանդելը չէ, դա այլ բան է. տեղափոխություններ կատարել, արհամարված մարդկանց, որոնք նախկինների օրոք դուրս էին մղված բանակից, նորից դաշտ բերել, տեղի-անտեղի գեներալների կոչումներ շնորհել: Կամ անտեղի, չգիտեմ ինչ վիճակներով մեկ բլուր գրավելու համար հերոսական կերպարներ ստեղծել, գեներալների կոչումներ շնորհել, Ազգային հերոսի կոչումներ տալ: Սա կազմալուծում է, որովհետև նույն զինվորը տեսնում է, որ իր հրամանատարը ոչինչ չի արել և միանգամից  հերոսի կոչում է ստանում, իր գնդի փախնող հրամանատարը միանգամից դառնում է բանակի գեներալ: Սա, իհարկե, կազմալուծել է կոչվում: Եվ փորձ արվեց նսեմացնել ամբողջ արցախյան ազատամարտի հերոսներին, կերպարներին, որոնք իրական լեգենդներ էին: Ինչո՞ւ: Հին հրամանատարներից և գեներալներից ոչ ոք… բոլորը լիկվիդացված, մեկուսացված  վիճակում էին: Ես հանդիպել և զրուցել եմ բոլորի հետ, քննարկումներ ենք ունեցել իրար հետ: Ինչո՞ւ էին այդ մարդիկ մեկուսացված, եթե ունեին ահռելի, հսկայական փորձ, և որոնք երկու պատերազմ էին անցել: Եվ պատերազմ ոչ թե միայն 4 օրով, այլ 5-6 տարով: Ոչ թե թույլ չէին տալիս, այլ իրենց մեկուսացրել էին, որ ոչ ոք չխառնվի, որ ոչ ոք ոչնչին չխառնվի: Ցավալի է: Ո՞վ չէր թույլ տալիս՝ դա արդեն երկրորդ խնդիրն է: Ո՞ւմ էին թույլ տալիս՝ դա արդեն երկրորդ խնդիրն է: Ո՞վ պետք է էդ մարտը վարեր, դա արդեն ուրիշ խնդիր է»:

Հիշեցնենք, «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը մասնակցել է արցախյան առաջին պատերազմին, որի ժամանակ բացի մարտական ընկերներից, նաև կրտսեր եղբորն է կորցրել՝ 23-ամյա խոստումնալից բանաստեղծ, ազատամարտիկ  Աղվան Մինասյանին:

2016թ․ Ապրիլյան և 2020թ․ երրորդ պատերազմին արցախյան գոյամարտում եղբայր կորցրած Աշոտ Մինասյանն առաջնագիծ է մեկնել իր երկու տղաների, եղել ամենաթեժ կետերում:

45 օր պատերազմի դաշտում կռիվ տալուց հետո, արդեն առողջական խնդիրներ ունեցող «Սիսական» ջոկատի հրամանատարը սրտի ստենդավորման է ենթարկվել: Այս ամենի մասին, վստահ եմ, իրավապահ մարմինները շատ լավ տեղյակ են:

Աշոտ Մինասյանի շահերի պաշտպան  Արամ Վարդևանյանը դատարանի որոշման կապակցությամբ ժամեր առաջ ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Տեղեկացնում եմ, որ լեգենդար հրամանատ Աշոտ Մինասյանին նոյեմբերի 9-ի ոչինչ չասող, իրավական առումով անհեթեթ խոսակցության հիման վրա, ՆՈՅԵՄԲԵՐԻ 13-ին ձերբակալելը` Դատավոր Մարինե Մելքոնյանը ճանաչեց իրավաչափ:

Նիստին Գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Բաղդասարյանը, ևս երեք մասնակից այսիքն 4 ՆԵՐԿԱՅԱՑՈւՑԻՉ պնդում էին, որ Արցախյան երեք պատերազմի մասնակից, հենց դատախազների, քննիչների թշնամուց ՊԱՇՏՊԱՆԱԾ հրամանատար Մինասյանը պետք է մնա ձերբակալված, իսկ Դատավոր Մարինե Մելքոնյանը միացավ այդ կարծիքին:

Տեսանյութեր

Լրահոս