«Կարծես թե ձևավորվում է ցանկալի և ոչ ցանկալի դատավորների ինստիտուտ». Վազգեն Ռշտունի
Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Վազգեն Ռշտունին այսօր լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով պետական իշխանության ներկայացուցիչների կողմից դատավորների թիրախավորմանն ու դատական համակարգի պիտակավորմանը, նշեց, թե քննադատությունը կարելի է ընդունել, եթե այն առողջ քննադատություն է:
«Բայց հաճախ լսում ենք քննադատություններ, որոնք վերաբերում են օրինական ուժի մեջ մտած դատական ակտերին, որոնք, իմ կարծիքով, թույլատրելի երևույթներ չեն: Թույլատրելի երևույթներ չեն հատկապես պետական բարձրաստիճան պաշտոնյաների կողմից, որ դրանք արվում են: Դրա համար, բնականաբար, դա մեզ համար հաճելի չէ:
Բայց որ ասեմ՝ կոնկրետ իմ գործունեության վրա այդ քննադատությունները, կամ, այսպես ասած, անհարիր գնահատականները ազդում են, չեն ազդում»,- ասաց Վազգեն Ռշտունին:
Դիտարկումներին, թե շարունակում են դատավորներին կապել ներկաների կամ նախկինների հետ ու նրանց ներկայացնել՝ որպես սպասարկուներ, Ռշտունին արձագանքեց.
«Ո՛չ նախկիններին ենք սպասարկել, ո՛չ ներկաներին ենք սպասարկում, ո՛չ էլ ապագաներին ենք սպասարկելու»:
Խոսելով Դատական օրենսգրքի փոփոխության մասին, որով Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար ՀՀ արդարադատության նախարարից և դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովից բացի, ԲԴԽ-ին դիմելու հնարավորություն է տրվում նաև ֆիզիկական և իրավաբանական անձանց՝ իրենց մասնակցությամբ կոնկրետ գործերով, դատավորը նշեց, թե դժվար է հասկանում այդ փոփոխության իմաստը, երբ այսօր էլ քաղաքացիները հնարավորություն ունեն դիմել արդարադատության նախարարին կամ հանձնաժողովին՝ դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար:
«Շատերի անունից կարող եմ ասել, որ այդ օրենքը շատ բացասական գնահատականի է արժանացել: Եվ վերջերս հանդիպում էր տեղի ունեցել Վերաքննիչ դատարանում ԲԴԽ անդամների հետ, և մենք մեր կարծիքը՝ բացասական առումով, ներկայացրել ենք այդ հարցի հետ կապված, որ գիտեք՝ ինչ կա, կա վարույթ հարուցող երկու սուբյեկտ՝ արդարադատության նախարար և մեր կարգապահական հանձնաժողովը, ես չեմ հասկանում, թե ո՞րն է երրորդ սուբյեկտն ավելացնելու իմաստը: Եթե քաղաքացին կարողանում է դիմել թե՛ կարգապահական հարցերի հանձնաժողովին, թե՛ արդարադատության նախարարին, որը գործադիր մարմնի ներկայացուցիչ է, անկեղծ ասած՝ այդ փոփոխության իմաստը ես չեմ կարողանում հասկանալ: Եթե ԲԴԽ-ի նպատակն է ազդեցության լծակներ ավելացնել դատավորների նկատմամբ, ես չեմ կարծում, որ ԲԴԽ-ն ունի այդ առաքելությունը, որովհետև ԲԴԽ-ի առաջնային առաքելություններից մեկը, որպես ինքնակառավարվող մարմին, դատավորներին պաշտպանելն է, և ոչ թե՝ դատավորների նկատմամբ լրացուցիչ լծակներ ձեռք բերելն է»,- նշեց Վազդեն Ռշտունին:
Անդրադառնալով նախագծով առաջարկվող մեկ այլ փոփոխության, որով ԲԴԽ-ին հնարավորություն է տրվում մի դատավորի վարույթում գտնվող գործը վերցնել, փոխանցել մեկ այլ դատավորի, Ռշտունին նշեց, թե դա կարող է դատավորների նկատմամբ վստահության խնդիր բարձրացնել:
«Կարծես թե ձևավորվում է ցանկալի և ոչ ցանկալի դատավորների ինստիտուտ. Օրինակ՝ նախկինում դատարանի նախագահը, այդ թվում՝ ես, ունեինք մակագրության լիազորություն, դա քննադատությունների էր ենթարկվում, և այլն: Հիմա համակարգչի միջոցով այդ գործերը մակագրվում են, այսինքն՝ պատահականության սկզբունքով է այդ ամեն ինչը լինում: Հիմա մի դատավորից վերցնել, տալ մյուս դատավորին… իհարկե, ԲԴԽ ներկայացուցիչներն ասում են, որ «մենք այդ կարգերը հստակ կսահմանենք», բայց կարծում եմ՝ դա նախատեսելու անհրաժեշտություն էլ չկար, որ մի հատ էլ նոր կարգեր սահմանվեին դրա հետ կապված: Ու կարծեք թե ստացվում է մի իրավիճակ, որ դատավորի նկատմամբ նաև վստահության խնդիր կա: Եթե ԲԴԽ-ն մի դատավորից վերցրեց՝ որպես բարդ գործ, հանձնեց այդ գործը մեկ այլ դատավորի, կողմի մոտ այդ դատավորի նկատմամբ անվստահություն է առաջացնելու: Ու նաև հակառակ տեսանկյունից նայենք, որ մյուս կողմից էլ կարող է այն կողմի մոտ, ում գործը վերցվեց մի դատավորից, հանձնվեց մյուսին, անվստահություն առաջանա այն մյուս դատավորի նկատմամբ, որ «գիտեք՝ ինչ կա, ինչի՞ հատուկ տվեցին նրան, որ այդ գործը քննի»»,- ասաց Վերաքննիչ քրեական դատարանի նախագահը: