Քաղաքական մուղամի ժամանակները

Քաղաքական խոսքի անպատասխանատվությունը Հայաստանում քրոնիկ արատ է։ Թեև այն հայկական քաղաքականությանն ուղեկցել է միշտ, իսկ գուցե եղել է դրա հիմնական բաղկացուցիչը, բայց հիմա դարձել է առավել ցայտուն ու համատարած։ Խոսքի հանդեպ պատասխանատվություն չունեն ոչ մեկը՝ ո՛չ իշխանությունը, ո՛չ ընդդիմությունը, ո՛չ մտավորականներն ու մնացյալ խոսքասացները։

Երևի նաև այն պատճառով, որ քաղաքականության մեջ բանը՝ միտքը, գաղափարը, խոհը, վաղուց իրենց տեղը զիջել են հույզին՝ ատելությանը, հայհոյանքին, նախանձին, հավատին կամ անհավատությանը։

Ու այդպես անպատասխանատու հնչում է խոսքը Հայաստանում ամենուր ու ամեն օր։

Իշխանությունն իր նախորդներին է առանց դույզն-ինչ պատասխանատվության որակում «հանցագործ», «թալանչի», «կաշառակեր», ընդդիմությունը, հաշվի առնելով նվաստացուցիչ ու խայտառակ պարտությունը, Նիկոլ Փաշինյանին է որակում «դավաճան», «հողատու» կամ «գործակալ»։ Երկու դեպքում էլ, ընդ որում, խոսքը կոնկրետ ու հասցեական քրեական հանցագործությունների մասին է, որոնք կարող են որևէ մեկի հասցեին ուղղված մակդիր դառնալ միայն օրինական ուժի մեջ մտած դատավճիռներով։

Բայց քանի որ Հայաստանում դատավոր են բոլորը, իսկ վերջերս էլ Նիկոլ Փաշինյանը քաղաքացիներին առաջարկեց ընտրել իրեն՝ նախկիններին դատելու համար, դատավճռի առկայություն պահանջող որակավորումները սովորական խոսույթի մաս են դարձել։ Նաև այն պատճառով, որ հանրությունը երկու կողմերից էլ սիրում է լսել իր համար ատելի գործիչերի մասին առնազն մեկ-երկու տասնամյակ ազատազրկում նախատեսող դատավճիռներ։ Առանց օրինական դատավճռի, բնականաբար։

Անպատասխանատու խոսքի այս շքահանդեսի թշվառությունն այն է, որ հրապարակավ իրար պախարակողները համաձայնություններ են կնքում անհրապարակ առևտրում, թալանչիները բարիշում են դավաճանների հետ, գործակալները դառնում են կոռումպացվածների դաշնակից՝ անվանապես կամ ոչ ֆորմալ եղանակներով կիսելով իշխանությունը։

Հանրությունն անկոչ հանդիսատեսի նման հետևում է անպատասխանատվության այս ցուցքին, քանի որ ընդհանուր առմամբ այդ անպատասխանատվության հեղինակն ինքն է՝ իր ընտրությամբ ու չընտրությամբ, համակրանքներով ու ատելությամբ, ծափերով ու դմփ-դմփ-հու-երով։

Այս իրավիճակը ձեռնտու լինելով քաղաքական կրկեսի բոլոր մասնակիցներին, առաջին հերթին և ամենաշատը ձեռնտու է իշխանությանը՝ Նիկոլ Փաշինյանին, ով նաև այդ խորքային անպատասխանատվության շնորհիվ կարողացավ իշխանությունը պահպանել դժոխային պայմաններում, երբ նրա իշխանությունը կշռում էր համարյա բունկերի պահակի կարողություններին հավասար։

Ահա այդ իրավիճակում՝ բունկերը բանտախցի հետ փոխարինելու անխուսափելի հեռանկարի պայմաններում, նա կարողացավ քաղաքական դաշտն աղմկահարել այնպես ու այնքան, որ այսօր պատրաստվում է ընտրություններ անցկացնել՝ բունկերի իշխանությունն արդեն ոչ թե մեկուսարանի, այլ բանտապահի բռնակալության փոխարինելու ոչ այնքան թաքուն երազանքով։

Նրան այդ հարցում օգնեցին շատերը, այդ թվում՝ դրսից։

Քաղաքականությունը խոսքի զբաղմունք է։ Բայց երբ խոսքն անպատասխանատու է ու նաև անարժեք, քաղաքականությունը վերածվում է առավել անպատասխանատուներից ամենաանպատասխանատուի մենախոսության, որը հնչում է մնացյալի քաղաքական մուղամի ընկերակցությամբ։

Այն հատկապես հաճելի է ադրբեջանական աղքատիկ մշակույթի թաքնված սիրահարների համար։

Արշավիր Իշխանյան

Տեսանյութեր

Լրահոս