Ատոմ Ջանջուղազյանն ինչ որ ասել է, իրականում պետք է ահազանգող լինի կառավարության համար․ Վարդան Արամյան

Հայաստանի պետական պարտքը գերազանցել է Համախառն ներքին արդյունքի օրենքով նախատեսված առավելագույն 60 տոկոսը։

Կառավարության ապրիլի 22-ի նիստում Ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ այս ցուցանիշը կառավարությանը պարտավորեցնում է իրականացնել այնպիսի հարկաբյուջետային քաղաքականության նախագծում,  որպեսզի առաջիկա հինգ տարիներին պարտքը վերադարձվի 60 տոկոսից ցածր շեմի։

Թե որքանով է սա վտանգավոր՝ մասնագիտական շրջանակներից հնչող կարծիքները տարբեր են․ եթե կան մասնագետներ, որոնք նշում են բարձր ռիսկերի և անգամ հնարավոր ճգնաժամի մասին, իշխանական շրջանակներից, օրինակ,  վստահեցնում են՝ կառավարությունն ունի պետական պարտքի կառավարման ռազմավարություն և կկարողանա նվազեցնել պարտքային բեռը, անգամ ավելի մաքսիմալիստական որակումներ են հնչում՝ «թեկուզ պետական պարտքը ՀՆԱ-ի 100 տոկոսից էլ անցնի՝ ես ոչ մի ռիսկ ու վտանգ չեմ տեսնի»։

168.am-ը Ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանից  հետաքրքրվեց, թե ինչքանով է վտանգավոր պետական պարտքի օրենքով սահմանված շեմի գերազանցումը, և հնարավո՞ր է՝ առաջիկայում մեր պետությունը կանգնի պարտքը սպասարկել չկարողանալու խնդրի առջև, ի պատասխան՝ Վարդան Արամյանը նշեց․ «Մակարդակի առումով 60 տոկոսի շեմի գերազանցումը մեզ համար, անկասկած, մտահոգող է, բայց խիստ վտանգավոր է, թե ոչ՝ դժվար է ասել, որովհետև աշխարհի փորձը ցույց է տալիս, որ երկրներ կան, որոնք պարտքային ճգնաժամ են ունեցել պարտք/ՀՆԱ ցուցանիշի 38 տոկոսի սահմաններում՝ ինչպես Ռուսաստանը, և Արգենտինան՝ պարտք/ՀՆԱ ցուցանիշի 120 տոկոսի շրջանակներում։

Այստեղ մեխն այն է, որ պանդեմիայի կամ նմանատիպ շոկերի ժամանակ բոլոր երկրներն էլ նման իրավիճակների հետ բախվում են․ այսինքն՝ ստիպված են մեծ դեֆիցիտ տալ, որպեսզի կարողանան  դիմակայել այդ արտաքին շոկին։ Այստեղ պրոբլեմը ոչ թե ներկայում պարտք/ՀՆԱ ցուցանիշն է, այլ՝ ինչպիսին պետք է լինի ապագան»։

Մեր զրուցակիցը շեշտում է՝ ապագայում ավելի կոմֆորտ զոնայում լինելու համար պետք է շատ արագ իրականացնել հարկաբյուջետային կոնսոլիդացիա կամ, այլ կերպ ասած,  ֆինանսների կարգաբերում, այսինքն՝ իրականացնել ընթացիկ ծախսերի վերանայումներ,  կրճատումներ, և փոխարենը՝ փողերի ներարկում տնտեսական պոտենցիալը վերականգնելու համար։

Այս համատեքստում ֆինանսների նախկին նախարարը ներկայացրեց, թե այս ուղղությամբ  ինչ է արվել ու  ինչ պետք է արվի Հայաստանում․ «Այն, որ 2021 թվականի բյուջեն ներկայացվեց հարկաբյուջետային կանոնների խախտումով, դա սպասելի էր, քանի որ 2019 թ․-ին կառավարությունը չափից շատ սոցիալական բնույթի և այլ ընթացիկ պարտավորություններ վերցրեց իր վրա, որի հնարավորությունը չուներ։ Դեռ 2018 թվականից էին սկսել ամբոխահաճո հայտարարությունները՝  մենք բարձրացնում ենք ձեր թոշակները, աշխատավարձերը, բայց որպեսզի դու կարողանաս առանց վնասելու հարկաբյուջետային կայունությունը՝ ընթացիկ ծախսերի գծով նոր պարտավորություններ ստանձնես տեսադաշտում, պետք է ունենաս, թե առաջիկա հինգ, տասը տարիների ընթացքում արդյո՞ք քո տնտեսությունը ստեղծելու է բավարար կանխիկ հոսքեր, որպեսզի դու կարողանաս դրանցից հավաքագրվող հարկերի միջոցով այդ ծախսերը ֆինանսավորել։

Գործող կառավարությունը, որպեսզի կարողանա վտանգները չեզոքացնել, անխուսափելիորեն պետք է գնա կոնսոլիդացիայի՝ ընթացիկ ծախսերը կրճատի, քաջություն ունենա նախկինում վերցրած պարտավորությունները վերանայելու՝ փոխարենը՝ միջոցները վերաուղղելով կապիտալ ծախսերի և  հատկապես պաշտպանական նպատակների համար ուղղվող կապիտալ ծախսերին»։

Ի զորո՞ւ է կառավարությունը դա անել՝ հարցին Վարդան Արամյանը պատասխանում է հռետորական հարցով․ «Եթե նորմալ ժամանակահատվածում կառավարության վարքագիծն ավելի շատ ամբոխահաճո է եղել, ինպե՞ս կարող է ճգնաժամերի ժամանակ գնալ ոչ պոպուլյար քայլերի»։

Ճշգրտմանը, թե հնարավոր է, որ գործող կառավարության վարած քաղաքականության հետանքով նույնիսկ կանգնենք արտաքին պարտքը սպասարկել չկարողանալու խնդրի առա՞ջ, Վարդան Արամյանն արձագանքեց․ «Ներկայիս կառավարության տնտեսական քաղաքականությունը՝ հատկապես հարկաբյուջետային քաղաքականությունը և պետական ֆինանսների կարգաբերումը, թույլ չի տալու, որպեսզի մենք արագ բարելավենք պարտք/ՀՆԱ ցուցանիշը, և դա արդեն վտանգ է»։

Արդյոք այդ ցուցանիշը բարելավելու համար Ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանի ուղենշած 5 տարին կամ 2026 թվականը անհավանակա՞ն է՝ մեր հարցին էլ Ֆինանսների նախկին նախարարը պատասխանեց․ «Այնպես չի, որ դա լավ ցուցանիշ է, և Ատոմ Ջանջուղազյանն ինչ-որ ասել է, այդ առումով իրականում պետք է ահազանգող լինի հենց նույն կառավարության համար։

Դա շատ պրոբլեմային է արդեն, որովհետև ընթացքում կյանքը զարգանալու է, հազարավոր հարցեր են լինելու։ Մենք պետք է  միշտ ֆիսկալ բարձիկներ ունենանք, որպեսզի,  Աստված մի արասցե, եթե նորից արտաքին շոկ լինի, կարողանանք արդյունավետ դիմակայել, իսկ որքան պարտք/ՀՆԱ ցուցանիշը շեղված է իր կոմֆորտ մակարդակից, այնքան փոքր է  երկրի հնարավորությունները՝ նոր ֆինանսական ռեսուրս ներգրավելու միջոցով դիմակայել արտաքին ցնցմանը: Իսկ այս դեպքում ստացվում է՝ այդպիսի զոնայի մեջ մտնելու ենք 2026 թվին։ Դա նաև նշանակում է, որ այս պահից պետք է շատ կոշտ միջոցներ ձեռնարկել, և որքան ուշանում է, այնքան կամ վաղվա ձեռնարկվելիք միջոցները պետք է կոշտանան, կամ 2026թ.-ը հեռանա։

Մեր ընթացիկ ծախսերը պետք  է վերանայենք, դա բավականին մեծ շռայլություն է մեզ համար։ Ես շատ լավ հասկանում եմ՝ բոլորն էլ փողի կարիք ունեն, բայց ես՝ որպես ֆինանսիստ,  չեմ կարողանում հասկանալ, օրինակ,  ոստիկանների աշխատավարձերի կրկնակի բարձրացումը․ եթե բարձրացնում եք ուժայինը, ուրեմն բոլորինը պետք է բարձրացնեք ուժային համակարգում խեղումներ չմտցնելու համար, ու տակը պետք է դնեք հիմնավորվածություն։ Փողը երբ ծախսում ես, պետք է էֆեկտ ունենաս․ եթե հազար դրամ ես ծախսում, պետք է հազար դրամի արդյունք ունենաս, եթե դու ծախսում ես, բայց ստանում ես զրո արդյունք, նշանակում է՝ անարդյունավետ ծախս, ինչը շատ վտանգավոր է»։

Հիշեցնենք՝ դեռ մարտ ամսին կառավարությունը չզեկուցվող նախագծով որոշեց ավելացնել Պարեկային ծառայության աշխատողների աշխատավարձերը: Սա քաղաքական ու հասարակական տարբեր շրջանակներ որակել էին քաղաքական նպատակահարմարություն և Նիկոլ Փաշինյանի նախընտրական քարոզարշավի մաս։

Տեսանյութեր

Լրահոս