«Իրանական շրջանակներում նորից սկսել են խոսել, որ Սյունիք-Զանգեզուրի հավանական կորուստը աղետ է լինելու Իրանի ազգային անվտանգության և տարածքային ամբողջականության համար». Արամ Շահնազարյան
Ադրբեջանի նախագահը պարբերաբար խոսում է «Զանգեզուրի միջանցքի» մասին, վերջերս Ալիևը նույնիսկ սպառնացել էր, թե «Զանգեզուրի միջանցք են ունենալու՝ ուզում է Հայաստանը, թե ոչ. եթե ցանկանա, ավելի հեշտ այդ հարցը կլուծվի, եթե չուզի, ուժով կլուծեն»։
Թե ինչպես են Զանգեզուրի, Մեղրիի միջանցքի մասին ադրբեջանական հայտարարություններն ընդունվում Իրանում, 168.am-ի հետ զրույցում Alikonline-ի պատասխանատու-խմբագիր Արամ Շահնազարյանը նշեց, որ Իրանում մտահոգությամբ են հետևում Մեղրիի կամ, այսպես ասած, Զանգեզուրի միջանցքի հետ կապված զարգացումներին:
«Թեհրանում թե պետական, և թե փորձագիտական ու լրագրողական շրջանակները քաջ գիտակցում են, որ նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն հայտարարության մեջ ներառված 9-րդ կետի, այսինքն, Մեղրիի միջանցքի կյանքի կոչումը ցանկացած ձևաչափով ինչ անվտանգային հետևանքներ կարող է ունենալ Իրանի ազգային անվտանգության համար: Եվ հենց դա է խնդիրը, որ իրենց մեծապես մտահոգում է այս վտանգավոր գաղափարի կյանքի կոչումը: Չմոռանանք հենց պատերազմից հետո արտգործնախարար Զարիֆի այցը Հայաստան և իր կատարած հայտարարությունը, որտեղ նա նշեց՝ ՀՀ տարածքային ամբողջականությունն Իրանի Իսլամական Հանրապետության համար կարմիր գիծ է: Խոսքն ուղղակիորեն վերաբերում էր ՀՀ հարավային շրջաններին, մասնավորապես, Սյունիքին, Մեղրիի միջանցքին: Իրենք գիտեն՝ եթե այդ կապը կտրվի, եթե այդ միջանցքը կամ Սյունիք-Զանգեզուրն անցնի թուրք-ադրբեջանական ալյանսի վերահսկողությանը, ինչպիսի անվտանգային հետևանքներ կլինեն Իրանի համար՝ թե ազգային անվտանգության, և թե տարածքային ամբողջականության առումով: Իզուր չէ, որ այս պահին Իրանում պանթուրքիստական, անջատողական շրջանակները փորձում են անընդհատ թմբկահարել հենց Մեղրիի միջանցքի հարցը:
Նրանք փորձում են կարևորել սա՝ նշելով, որ այն պատերազմում Ադրբեջանի հաղթանակի կարևոր ձեռքբերումներից մեկն է: Ավելին, նրանք չեն վարանում խոսել, որ սա իրենց մեծ նպատակների կյանքի կոչման հանգրվաններից մեկն է, և եթե հաջողվի իրենց ստանալ Մեղրիի միջանցքը և վերահսկողություն սահմանեն Սյունիք-Զանգեզուրի վրա, ապա գալու է հաջորդ փուլը և, ըստ իրենց, հարավային Ադրբեջանը, այսինքն, Իրանի Արևմտյան և Արևելյան Ատրպատական նահանգները, Արդաբիլի նահանգը, այլ կերպ՝ թրքախոս շրջանները հասած խնձորի պես ընկնելու են իրենց գիրկը, և իրականանալու է իրենց երազանքը՝ Մեծ Ադրբեջանի կյանքի կոչումը»,- ասաց նա՝ հավելելով, որ այս ամենը Իրանի փորձագիտական շրջանակները տեսնում են, և շարունակվում են քննադատությունները Իրանի իշխանությունների հասցեին, որ նրանց պասիվ քաղաքականության արդյունքում Իրանը տանուլ տվեց դիրքերը հարավկովկասյան իրադարձություններում և վերածվեց ոչ ազդեցիկ խաղացողի:
Հիշեցնենք, որ եռակողմ հայտարարության 9-րդ կետում ասվում է.
«Տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակվում են: Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է տրանսպորտային կապերի անվտանգությունը Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև` երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու համար: Տրանսպորտային հաղորդակցության հսկողությունն իրականացնում են ՌԴ ԱԴԾ Սահմանապահ ծառայության մարմինները:
Կողմերի համաձայնությամբ կապահովվի Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը և Ադրբեջանի արևմտյան շրջանները կապող տրանսպորտային նոր ուղիների շինարարությունը»:
Անդրադառնալով ադրբեջանական այն պնդումներին, թե «զանգեզուրյան միջանցքի» կյանքի կոչումը տնտեսական շահեր է պարունակում նաև Իրանի համար, Արամ Շահնազարյանը շեշտեց՝ այն, ինչ կապված է, կամ այն ռիսկերը, որոնք բխում են այս ծրագրից՝ կապված Իրանի ազգային անվտանգության և տարածքային ամբողջականության հետ, անհամեմատ ավելին են, քան ենթադրյալ տնտեսական շահերը, որոնց մասին խոսում են, և որոնք կարող է ունենալ Իրանն այս միջանցքի ստեղծումից, ինչի վրա փորձում է «խաղալ» Ադրբեջանը:
«Մի կարևոր գործոն և հանգամանք չպետք է մոռանանք, որ Իրանը բոլորովին վերջերս Չինաստանի հետ կնքեց 25 տարվա համագործակցության պայմանագիր: Այն շատ լուրջ է՝ թե՛ ռազմաքաղաքական, թե՛ տնտեսական առումով, և կարող է մեծ փոփոխություններ մտցնել Մերձավոր Արևելքի, մասնավորապես, Պարսից ծոցի ռազմաքաղաքական և տնտեսական հաշվարկներում, իրադարձություններում: Եվ այդ պայմանագրի լիարժեք կյանքի կոչման կամ գործելու գրավականներից մեկն էլ կապն է Իրանից դեպի հյուսիս»,- մանրամասնեց Alikonline-ի պատասխանատու-խմբագիրը՝ լրացնելով, որ եթե Մեղրիի միջանցքը կյանքի կոչվի, Իրանը մեծ կախվածության մեջ կմտնի Ադրբեջանից և Թուրքիայից այս ծրագիրը կյանքի կոչելու համար: Մի բան, որ Իրանը բացարձակ չի ցանկանա:
Անցած տարվա դեկտեմբերին Արամ Շահնազարյանը 168.am-ի հետ զրույցում նշեց՝ իրանական փորձագիտական շրջանակները փորձում են գեներացնել այն տեսակետը, որ, եթե պիտի Մեղրիի միջանցք տրվի Ադրբեջանի և Նախիջևանի միջև կապ հաստատելու համար, այդ դեպքում պետք է համարժեք և համաչափ մի միջանցք էլ տրվի Նախիջևանի տարածքով, որպեսզի Իրանը կարողանա կապ ունենալ ՀՀ-ի հետ, ինչո՞ւ չէ՝ ՀՀ-ի վրայով դեպի հյուսիս:
«Այս մասին արդեն խոսում են և հարաբերականորեն անվանում են «խաղաղության միջանցք»»,- ասել էր:
Շահնազարյանի կարծիքով, նման փոխանակումը, բնականաբար, հայկական կողմի համար անընդունելի տարբերակ կարող է համարվել: Մյուս կողմից, Ադրբեջանն ինքը չի համաձայնի դրան:
«Չեմ կարծում, որ թուրք-ադրբեջանական ալյանսը համաձայնի նման տարբերակի, երբ իրենք հաղթած են և կարողանում են ՀՀ կապիտուլյանտ իշխանություններին ցանկացած բան պարտադրել: Երբևէ չեն գնա նման քայլի, որ միջանցք լինի Հայաստան-Իրան կապի ապահովման համար: Բացի այս, կրկնում եմ՝ իրանական շրջանակներում նորից սկսել են խոսել այն մասին, որ սա որևէ հարց չի լուծի, և Սյունիք-Զանգեզուրի հավանական կորուստը դա աղետ է լինելու նաև Իրանի ազգային անվտանգության և տարածքային ամբողջականության համար, և Իրանի դերակատարությունը հասցնելու է գրեթե զրոյականի հարավկովկասյան ռազմաքաղաքական և տնտեսական իրադարձություններում»,- եզրափակեց Արամ Շահնազարյանը: