«Իրանում գեներացնում են այս տեսակետը, որ՝ եթե պիտի Մեղրիի միջանցք տրվի Ադրբեջան-Նախիջևան կապի համար, մի միջանցք էլ պիտի տրվի Նախիջևանի տարածքով, որ Իրանը կարողանա կապ ունենալ ՀՀ-ի հետ և ՀՀ-ի վրայով դեպի հյուսիս»

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում զորահանդեսի ժամանակ հայտարարել է, թե՝ «Զանգեզուրը, Գյոյչան (Սևան), Իրևանը (Երևանը) մեր պատմական հողերն են»:

Որքանո՞վ է Իրանին մտահոգում այս հայտարարությունը, մաասնավորապես, Զանգեզուրի մասով, 168.am-ի հետ զրույցում Alikonline-ի պատասխանատու-խմբագիր Արամ Շահնազարյանը նշեց, որ Իրանից, միանշանակ, մեծ մտահոգությամբ են հետևում իրադարձություններին:

«Մասնավորապես, իրենց լրագրողական, փորձագիտական շրջանակները, նաև՝ ավելի պահպանողական, արդեն խոսում են իրենց արտգործնախարարության, և ընդհանրապես կառավարության ձախավեր քաղաքականության մասին, այդ թվում՝ այս վերջին պատերազմի ժամանակ Ադրբեջանի և ՀՀ-ի հետ կապված: Եվ խիստ քննադատության է ենթարկվում այդ քաղաքականությունը: Իրենք նշում են, որ այս պատերազմն ուներ երկու հաղթող կողմ՝ առաջինը Ռուսաստանն էր, երկրորդը՝ Թուրքիան, և ուներ երկու պարտվող կողմ՝ առաջինը ՀՀ-ն, էր, երկրորդը՝ Իրանը: Այս համատեքստում հատկապես մտահոգում է Մեղրիի պահը, այն միջանցքը, որ պետք է տրամադրվի, առհասարակ, Զանգեզուրի և ՀՀ-ի հարավային շրջանների ճակատագիրը: Արդեն իրանական փորձագիտական շրջանակները փորձում են գեներացնել այն տեսակետը, որ, եթե պիտի Մեղրիի միջանցք տրվի Ադրբեջանի և Նախիջևանի միջև կապ հաստատելու համար, այդ դեպքում պետք է համարժեք և համաչափ մի միջանցք էլ տրվի Նախիջևանի տարածքով, որպեսզի Իրանը կարողանա կապ ունենալ ՀՀ-ի հետ, ինչո՞ւ չէ՝ ՀՀ-ի վրայով դեպի հյուսիս: Այս մասին արդեն խոսում են և հարաբերականորեն անվանում են «խաղաղության միջանցք»»,-  նշեց նա՝ հավելելով, որ բազմաթիվ փորձագիտական հոդվածներ են տպագրվում այն մասին, որ Իրանի՝ Հարավային Կովկասում արտաքին քաղաքականությունը տանուլ է տրվել, այսինքն, դրսևորվել է պասիվ քաղաքականություն:

«Եվ երբ Իրանը որոշեց նախաձեռնությամբ հանդես գալ, մասնավորապես, Իրանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Աբբաս Արաքչին միջնորդական առաքելությամբ եղավ ՌԴ-ում, Բաքվում և Երևանում, արդեն ուշացած էր այն: Եվ ոչ ոք այդ նախաձեռնությանը ուշադրություն չդարձրեց, հատկապես, որ հայտարարության ձևակերպումն այնպիսին էր, որ հայկական կողմը չէր կարող դրական արձագանքել: Ադրբեջանին էլ այդքան չէր հետաքրքրում Իրանի միջնորդական առաքելությունը, որովհետև իրենք քայլ առ քայլ ձեռք էին բերում այն, ինչ ցանկանում էին: Երկրորդ՝ Ռուսաստանն արդեն իր քաղաքականությունն էր վարում տարածաշրջանում, Թուրքիան ևս արդեն ներկա էր տարածաշրջանում և ռուսների հետ բանակցությունների մեջ էր, իսկ Իրանը խաղից դուրս էր մնացել»,- մանրամասնեց Արամ Շահնազարյանը՝ նշելով, որ Իրանն արդեն 130 կմ հավելյալ սահման ունի Ադրբեջանի հետ, ինչը մտահոգում է: Մտահոգիչ է նաև, որ Թուրքիան Հարավային Կովկասում ունի թե ռազմական ներկայություն, և թե խիստ տնտեսական և քաղաքական ազդեցություն Ադրբեջանի վրա:

«Բնականաբար, Իրանի համար մտահոգիչ է նաև, որ Սիրիայից տեղափոխված ահաբեկիչները դեռևս մնում են տարածաշրջանում, որոնք անվտանգային լուրջ վտանգ են ներկայացնում: Կա նաև պանթյուրքիզմի լուրջ վտանգ, դա այստեղ շատ լուրջ զգում են: Եվ այն ոգևորությունը, որ կա Իրանի պանթյուրքիստական շրջանակներում պատերազմում տարած հաղթանակի հետ կապված, դա նույնպես մտահոգում է իրենց՝ Իրանին»,- լրացրեց Alikonline-ի պատասխանատու-խմբագիրը:

Ըստ Արամ  Շահնազարյանի՝ այսօր Իրանը փորձում է ամեն գնով ակտիվացնել հարաբերություններն Ադրբեջանի հետ:

«Իրենց ԱԳ նախարարն էր այստեղ, նախատեսվում է Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Զարիֆի այցը Բաքու: Փորձ է արվում ապահովել տնտեսական և քաղաքական ներկայություն Ադրբեջանում, ինչը Իրանի փորձագետների մի մասի կարծիքով՝ սխալ քաղաքականություն է, հեռուն տանող չէ»,- նշեց նա:

Ավելի ուշ պարզ դարձավ, որ է Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Զարիֆն արձագանքել է դեկտեմբերի 10-ին Բաքվում զորահանդեսի ժամանակ հնչած հայտարարություններին: Մասնավորապես, նա անդրադարձել է Էրդողանի ելույթին, որի ժամանակ նա հատված է կարդացել Արաքս գետի մասին ինչ-որ բանաստեղծությունից, որն Իրանում համարում են անջատողական բովանդակությամբ բանաստեղծություն: Զարիֆը, մասնավորապես, նշել է, որ Էրդողանին չեն տեղեկացրել, որ Բաքվում իր ասածը վերաբերում է Արաքսի հյուսիսում Իրանի տարածքների բռնագրավմանը, և շեշտել, որ ոչ մեկը չի կարող խոսել իրենց սիրելի Ատրպատականի մասին

«Նա չի՞ հասկանում, որ խարխլում է Ադրբեջանի Հանրապետության ինքնիշխանությունը»,- գրել է Իրանի ԱԳՆ ղեկավարը:

Տեսանյութեր

Լրահոս