«Եթե Փաշինյանը վերարտադրվի, դրա արդյունքում Արայիկ Հարությունյանը կամրապնդվի Արցախում, և կարճ ժամանակ անց կկորցնենք Արցախը». Արցախի ԱԺ պատգամավոր

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ապրիլի 28-ին պետական կառույցների ղեկավարների հետ հանդիպելու ժամանակ հայտարարել էր, որ Արցախի 44-օրյա պատերազմի ելքն իր համար պարզ էր դեռևս հոկտեմբերի սկզբին։

«Պատերազմի հետևանքները պարզ են եղել արդեն հոկտեմբերի սկզբին, սակայն հայաստանյան քաղաքական ուժերի հետ ընդհանուր հայտարար չի եղել: Չի ձևավորվել քաղաքական կոնսենսուս կամ միասնական կարծիք ընդդիմադիր, իշխանամետ ուժերի, իշխանության միջև, և կարծես թե պատերազմը կանգնեցնելն այդ օրերին համարում էին դավաճանություն»,- ասել էր Արայիկ Հարությունյանը։

168.am-ի հետ զրույցում  Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» կուսակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանն անդրադառնալով Արայիկ Հարությունյանի այս հայտարարությանը՝ նշեց, որ նրա ցանկացած խոսք, հայտարարություն պետք է ընդունել՝ որպես հաղորդում հանցագործության մասին, և հրավիրել իրավապահ մարմինների ուշադրությունը։

«Եթե Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի սկզբին գիտեր պատերազմի ելքը, ապա դա նշանակում է, որ ինքը գիտեր ամբողջ սցենարը, ինչն էլ իր հերթին՝ նշանակում է, որ նա այդ սցենարի գրողներից է ու նրանց հանցակիցը։ Բնականաբար, հիմա Արայիկ Հարությունյանը և Նիկոլ Փաշինյանը փորձում են գտնել քավության նոխազներ, որի արդյունքում փորձում են ընդդիմությանը թիրախավորել։ Հասկանալի է, չէ՞, որ առաջիկա ընտրություններում Արայիկ Հարությունյանը պետք է աջակցի Նիկոլ Փաշինյանին, որովհետև երաշխիքը, որ Ա. Հարությունյանը կմնա իշխանության, դա Փաշինյանի վերընտրվելն է։ Բնականաբար, դրա համար ամեն կերպ պետք է աջակցի Նիկոլ Փաշինյանին, հիմա հասկանալի է, որ պետք է թիրախավորեն նաև ընդդիմությանը, սա էլ այն դեպքում, երբ ընդդիմությունը որոշումներ կայացնող չէր պատերազմի ժամանակ։ Հետևաբար՝ այս ամենը ֆիլմ է, ընդ որում՝ էժանագին ֆիլմ, որը նախատեսված է այն մարդկանց համար, ովքեր աջակցում են Նիկոլ Փաշինյանին։ Այս ձևով փորձում են ամրապնդել Նիկոլի դիրքերը, ինչից ելնելով՝ նաև Ա. Հարությունյանի դիրքերը»,- նշեց Մետաքսե Հակոբյանը։

Ըստ նրա՝ Արայիկ Հարությունյանն իր հայտարարության մեջ նաև տգեղ խոսքեր է հնչեցրել 90-ականների իշխանությունների վերաբերյալ՝ նրանց մեղադրելով Շահումյանի հայաթափման մեջ, այն պարագայում, երբ այսօր իր շնորհիվ Արցախն աստիճանաբար հայաթափվում է։

«Աստված ոչ անի, եթե Նիկոլ Փաշինյանը վերարտադրվի, որի արդյունքում  Արայիկ Հարությունյանը կամրապնդվի Արցախում, կարճ ժամանակ անց կկորցնենք Արցախը։ Դրանից հետո Արցախում որևէ մեկը չի բնակվի»,- շեշտեց նա։

Պատգամավորի դիտարկմամբ՝ Արայիկ Հարությունյանն այս հայտարարությունն արել է մի քանի նպատակներով, դրանով օգնում է ոչ միայն Նիկոլ Փաշինյանին, այլև իր դիրքերն է ամրապնդում՝ իր վրայից մեկ անգամ ևս «մեղավորության փոշին թափ տալով»։

«Արայիկ Հարությունյանը փորձում է երկու կողմերի վրա խաղալ, մի կողմից՝ ներկայիս իշխանությունների հետ, մյուս  կողմից՝ նույնն անում է ընդդիմության նկատմամբ, հետո, երբ ժամանակը գա, ինքն իր խոսքերը կներկայացնի հաղթող կողմին այնպես, ինչպես պետք է։ Արայիկ Հարությունյանին այսօր ձեռնտու է, որպեսզի Նիկոլ Փաշինյանը վերարտադրվի, քանի որ այսօր Արցախում հանցավոր անտարբերություն է իշխանությունների կողմից, ուղղակի ցինիկ պահվածքով պինդ գրկել են աթոռները և որևէ բան չեն անում։ Շատերը գուցե իմ խոսքը չընկալեն, որովհետև չեն պատկերացնում։ Հավատացեք, իշխանություններն Արցախում ոչինչ չեն անում, միայն խոսում են։ Նրանք ժամանակ են շահում, որովհետև լինելով իշխանության մեջ՝ իրենք այս պահին անվտանգ են»,- հավելեց նա։

Միաժամանակ նա ընդգծեց, որ չի կարծում, որ երկրի ղեկավարը կարող է այնքան տգետ լինել, որ ուղղակի լեզվի սայթաքումներ ունենա։

«Եթե նկատել եք՝ Արայիկ Հարությունյանի առջև թուղթ էր դրված, որտեղ նրա խոսքը գրված էր, ինքը ժամանակ առ ժամանակ կարդում էր։ Կրկնում եմ՝ այդ հայտարարությունը հաղորդում էր հանցագործության մասին, այդ ընթացքում մեր ունեցած զոհերի համար պատասխանատուն իրենք են, որովհետև բոլորս էլ գիտակցում ենք, որ վաղ թե ուշ Հարությունյանը և Փաշինյանը չեն լինելու, մենք միանշանակ կարողանալու ենք հետ բերել մեր կորուսյալ հայրենիքը, գոնե սկզբում՝ Շուշին ու Հադրութը։ Բայց որքան էլ անցնի ժամանակ, բայց այլևս չենք կարողանալու հետ բերել մեր զոհված երեխաներին, հայրերին ու եղբայրներին, հենց սրա համար պետք է պատասխան տան Արայիկ Հարությունյանը և Նիկոլ Փաշինյանը»,- եզրափակեց Մետաքսե Հակոբյանը։

Տեսանյութեր

Լրահոս